Այսօր՝ նոյեմբերի 21-ին, Երևանի ավագանին գումարել է առաջին նստաշրջանի երկրորդ նիստը, որն անցնում է բավականին լարված պայքարում։ Քիչ առաջ վիճաբանություն տեղի ունեցավ «Հանրապետության» ավագանու՝ Անի Խաչատրյանի ու ընդդիմադիրների միջև։ Բանն այն է, որ օրակարգում էր ընդգրկված 19 հարց, որոնցից մեծ մասը չզեկուցվող էր, միայն 6 հարցեր ենթակա զեկուցման, ինչը առաջացրել էր Արամ Թորոսյանի՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամի դժգոհությունը։ Տևական դադարից հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ի վերջո հայտարարեց, որ որ օրակարգից թվով հինգ հարց դուրս է գալիս, քանի որ ավագանին բավական ժամանակ չի ունեցել դրանք ուսումնասիրելու համար։
«Օրակարգի նախագծից հանում եմ 9-րդ, 10-րդ, 14-րդ, 18-րդ և 19-րդ հարցերը։Հարցերից երկուսը վերաբերվում են հողամասերի նպատակային նշանակությունը փոխելուն։ Հանձնաժողովում քննարկումների ընթացքում ի հայտ են եկել որոշակի մտահոգություններ հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։ Երևանի ավագանուն հնարավորություն կտրվի մանրամասն ուսումնասիրելու հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու պրոցեսը և փուլերը։ Օրակարգի նախագծից դուրս եկած հարցերից մեկը վերաբերում է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի կառուցվածքին։ Նախագիծը շատ սեղմ ժամկետներում է ուղարկվել ավագանուն»,- ասաց Տիգրան Ավինյանը։