Երեւանի եւ ՀՀ մարզերի գիտելիքի ստուգման ավելի քան 15 կենտրոններում նախօրեին իրականացվել է «Հայոց լեզու» առարկայի ուսուցիչների կամավոր ատեստավորում, որը, ինչպես նախորդ տարիներին, կրքեր է բորբոքել ուսուցիչների շրջանում։
30 հարցից ու բազմաթիվ ենթահարցերից բաղկացած հայերենի հարցաշարն ուսուցիչների մեծ մասը չի կարողացել հաղթահարել 2 ժամում։ «Առարկան գիտեցողը ժամանակի մեջ չի տեղավորվում եւ փնջային աշխատանքների մեջ վրիպումներ է անում, այսինքն` պետք է լինի 6 ճիշտ պատասխան, վրիպում է մեկ ճիշտը, եւ գտած 5-ը սխալ է համարվում»,- ասում է ատեստավորմանը մասնակցած ուսուցիչներից մեկը։
«Հարցաշարը 30 հարցից է՝ մոտ 13 էջ։ Նույն հարցով մի քանի վարժություն են դնում։ Հոգնեցնող, ձանձրալի թեստեր, որը մանկավարժական ոչ մի հմտություն չի որոշում, թվում է՝ գիտելիք պիտի ստուգի, բայց զուտ կրկնուսույցի հմտություններ են ստուգվում։ Միաժամանակ, ահավոր ուշադրություն պահանջող թեստեր են, բայց ժամանակը չի հերիքում նույնիսկ, որ մի հատ հետ դառնաս` ստուգես։ Հիմք են ընդունում 74 թվի ձեռնարկները, բայց շատ բաներ գիտենք նոր հեղինակների տվածով։ Այսինքն՝ մի հատ էլ թեստը գրելուց պիտի մտածես, թե որ թվի պահանջով լրացնես»,-նկատում է զրուցակիցս։
Սոցիալական ցանցերում եւ տարբեր մասնագիտական խմբերում եւս մանկավարժները բարձրաձայնել էին ժամանակի սղության հարցը եւ թեստերի բարդության խնդիրը։ «Ժամանակը քիչ էր, ինչպես միշտ, բառարանային բառեր, որոնք չեն գործածվում, գծապատկերները՝ բավականին խրթին, մտածելու համար շատ ժամանակ պահանջող։ Ինձ համար ժամանակը բավարար չէր, որպեսզի գրածս ստուգեի, իսկ ձեւաթուղթն այնքան հապճեպ լրացրինք, որ ճիշտ գրածը սխալ ենք փոխանցել շատ-շատերս։ Եթե ավել ժամանակ լիներ, մինչեւ ձեւաթղթի վրա աշխատելը կվերանայեի գրավորը, ու մի շարք վրիպումներ կնկատվեին, եւ արդյունքս ավելի բարձր կլիներ։ Դուք ուսուցիչների թշնամի՞ն եք, որ այդքան խրթին ու ժամանակատար թեստեր եք կազմում, գոնե ժամանակն ավելացրեք։ Անկախ ունեցած գիտելիքից՝ գոյություն ունի նաեւ աշխատելու եւ մտածելու արագության գործոն։ Ինչո՞ւ ենք մտածում, որ բոլորը կարող են նույն արագությամբ աշխատել։ Նույնիսկ աշխատելու ձեւը կարող է ազդել արագության վրա։ Հետեւաբար՝ ժամանակը քիչ էր»,- նշել էր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչներից մեկը։
Մեկ ուրիշի դիտարկմամբ էլ՝ պետք է ոչ թե ժամանակը երկարացնել, այլ թեստերի հարցը լուծել։ «Պետք չէ ժամանակն ավելացնել, քանի որ էլի հոգնելու ենք, կարելի է մի քիչ թեթեւացնել թեստերը, ու ամեն ենթահարցի մեկ միավոր տալ։ Եթե դիմորդ չես պարապում եւ չունես արագ գրելու հմտություն, ապա, միանշանակ, կդժվարանաս հաղթահարել կամ չես հաղթահարի։ Հարցաշարը չափազանց ծավալուն էր, բարդ, հասանելի միայն կրկնուսույցներին: Ես ունեմ մասնագիտական մեծ փորձ, բայց ժամանակը չբավականացրեց՝ ստուգելու համար: Դա հատուկ է այդպես արվում, որ քչերի աշխատավարձը բարձրանա: Դա նաեւ թելադրանք է վերեւից, բայց ուղղակի պետք է առանց նախապայմանների աշխատավարձ բարձրացնել։ Պետք է բողոքել։ 12-18-րդ հարցերից մեկի սխալի դեպքում զրոյանում է ամբողջ գրածդ։ Նորմա՞լ է, որ 8 ճիշտ պատասխան գտնում ես, մեկը վրիպում՝ ժամանակի սղության պատճառով, ու վերջ, դու այլեւս ձախողեցիր»։
Մեկ այլ օգտատեր էլ կատակել էր եւ հոգեբաններին գիտական թեզի արդի թեմա առաջարկել` «Ուսուցչի հույզերն ու դրանցից բխող հետեւանքները՝ կամավոր ատեստավորման քննությունների ժամանակ․․․»։
Նկատենք, որ մինչ այս պահը դժգոհություններ են եղել նաեւ օտար լեզուների՝ «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն» եւ «Գերմաներեն» առարկաների թեստերից, որոնք, մասնակիցներից շատերի կարծիքով, այս տարի շատ են բարդացրել ու խճճել։
Նշենք, որ կամավոր ատեստավորվելու հայտ է ներկայացրել շուրջ 6 հազար 355 ուսուցիչ: 2 տարի է՝ ծրագիրն իրականացվում է, բայց 37 հազար ուսուցչից միայն 13 տոկոսն է մասնակցել կամավոր ատեստավորմանը, ինչն ակնհայտորեն շատ ցածր ցուցանիշ է։ Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարվա կամավոր ատեստավորմանը մասնակցել են նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսհաստատությունում հանրակրթական առարկաներ դասավանդող մասնագետները: Նաեւ՝ միջին մասնագիտական որակավորմամբ այն ուսուցիչները, որոնց մասնագիտական գործունեությունը 2023-ի օգոստոսի 20-ից դադարեցվելու է, եթե մինչ այդ չապահովեն ուսուցչին ներկայացվող պահանջները: