Հասարակություն

«Հրապարակ». Հ1-ում դաժան բարքեր են եւ գրաքննություն

«Հրապարակ». Հ1-ում դաժան բարքեր են եւ գրաքննություն

Հանրային հեռուստաընկերությունում տիրող բարքերի վերաբերյալ մեզ բավականին տարօրինակ, եթե չասենք` սահմռկեցուցիչ տեղեկություններ են հասանելի դարձել: Դրանք համադրելիս տպավորություն է ստեղծվում, որ ոչ թե հեռուստաընկերության մասին է խոսքը, այլ ինչ-որ համակենտրոնացման ճամբարի։ Նախ նշենք, որ Հանրային հեռուստաընկերությունից, հավանաբար` չդիմանալով պայմաններին, որոշ աշխատակիցներ են հեռացել, չնայած բարձր վարձատրությանը: Բայց «առանձնակի դաժան» են լուրերի բաժնում հաստատված բարքերը։

Հ1-ի նախկին աշխատակիցներից մեկը, որը խնդրեց իր անունը չհրապարակել, օրերս մեզ պատմեց, որ Հանրայինի շենքի ողջ տարածքում առկա են տեսախցիկներ, որոնցով օրվա ընթացքում անընդհատ հետեւում են աշխատակիցներին, իսկ վերջերս տեսախցիկներին նաեւ միկրոֆոններ են ավելացել, որոնք տեղադրված են աշխատանքային զոնայի տարբեր հատվածներում, եւ որոնցով լսում են, թե աշխատակիցներն աշխատանքի ընթացքում ինչ են խոսում միմյանց հետ։ Մեր զրուցակիցը պատմեց, որ եթե աշխատանքի ընթացքում ինչ-որ բան խոսելու անհրաժեշտություն է առաջանում, փորձում են հնարավորինս առանց ժեստերի խոսել, որպեսզի ավելորդ ուշադրություն չգրավեն, եւ իրենց խոսակցության վրա չֆիքսվի ղեկավարությունը։ Եղել են նաեւ աշխատակիցներ, որոնց խոսակցությունները լսվել են, ապա վերջիններիս կանչել` պարզաբանումներ են պահանջել։

Մեր զրուցակիցը նաեւ պատմեց Հ1-ում առկա եւ պարբերաբար թարմացվող սեւ ցուցակների մասին։ Այդ ցուցակներում տեղ են գտնում այն մարդկանց անունները, որոնք չպետք է եթերում երեւան։ Խոսքը ոչ միայն նրանց չլուսաբանելու, հյուր չկանչելու, նրանց մասնակցությամբ ռեպորտաժներ չպատրաստելու մասին է, այլեւ նրանք առհասարակ կադրում չպետք է երեւան։ Այդ ցուցակներում տեղ են գտել զանազան քաղաքական ու մշակութային, հասարակական գործիչներ, որոնք երբեւէ գործող իշխանությունների հասցեին թեկուզ մեկ թթու խոսք են հնչեցրել կամ ֆեյսբուքյան մի գրառում են կատարել։ Ըստ Հ1-ի նախկին աշխատակցի՝ այդ ցուցակն իր պատմականորեն ամենամեծ ծավալներին հասել է «Հայրենիքի փրկության շարժման» օրերին, երբ տարբեր ստեղծագործական միություններ, համքարություններ ու կոլեկտիվներ հանդես էին գալիս Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ու ընդդիմությանը միանալու պատրաստակամությամբ։

Մեր զրուցակիցը նաեւ պատմեց, որ հատկապես խիստ վերահսկվում են Հ1-ի լրագրողների ֆեյսբուքյան էջերը, վերջիններիս կատարած գրառումների բովանդակությունը քննարկման նյութ է դառնում, տեսախցիկներով հետեւում են անգամ նամակագրություններին, նույնիսկ լրագրողի ֆեյսբուքյան էջ են կոտրել։ Հ1-ի նախկին աշխատակիցը տեղեկացրեց նաեւ, որ շաբաթ օրը Հ1-ի եւս մեկ լրագրող է աշխատանքից հեռացել, պատճառն այն է եղել, որ կոտրել են նրա ֆեյսբուքյան էջը։ Հ1-ում կասկածներ կան, որ էջը կոտրելու նախաձեռնողը կամ հրահանգողը Հանրային հեռարձակողների խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վահագն Թեւոսյանի կինն է՝ Լուսինե Բարսեղյանը, ով Հ1-ի լուրերի տնօրենն է։ Լրագրողի ու Լուսինե Բարսեղյանի միջեւ, ըստ լուրերի,  թեժ վիճաբանություն է ծավալվել, եւ, ըստ մեր աղբյուրի, Բարսեղյանը կոշտ դիտողություններ է արել լրագրողի հասցեին, անգամ փորձել է ծաղկամանով հարվածել նրան, սակայն վերջինս հասցրել է սենյակից դուրս թռչել, եւ ծաղկամանը նրան չի դիպել։ Նշենք, որ Լուսինե Բարսեղյանը Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակի» նախկին աշխատակից է, շատ մտերիմ է Աննա Հակոբյանի հետ եւ ուղիղ կապ է պահպանում Փաշինյանների հետ: Հ1-ում ասում են, որ դե ֆակտո ավելի լայն լիազորություններ ունի, քան Հանրայինի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։

Մենք նախ Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հետ փորձեցինք կապվել` այս տեղեկությունների ճիշտն ու սխալը պարզելու համար, սակայն նա մեր զանգերին չապատասխանեց։ Զրուցեցինք Լուսինե Բարսեղյանի հետ: Հարցրինք` ճի՞շտ է, որ տեսախցիկներ ու միկրոֆոններ են տեղադրված Հ1-ի տարածքում, որոնցով աշխատակիցները գաղտնալսվում են, նրանց ֆեյսբուքյան էջերն են նայում եւ այլն։ Լուսինե Բարսեղյանը պատասխանեց․ «Իհարկե, նման բան չկա»։ Այդ դեպքում որտեղի՞ց են նման խոսակցությունները։ «Որտեղից լսել եք, իրենցից հարցրեք, ես ասում եմ, որ նման բան չկա եւ չէր էլ կարող լինել»,- պատասխանեց Բարսեղյանը։ Հարցրինք նաեւ` ճի՞շտ է, որ իր ու լրագրողի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որից հետո վերջինս հեռացել է աշխատանքից։ «Այդ լրագրողը Հանրայինում այլ պրոյեկտ է անելու, նա շարունակում է մնալ Հանրային հեռուստաընկերությունում եւ Հանրայինում անելու է այլ նախագիծ»,- պատասխանեց Բարսեղյանը։ Իսկ վիճաբանություն տեղի ունեցե՞լ է՝ հարցրինք լուրերի բաժնի տնօրենին։ «Որտեղի՞ց Ձեզ այդպիսի տեղեկություններ, ինչ-որ անհասկանալի բաներ եք ասում»,- ասաց Բարսեղյանը։

Հիշեցնենք, որ 2018-ի իշխանափոխությունից հետո Հ1-ում կադրային փոփոխություններ տեղի ունեցան․ Հ1-ի, կարելի է ասել, գաղափարական կազմը լքեց Հանրայինը․ մի մասը՝ սեփական նախաձեռնությամբ, որոշներին էլ ազատեցին: Նրանց փոխարեն Հ1 եկան «Հայկական ժամանակի» եւ «Ազատություն» ռադիոկայանի որոշ աշխատակիցներ։ Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն էլ է «Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրող, ով նախ նշանակվեց վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, ապա՝ Հ1-ի գործադիր տնօրեն։ Հ1-ում է աշխատում նաեւ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, նախկինում «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանի կինը` Անի Բաղդասարյանը, եւ շատ ուրիշներ։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image