Մշակույթ

Ֆիլմեր, որոնք արժե դիտել

Ֆիլմեր, որոնք արժե դիտել

«Ձախլիկը»

Ռուսական կինովարձույթ է դուրս եկել Վլադիմիր Բեսեդինի «Ձախլիկը» պատմական կինոնկարը, որի հիմքում Նիկոլայ Լեսկովի համանուն վիպակն է։ Ֆիլմը հանդիսատեսին տեղափոխում է 19-րդ դարի վերջի Ռուսական կայսրություն։ Կայսրական գահ է բարձրանում Ալեքսանդր 3-րդ ցարը, որի կերպարը մարմնավորել է Արթուր Իվանովը։ Պետերբուրգը շողշողում է տոնական զարդարանքների եւ եռագույն կայսրական դրոշների մեջ։ Կայսրությունը զարգանում է, ընդարձակվում, սակայն նաեւ բախվում ոչ այնքան բարեկամաբար տրամադրված հարեւաններին։ Աֆղանստանում բախվում են ռուսական եւ բրիտանական շահերը։ Աշխարհաքաղաքական դիմակայությունը սպառնում է վերածվել կա՛մ սահմանային ռազմական բախման, կա՛մ ներքին խժդժությունների եւ հեղափոխության, ինչը շատ ավելի վատ սցենարային զարգացում է։ Ռուսական մայրաքաղաքում՝ ամենուր կարելի է հանդիպել լրտեսների եւ գործակալների։

Նույնիսկ կայսրական պալատում կան լրտեսներ եւ գործակալներ։ Կայսրական պալատ են ներթափանցել մեխանիկական լրտեսական միջատներ։ Դրանցից մեկին հայտնաբերում է երիտասարդ սպա Պյոտր Օգարեւը, որի կերպարը մարմնավորել է Ֆյոդոր Ֆեդոտովը։ Նա որոշում է բացահայտել այդ անսովոր մեխանիկական միջատի գաղտնիքը եւ իր հետաքննության ընթացքում որոշում է ներգրավել Տուլայում ապրող ինքնուս գյուտարար Ձախլիկին, քանի որ միայն նա կարող էր հասկանալ, թե դա ինչ է եւ ինչ նպատակի համար է ծառայեցվում։ Ձախլիկն էլ համաձայնում է գնալ Պետերբուրգ, եթե պետությունն իրեն վերադարձնի իրենից խլված որդիներին։ Մասնագետներն արձանագրել են արդեն ամենից ակնհայտը՝ կինոնկարում միայն վերնագիրը, հերոսների անուններն ու մի շարք այլ մանրամասներ են, որ հիշեցնում են Լեսկովի վիպակը։ Մնացածն արդեն սցենարիստների երեւակայության ու մտքի թռիչքի արդյունքն է։

Սա դասական դետեկտիվի ժանրով զարգացող կինոնկար է, երբ նախ մտածում են, թե հանցագործը սա է, հետո՝ նա, եւ այսպես՝ սկսում հետապնդել կասկածյալներին, մինչեւ կբացահայտեն ճշմարտությունը։ Հետաքրքիր եւ դինամիկ այս ֆիլմն արժե դիտել ոչ միայն պատմական կոնտեքստի եւ բավականին լավ բովանդակային կառուցվածքի, այլ նաեւ այն պատճառով, որ կինոնկարը դիտողին «թուլանալու»՝ ձանձրանալու հնարավորություն չի տալիս, եւ գործողությունները զարգանում են բավականին արագ։

«Պոնին»

Բեաթրիս Գրանթը, որի կերպարը մարմնավորել է Էմիլիա Քլարկը, սուսուփուս կին է` բարձրագույն կրթությամբ, բարեկիրթ շարժուձեւով։ Ամեն կերպ փորձում է հարմարվել 1970-ականների Մոսկվայի կյանքին։ Ամուսինը ծառայում է դեսպանատանը, որը միշտ եղել է Կենտրոնական հետախուզական վարչության գործակալների քողարկման վայր։ Ամերիկացի դիվանագետ ամուսինների բնակարանում գաղտնալսող սարքերը սովորական բան են, իսկ նրանց կրնկակոխ հետեւում է խորհրդային ՊԱԿ-ը։ Նորմալ մթերքներ ճարելը մեծ խնդիր է։ Ամենուր դեֆիցիտ է եւ հերթեր։ Բեաթրիսը ռուսերեն խոսում է, սակայն կենցաղային բոլոր հարցերը լուծում են մեկ այլ կնոջ՝ նույնպես դեսպանատան աշխատակցի կնոջ` Թվայլա Հասբեքի միջոցով, որին մարմնավորել է Հեյլի Լու Ռիչարդսոնը։ Երբ լրտես ամուսիններին սպանում են, կանայք մտնում են նրանց փոխարեն «խաղի մեջ»։ Հատկապես, որ հետախուզության ղեկավար Վոլթերը՝ Էնդրիան Լեսթերը, որոշում է, որ խորհրդային հատուկ ծառայությունների ուշադրությունը նրանք դժվար թե գրավեն։ Գրավիչ եւ արկածներով լեցուն սերիալ, որտեղ կարելի է տեսնել ե՛ւ խորհրդային 70-ականների կյանքը, ե՛ւ ԿԳԲ-ի գործակալների հավաքագրումը, ե՛ւ ժանրին հատուկ մյուս էլեմենտները։ Սերիալի հեղինակներն արել են ամեն բան՝ խորհրդային մթնոլորտն ապահովելու համար։ Նույնիսկ հատուկ խորհրդական են վարձել, որ ռուսական խորհրդավոր կենցաղի մանրամասները վերականգնեն։ Սերիալի ռեժիսորներն ու սցենարիստներն են Սյուզան Ֆոգելը, Վյետ Իգուենն ու Էլի Պանկիվը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image