Մարդը 20 տարուց ավելի լրագրող է եղել, 10 տարուց ավելի խմբագիր, 2 գումարման պատգամավոր, ընդդիմադիր գործիչ, անգամ դատապարտյալ...թվում է` իշխանության գալով պետք է այս խավերի շահերը ներկայացներ: Սերտ կապ պահեր, ասենք, լրագրողների- խմբագիրների, ընդդիմության, թեկուզ` կալանավորների հետ, որ այս ոլորտներում իրական բարեփոխումներ կարողանար անել:
Բայց ճիշտ հակառակն արեց` սկսեց մերձենալ օլիգարխների, ուժային կառույցների հետ ու նրանց շահերը պաշտպանել: Ուժայինների աշխատավարձերը բարձրացրեց, օլիգարխների` արտոնությունները, քծնողների բանակ ձևավորեց: Ինչ որ պահից սկսեց շփվել միայն սրանց հետ, միայն ուժային կառույցներ այցելել, նրանց տոները նշել, դիֆերամբներ ձոնել, մեդալներ տալ: Իսկ ժամանակին, երբ իրեն դատում էին, հայհոյում էր դատախազ-դատավորներին, լրագրողներին կոչ էր անում նրանց անխնա քննադատել: Հիմա նրանք իր աչքի լույսն են:
Ժամանակին նա հասարակության մասնիկն էր, հիմա հանրության հետ կապը կորցրել է` փոխարենը կուռ կապեր է հաստատել ուժայինների հետ, որոնք պահում են իր աթոռը: Կորցրել է կապը նաև իր մասնագիտության հետ, մոռացել է իր ընդդիմադիր անցյալը, որևէ կարեկցանք չի տածում անարդար դատապարտվածների նկատմամբ, ճիշտ հակառակը` հենց իր հրահանգով են անմեղ մարդկանց բերդ նետում:
Իսպառ ոչնչացրել է հակակշռումների ինստիտուտը, իշխանության ճյուղերի տարանջատվածությունը, բոլոր կառույցների գլխին իր կամակատարներին է կարգել: Ընդդիմությանը զրկել է Սահմանադրությամբ իրեն հասանելիք պաշտոններից, ֆեյքերով ու ուսապարկերով օրնիբուն աշխատում է նրանց դեմ:
Հանրապետության նախագահը մի դատարկ ֆուտլյար է` իր հրահանգներով շնչող: Մարդու իրավունքների պաշտպանը իշխանության իրավունքների պաշտպանն է, ՍԴ նախագահն` անդեմ գոյություն, ԲԴԽ-ն ու իր նախագահը` դատավորների անկախության թշնամին: Դատախազն իր օգնականն էր ու շարունակում է այդպիսին լինել: ԱԱԾ տնօրենը ԱԱԾ պատմության ամենավատ տնօրենն է` ամեն ապօրինության ունակ: Ոչ մի ինքնուրույն դատավոր չեն թողել, ով էլ կա` կարևոր գործերի քննությունից մեկուսացված է: Վճռաբեկի կազմն ամբողջությամբ փոխել է` իր համհարզներով համալրել: ԱԺ-ն որպես կառույց հողին է հավասարեցրել...ի՞նչ մնաց տակը:
Այս մարդու տված վնասը միայն Արցախն ու պատերազմը, ՀՀ ինքնիշխանության կորուստը, եկեղեցու դեմ ոտնձգությունները չեն: Բոլոր համակարգերը հետևողականորեն ոչնչացրել է, զրկել իմունիտետից, դարձրել բյուջեից փող ստացող հացակերների հավաքատեղիներ...և սա ավելի մեծ հանցանք է, քան երևացող հանցանքները:
ՀԳ Նկարում ուժայիններն են` գործադիրի ղեկավարից հերթական հրահանգներ ստանալիս: