Հասարակություն

Քանդել եկեղեցին, իսկ կաթողիկոսին դարձնել ձեռնասուն

Քանդել եկեղեցին, իսկ կաթողիկոսին դարձնել ձեռնասուն

Փաշինյանական իշխանության երկու քարոզիչներ` «Հանրապետություն» կոչվող կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը եւ Հանրային կոչվող հեռուստաընկերության լրագրող Պետրոս Ղազարյանը, ամփոփում են տարին եւ բացահայտում Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ իրականացվող իշխանության քաղաքականության իրական նպատակը` քանդել եկեղեցին: Նախ՝ Պետրոս Ղազարյանն իր բացման խոսքում ասում է, որ տարվա «ամենամեծ քաղաքական դիմակայությունը եկեղեցի-պետություն դիմակայությունն էր»: Պետություն ասելով, Ղազարյանը նկատի ունի փաշինյանական իշխանությանը, սրանց համար իշխանությունը պետություն է, դե, իրենք ծառայելով իշխանությանը` իբրեւ թե ծառայում են պետությանը: Բայց կարեւորն այն է, որ իշխանության հիմնական քարոզիչներից մեկն ընդունում է, որ հակամարտությունը ոչ թե Նիկոլ Փաշինյանի եւ Ամենայն հայոց հայրապետի միջեւ է, այլ՝ իշխանության եւ եկեղեցու: Որից հետո իշխանության մյուս քարոզիչը հայտարարում է. «Հայ առաքելական սուրբ եկեղեցին Ռուսաստանի հետ մեր կապի շղթայի վերջին օղակն է, եւ էդ օղակը քանդել է պետք, միանշանակ»: Այսպիսով փաշինյանական իշխանության նպատակը ձեւակերպված է հստակ` քանդել եկեղեցին: Եկեղեցի ասելով իրենք սահմանափակվելու են միայն այն որպես կազմակերպված հանրային ինստիտուտ վերացնելով, թե Սարգսյանն է էքսկավատորի ղեկին, իսկ Ղազարյանը` բուլդոզերի, քանդելու են նաեւ եկեղեցիները` որպես շինություն, դեռեւս չի հստակեցվում:

Իշխանության քարոզիչները չեն թաքցնում, որ ուզում են՝ եկեղեցին լինի այնպիսի կառույց, ինչպիսին, օրինակ, ոստիկանությունն է, Ազգային անվտանգության ծառայությունը, պաշտպանության նախարարությունը կամ կառավարության որեւէ ստորաբաժանում, որտեղ իշխանությունը կարողանում է իր ուզած կադրային քաղաքականությունն իրականացնել` ում ուզում, ազատում են աշխատանքից, ում ուզում, նշանակում են: Լսեք, թե ինչ է ասում Նիկոլ Փաշինյանի իշխանության կցորդ «Հանրապետություն» կուսակցության նախագահն այս առումով. «Մեր ժողովրդի համար գաղտնիք էլ չի, որ հայ եկեղեցականների մեծ մասը հիմնականում ռուսական հատուկ ծառայությունների ազդեցության տակ է, այսինքն, որ Եզրասը (նկատի ունի Ռուսաստանի եւ Նոր նախիջեւանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին՝ Ա. Բ.) այդ հատուկ ծառայությունների ազդեցության տակ է, թուղթը տպագրվեր, չտպագրվեր, էդ մասին ժողովուրդը խոսում էր, մարդիկ կային, որ հավատում էին, մարդիկ կային, ովքեր չէին հավատում, թուղթը տեսան` կհավատան, թե էլի կշարունակեն էդ թղթի մեջ բաներ ման գալ: Ինչո՞ւ է այդպես, որովհետեւ Ռուսաստանը հավատքի էդ մարմինը փորձում է օգտագործել քաղաքական նպատակներով, որովհետեւ մնացած բոլոր օղակներում, ենթադրենք՝ Ազգային անվտանգության ծառայություն, ոստիկանություն, կառավարություն, պաշտպանության նախարարություն, հիշեք` ինչքան փոփոխություններ եղան, եւ էդ փոփոխությունների հիմնական պատճառը նա էր, որ էդ կառույցների ղեկավարներն էս կամ էն կերպով Ղրիմի կողմնակից էին, Ռուսաստանի կողմից եկած հրամաններն էին կատարում եւ ոչ թե Հայաստանի Հանրապետության վարչապետի: ՊՆ-ում կան ռուսական կրթություն ստացած սպաներ, բայց մի 20-30 տոկոս, ոչ ավելին, նույնը՝ Ազգային անվտանգությունում, մյուս ոլորտներում, կառավարությունում եւ այլն: Եկեղեցին միակ օղակն է, որտեղ իր ամբողջության մեջ ու առաջին դեմքով գործում է ամբողջությամբ ռուսական համատեքստում, եւ եթե նայեք եկեղեցու կողմից ասվող ասույթները, դրանք մեկին մեկ կրկնում են, ինչքան էլ ամոթ է, Մարիա Զախարովայի տեսակետները, որովհետեւ հատուկ ծառայություններով կախվածություն ունի»: 

Թե ինչով է Եկեղեցին կրկնել Մարիա Զախարովային, Արամ Սարգսյանը որեւէ կոնկրետ օրինակ չի բերում, հարցազրույց վարողն էլ չի հարցնում, թե կարո՞ղ եք նման թեկուզ մի օրինակ ներկայացնել: Կամ՝ եթե Եկեղեցու ներկայացուցիչները ռուսական հատուկ ծառայությունների ազդեցության տակ են, ինչո՞ւ են նրանք կալանավորված ոչ թե հենց այդ հոդվածներով, այլ հանրահավաքին մասնակցելուն պարտադրելու մեղադրանքով կամ իբրեւ թե ինչ-որ մեկի պայուսակի մեջ թմրանյութ գցելու, կամ` հրապարակային իշխանափոխություն անելու կոչերի համար: Եկեղեցու սպասավորների մեջ Ռուսաստանում կրթություն ստացածներ էլ չկան, խոսքը հոգեւոր կրթության մասին է, հայ հոգեւորականները կրթվում են Հայաստանում գործող հոգեւոր կրթական հաստատություններում: Հայ առաքելական եկեղեցին էլ Ռուս ուղղափառ եկեղեցուց որեւէ կախվածություն չունի, դրա մաս չի կազմում, թեեւ համագործակցում է, ինչպես մյուս բոլոր քրիստոնեական եկեղեցիների հետ: Բայց՝ չէ, իրենք ուզում են, որ Եկեղեցին լինի ՊՆ-ի, ԱԱԾ-ի կամ ոստիկանության նման, իրենք այնտեղ իրենց դրածոներին նշանակեն, որ Վեհափառը ոչ թե հանրային շահերն արտահայտի եւ պետք եղած ժամանակ, առաջնորդվելով այդ նույն հանրային եւ պետական շահերով, վարչապետի պաշտոնը զբաղեցողին հորդորի կամովին այն լքել, այլ, ինչպես Արամ Սարգսյանն է ասում, վարչապետի հրամանը կատարի:

Տարին ամփոփելու ընթացքում փաշինյանական երկու քարոզիչ փորձեցին ծաղրել նաեւ ընդդիմությանը: «Էս ամեն ինչն ուղեկցվում է ամենօրյա թուրքական վախով` էկան թուրքերը, ադրբեջանցիները, հլա որ նավթամթերքով ու հացահատիկով են գալիս, մեզ ուտելու են: Կա՛մ պիտի փրկվենք` ռուսները փրկեն, կա՛մ թուրքերը գալիս են: Եվ միայն բազան է, որ մեզ փրկում է»,- փորձելով հեգնել ու ծաղրել ընդդիմությանը՝ ասում է Պետրոս Ղազարյանը, կարծես ընդամենը երկու տարի առաջ չէր, որ այդ նույն՝ ադրբեջանցի թուրքերը բռնի հայաթափեցին Արցախը կամ երեք տարի առաջ տարածքներ գրավեցին Հայաստանի Հանրապետությունից, եւ դրա հետեւանքով սպանվեցին ու զոհվեցին հազարավոր հայ մարդիկ, ՀՀ քաղաքացիներ: Հնարավոր է, որ մենք գործ ունենք ոչ թե հիշողության կորստի կամ դեմենցիայի հետ, այլ՝ պարզ անտեղյակության. քանի որ Պետրոս Ղազարյանը դիտում է միայն Հանրային հեռուստաընկերություն, կարող է եւ տեղյակ չլինել հիշյալ իրադարձություններից:

Արամ Սարգսյանը, ի տարբերություն Պետրոս Ղազարյանի, ավելի տեղեկացված է. «Էդ բազան որ կար (քմծիծաղում է Սարգսյանը), հիմի իրենք, ինչ է` ժխտո՞ւմ են, որ Վարդենիսի տարածքում Ադրբեջանը հայկական տարածքներում է, որ Ջերմուկի հայկական տարածքներ է մտել, որ Սեւ լճի տարածքում իրենք հայկական տարածքներ են մտել, բա էդ բազան ինչի՞ չփրկեց: Վաղուց տարածաշրջանում խաղի կանոնները թելադրողը Միացյալ Նահանգներն է, էդ մոտեցումը, որ տարածաշրջանում կա՛մ Թուրքիան է, կա՛մ Ռուսաստանը, անցյալում է»: Սարգսյանը երեւի չի էլ հասկանում, որ ինքն իրեն հակասում է: Եթե տարածաշրջանում վաղուց որոշողն ԱՄՆ-ն է, ստացվում է, որ ԱՄՆ-ն է որոշել եւ առնվազն թույլ տվել, որ ադրբեջանական զորքը մտնի Վարդենիսի, Ջերմուկի կամ Սեւ լճի հայկական տարածքներ եւ շարունակի այնտեղ մնալ մինչեւ այսօր: Եթե ռուսական ռազմաբազան ոչինչ չի որոշում, ոչ մի ֆունկցիա չի կատարում, ինչո՞ւ Հայաստանի իշխանությունը չի պահանջում, որ Ռուսաստանը հանի իր ռազմաբազան ՀՀ տարածքից, մանավանդ որ Ռուսաստանի նախագահն ասել էր, որ պատրաստ են դրան: Իշխանության քարոզիչն այս հարցերը չի տալիս իր գործընկեր քարոզիչին, որովհետեւ ինքն էլ դրա պատասխանը չունի եւ գիտի, որ դիմացինն էլ դրա պատասխանը չունի ու իշխանության մյուս ներկայացուցիչներն էլ: Իսկ իրենք չեն կարող իրենց անպատասխան հարցեր տալ, հիմար վիճակի մեջ գցել:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image