Հասարակություն

Ջրաբերի բնակիչները ստորագրահավաք են անցկացրել

Ջրաբերի բնակիչները ստորագրահավաք են անցկացրել

Կոտայքի մարզի Ջրաբեր համայնքի բնակիչները ստորագրահավաք են անցկացրել եւ պատրաստվում են նամակով դիմել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը։ Գյուղի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ համայնքի տարածքում ավազի նոր հանքավայր են պատրաստվում բացել, ինչին գյուղը դեմ է։ Նախ որոշել են բողոքի ակցիա անել, ապա հրաժարվել են եւ ստորագրահավաք են անցկացրել․ «Մեզ մնում էր ճանապարհ փակել, բայց խելացի մարդիկ ուղղորդեցին` ստորագրահավաք արեցինք, կուղարկենք տարածքային կառավարման նախարարություն։ Հիմա ստորագրահավաքն արել ենք, մնում է տեքստը կազմենք ու ուղարկենք։ Էդ հանքերը համարյա բոլորը գեներալների հանքեր են, ժամանակին իրենց տեխնիկան բերել դրել, աշխատել են։ Թե ոնց է եղել, ինչ է եղել, 5 հեկտար վարձակալել են, նախկին գյուղապետի օրոք է եղել, թե Բյուրեղավանի ներկայիս քաղաքապետի օրոք ՝ չգիտենք։ Մարդիկ ունեն 5 հեկտարի վարձակալական թուղթ, բայց դե հանք դնելու համար լսումներ են պետք, բնակիչների որոշ զանգվածի կարծիքն է պետք, չկան էդ լսումները, դրանք լինում են 3 փուլով` դրանք չկան, մարդիկ էլ գիտեն, թե կարող են գալ, զոռբայությունով էդ հանքը բացել։ Տեխնիկա էին բերել, աշխատեցրել էին, գյուղացիներից մի քանիսը, ով տեսել էր, գնացել էին, այդ տեխնիկան հանեցին, այդ հանքի ներկայացուցիչները եկան, փորձեցին մեզ հետ պայմանավորվել։ Մենք ասացինք, որ մեզ ոչ մի բան էլ պետք չէ, ուղղակի մեր հողը մի քանդեք։ Այդ տարածքում քրդերի գերեզմանոց էլ կա, քանի որ գյուղում ազգությամբ քրդեր էլ են ապրել։ Եկան, այդ գերեզմանոցը նայեցին, թե իբր չի խանգարում, գերեզմանոցից 60 մետր հեռու է, բայց դե հիմա այդ գերեզմանոցը խանգարի, թե չխանգարի, մենք ամբողջ գյուղով դեմ ենք, որ հանքը շահագործվի»,- ասաց Ջրաբերի բնակիչը։

Հետաքրքրվեցինք, թե պարզե՞լ են արդյոք՝ ով է հանք շահագործողը։ Բնակիչն ասաց, որ այն «Միկմետալի» Հարությունյաններին է պատկանում․ «Հանքը «Միկմետալի» Հարությունյաններին է պատկանում, էդ «Երազը» որ կառուցում են, իրենք են, որ Քեթրինի Միհրանի քեռիներն են, թե ովքեր են (խոսքն ԱԺ նախկին պատգամավոր  Վահան Հարությունյանի եւ նրա հոր՝ Միխայիլ Հարությունյանի մասին է՝ Կ․ Ս․)։ Մենք որոշել էինք ակցիա անել, անասունները քշել ու Երեւան-Սեւան ճանապարհը փակել, հետո որոշեցինք ավելի խելացի բան անել»։

Փորձեցինք «Միկմետալ» ընկերությունից պարզել, թե արդյոք իրե՞նք են հանքը շահագործողները եւ ինչպե՞ս են պատրաստվում լուծել խնդիրը։ Պարզվեց, որ հանքը շահագործում է «Միկմետալ» ընկերության կողմից հիմնադրված «Սթուն Լենդ» ընկերությունը։ «Շահագործողը «Միկմետալ» ընկերությունը չէ, ուրիշ ընկերություն է, որն ունի լիցենզիա, ունի բոլոր փաստաթղթերը, որոնց հիման վրա պատրաստվում է շահագործել հանքը, իսկ թե իրենց բողոքն ինչի հիման վրա է, կամ ինչ ցանկություն ունեն, ես դա չգիտեմ։ Հանքը շահագործելու է «Սթուն Լենդ» ընկերությունը, որի սեփականատերը «Միկմետալն» է»,- մեզ ասաց ընկերության տնօրեն Սամվել Սաֆարյանը։

Հարցրինք, թե երբ է շինթույլտվությունը տրամադրվել։ «Ես այս պահին կդժվարանամ հիշել, թե կոնկրետ երբ է տրամադրվել, այդ փաստաթղթերը թե՛ տարածքային կառավարման նախարարության, թե՛ բնապահպանության նախարարության կայքերում կան տեղադրված։ Բոլոր փաստաթղթերը հանրային են»։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image