Վերջին տարիներին բոլորս տեսանք, թե ինչպես կորցվեց Արցախը․ ոչ թե մեկ հարվածով, այլ փուլ առ փուլ՝ դիրք առ դիրք, բարձունք առ բարձունք, սահմանագիծ առ սահմանագիծ։
Այսօր Հայաստանում շատերը նույն տրամաբանությունն են նկատում․ առաջխաղացումը տեղի է ունենում աստիճանաբար՝ սահմանամերձ հատվածներ վերցնելով, քարտեզը փոքր քայլերով փոխելով։ Սա գնահատական չէ, այլ դիտարկում․ պարզապես համեմատեք մեխանիզմը։
Նմանատիպ մեթոդաբանություն է, կարծես, կիրառվում նաև եկեղեցական դաշտում։ Նախ՝ միջավայրի թուլացում, ապա օղակի սեղմում, և վերջում՝ կենտրոնին մոտեցում։ Քայլերը հաջորդում են մեկը մյուսին՝ ոչ միանգամից, այլ փուլային։
Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրություն գրավեց ԱԱԾ-ի մուտքը Իզմիրլյան բժշկական կենտրոն։
Փաստաբանի փոխանցմամբ՝ քրեական վարույթը հարուցվել է դեռևս չորս ամիս առաջ, սակայն այդ ընթացքում բժշկական կենտրոնին որևէ հարցում չի ուղարկվել։ Եվ հենց հիմա իրականացվել է ուժային մուտք։
Սա թույլ է տալիս ենթադրելու, որ գործիքակազմը կիրառվում է ըստ քաղաքական կամ իրավիճակային նպատակահարմարության․ վարույթները կարող են «սպասման» ռեժիմում մնալ և ակտիվանալ այն պահին, երբ անհրաժեշտ է ճնշման լծակ։ Ժամանակային համընկնումն էլ պատահական չի թվում՝ Եպիսկոպոսաց ժողովի նախաշեմին իրականացված գործողությունը ընկալվում է որպես ազդակ։ Եթե դիտարկենք իրադարձությունները մեկ շղթայի մեջ, առաջանում է նույն պատկերը՝ փուլային մոտեցում, փոքր քայլերով առաջ շարժվելով դեպի հիմնական թիրախ։ Երբ իրադարձությունները հաջորդում են փուլ առ փուլ, առավել կարևոր է հիշել՝ հաստատուն կառույցները չեն չափվում պահի աղմուկով։ Փորձությունների ժամանակ է երևում Եկեղցու իրական ամրությունը, և Եպիսկոպոսաց ժողովին ընդառաջ այդ ամրությունը նորից է քննության ենթարկվում։ Եպիսկոպոսաց ժողովի նախաշեմին ծավալվող իրադարձությունները տարբեր գնահատականների տեղիք են տալիս, սակայն մեկ բան ակնհայտ է՝ փորձությունների միջով անցնող Եկեղեցին շարունակում է մնալ աննահանջ։