2020 թվականի պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը պատերազմում կրած պարտության մեղքը սկսեց մասնատել ու բաժանել տարբեր սուբյեկտների վրա։ Ժողովուրդը մեղավոր էր, քանի որ չկռվեց՝ փախավ։ 3 միլիոն մարդու հաշվարկով 11 հազար դասալիքն ահռելի քանակ է, սակայն հետագայում պարզվեց, որ այդ թիվը շատ հեռու է իրականությունից, շատ ավելի քիչ քրեական գործեր են հարուցվել, դրանից տասնապատիկ քիչ՝ հասել դատարան, ու դատավճիռներ արձակվել։ Հաջորդ մեղավորը նախկիններն էին, որ վատ բանակ էին թողել, զինվորականները՝ որ սխալ հրամաններ էին տալիս ու իրեն սխալ տեղեկություններ զեկուցում։ Մեղավոր էին Հայաստանի պաշտպանության նախարարն ու Արցախի պաշտպանության բանակի հրամանատարները, որոնք բոլորը դատվում են։ Մեղավոր էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, նրա տեղակալները, որոնք ազատվեցին աշխատանքից, եւ մի մասը դատվում է։ Մեղավոր էր զենք մատակարարողը։ Մեղավորության մի մեծ մաս էլ բաժին հասավ, այսպես կոչված, «5-րդ շարասյանը» կամ ընդդիմադիրներին։
Պատերազմից անմիջապես հետո ԱԱԾ-ն սկսեց սարսափազդու տեսանյութեր նկարահանել պետական դավաճանների մասին, թե նրանք 200-300 դոլարի դիմաց պետական գաղտնիք են վաճառել թշնամուն։ Մարդկանց սկսեցին մեղադրանքներ առաջադրել, ժողովրդի առաջ խայտառակել։ Իսկ պետական դավաճանությունից ավելի մեծ մեղադրանք դժվար է պատկերացնել։ Սակայն պարզվում է՝ այստեղ էլ են խեղաթյուրել իրականությունը՝ արդեն պարզվել է, որ այդ մարդկանցից ոմանք որեւէ պետական դավաճանություն չեն կատարել։
Գլխավոր դատախազությունից փորձեցինք պարզել, թե այս պահին պետական դավաճանությանը վերաբերող քանի քրեական գործ է քննվում Ազգային անվտանգության ծառայությունում։ Դատախազությունից պատասխանել են, որ 2023 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում քննվում է 2 քրեական վարույթ՝ «պետական դավաճանություն» հոդվածով։ Հարցին, թե քանի գործ է մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան, դատախազությունից պատասխանել են․ «2023 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ ՀՀ տարբեր դատարաններում պետական դավաճանության հատկանիշներով քննվում են թվով 15 քրեական գործեր»։
Փորձեցինք պարզել նաեւ, թե քանի վարույթով է առաջադրված մեղադրանքը հերքվել, այսինքն՝ նախաքննության ընթացքում պարզվել, որ անձն իրեն մեղսագրվող արարքը՝ պետական դավաճանությունը, չի կատարել։
«2023 թվականի դրությամբ ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում իրականացված թվով 1 քրեական վարույթով կայացվել է հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում, թվով 1 անձի նկատմամբ՝ «անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը» հիմքով, իսկ քրեական գործով վարույթը կարճվել է՝ որեւէ հանցանքի բացակայության հիմքով»,- պատասխանել են դատախազությունից։
Հաջորդ հարցը վերաբերում էր նրան, թե քանի հոգու մեղադրանք են փոխել, այսինքն՝ պետական դավաճանության մեղադրանքը հանվել է, փոխարենը առաջադրվել է պետական դավաճանության հետ կապ չունեցող ուրիշ մեղադրանք։ Ասենք, օրինակ, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք եւ այլն։ Ըստ դատախազության պատասխանի՝ 4 անձի նկատմամբ այդպիսի որոշում է կայացվել․
«ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում իրականացվող թվով 1 քրեական վարույթով 4 անձանց պետական դավաճանության հատկանիշներով ներկայացված մեղադրանքները փոփոխվել են, եւ նրանց ներկայացվել են նոր՝ պետական դավաճանության հետ չկապված մեղադրանքներ»։ Այսինքն՝ 4 անձի առաջադրվել է պետական դավաճանության մեղադրանք, նրանք իրենց հարազատների, ընկերների, բարեկամների շրջապատում խայտառակվել են, հետո ԱԱԾ-ն որոշել է, որ այդ 4 անձինք պետական դավաճանություն չեն կատարել, այլ ուրիշ հանցանք են կատարել։
Դատախազությունից, մեր հարցմանն ի պատասխան, նաեւ տեղեկացրել են, որ 2023-ի օգոստոսի 25-ի դրությամբ ՀՀ տարբեր դատարաններում պետական դավաճանության հատկանիշներով քննվող թվով 15 քրեական գործերով 23 անձ գտնվում է կալանքի տակ: