Հասարակություն

Երբ կվերականգնվի տնօրենի պաշտոնում 

Երբ կվերականգնվի տնօրենի պաշտոնում 

Երեւանի առաջին ատյանի դատարանն անվավեր է ճանաչել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի որոշումը, որով Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն ազատվել էր աշխատանքից։

Դատարանը որոշել է նաեւ ԿԳՄՍՆ-ից, հօգուտ Անի Եղիազարյանի, բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը, ինչպես նաեւ վերականգնել նախկին աշխատանքում։

Հիշեցնենք․ նախորդ տարվա նոյեմբերին Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենին աշխատանքից հեռացրին առանց ԿԳՄՍ նախարարի հրամանի արտերկիր աշխատանքային այց կատարելու համար։ Սակայն Անի Եղիազարյանը բացատրել էր, որ դա տարեսկզբին թանգարանի նախանշված ծրագրերում նախատեսված հրավեր-այց է եղել Հարավային Ամերիկայի երկու երկիր՝ Ուրուգվայ եւ Արգենտինա։

Անի Եղիազարյանից հետաքրքրվեցինք, թե ինչ ժամկետներում է նախատեսված տնօրենի պաշտոնում իր վերականգնումը։ «Վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման օրից մեկ ամիս հետո, այնպես որ՝ պետք է սպասենք ու տեսնենք, թե մեկ ամսից ընթացքն ինչպես է գնալու,- ասում է Ա․ Եղիազարյանն ու նկատում, որ հայցն ամբողջությամբ է բավարարված։- Քանի որ մշտապես ասվում է, որ օրենքի երկիր է, մենք էլ, օրենքին ապավինած, գործում ենք, թե հաջորդ փուլերում ինչ կլինի՝ չգիտենք»։  

Ըստ իրավական ձեւաչափերի՝ 2 զարգացում է հնարավոր․ այն, որ մինչեւ մեկ ամսից վճիռն ուժի մեջ մտնի, եւ 2-րդ, երբ ԿԳՄՍ նախարարությունը որոշի բողոքարկել այն։ Ստացվում է՝ եթե հանկարծ ԿԳՄՍՆ-ն բողոքարկի առաջին ատյանի դատարանի վճիռը, ապա Անի Եղիազարյանի՝ տնօրենի պաշտոնում վերականգնումը կիրարկման ենթակա չի լինելու այնքան, մինչեւ բողոքարկման արդյունքները հայտնի դառնան։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image