Իշխանություն մի ասա` մեդալակիրների, ռեկորդսմենների, մրցանակակիրների մի հավաքական ասա: Ինչքան մեր երկիրն ավելի մեծ քաոսի մեջ է ընկղմվում, ինչքան խնդիրները խորանում են եւ վիճակն ավելի անհուսալի է դառնում, այնքան շատ «հաղթանակների» մասին է ավետում այս իշխանությունը: Մեկ գրում է. «2018 թվականի համեմատ տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների թիվը Հայաստանում աճել է ավելի քան 12 անգամ՝ 1225 %-ով, դրամաշրջանառությունն աճել է 171 %-ով, աշխատակիցների թիվն ավելի քան հնգապատկվել է»: Մեկ ավետում է. «Միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով «Դրական», եւ հաստատել է վարկանիշը «BB-» մակարդակում»:
Իսկ այսօր միանգամից երկու «հաղթանակ» է արձանագրել Հայաստանը միջազգային ասպարեզում: Ոչ` նոր շուկաներ չի գրավել, աշխարհացունց հաջողություններ չի արձանագրել, Արցախի հարցում առաջընթաց չկա, ոչ էլ նույնիսկ այդ չարաբաստիկ Խաղաղության պայմանագիրն է ստորագրվել. Նիկոլ Փաշինյանը «Զայեդ» անունը կրող «մարդկային եղբայրության մրցանակն» է կիսել Իլհամ Ալիեւի հետ. «ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանում համագործակցության և կայունության ապահովման օրակարգը հետևողականորեն առաջ մղելու համար»։ Իսկ բարձր տեխնոլոգիաների նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգրկվել է «պետական կառավարման ոլորտում արհեստական բանականության 100 առաջնորդների համաշխարհային ցանկում»:
Ցանկում ընդգրկված են նաև ԱՄՆ Սպիտակ տան նախագահի գիտության և տեխնոլոգիաների հարցերով խորհրդական Մայքլ Կրացիոսը, Ֆրանսիայի արհեստական բանականության հարցերով պետական նախարար Կլարա Շապազը, Արաբական Միացյալ Էմիրությունների արհեստական բանականության, թվային տնտեսության և հեռավար աշխատանքի կիրառությունների պետական նախարար Օմար բին Սուլթան Ալ Օլաման, Ճապոնիայի թվային փոխակերպման նախարար Մասաակի Թաիրան, Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայլո Ֆեդորովը, Ավստրալիայի արդյունաբերության, նորարարության և գիտության նախարար Թիմ Այրսը, Եգիպտոսի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ամր Թալաաթը, Ղազախստանի արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևը, Հնդկաստանի կառավարության երկաթուղիների, տեղեկատվության և հեռարձակման, էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշվինի Վայշնաուն, Լեհաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին և այլք:
Իսկ «Զայեդ» մրցանակը կոչվել է Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադիր, հանգուցյալ Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի պատվին, հիմնադրվել է 2019-ին, արդեն 16 մրցանակակիր կա`՝ 15 երկրից։ Նրանց թվում են Ալ-Ազհարի մեծ իմամ Ահմեդ Ալ-Թայեբը, հանգուցյալ Պապ Ֆրանցիսկոսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ծայրահեղականության դեմ պայքարի ակտիվիստ Լաթիֆա Իբն Զիաթենը, Հորդանանի Հաշիմյան Թագավորության Նորին Մեծություններ Թագավոր Աբդալլահ Երկրորդը և Թագուհի Ռանիա Ալ Աբդալլահը, Հայիթիի «Գիտելիք և ազատություն» հիմնադրամը, «Սանտ’Էջիդիո» համայնքը, քենիացի խաղաղարար Շամսա Աբուբաքար Ֆադիլը, ինդոնեզական բարեգործական կազմակերպություններ՝ Նահդլաթուլ Ուլաման և Մուհամմադիյան, Բարբադոսի վարչապետ Միա Ամոր Մոթլին, սննդային օգնություն տրամադրող World Central Kitchen կազմակերպությունը և այլք: