Ես սովորաբար ուսապարկերին չեմ արձագանքում` իրենք իրենց կարծիքի իրավունքից վաղուց են հրաժարվել և նրանց կոլեկտիվ տեսակետը մի մարդ է, որպես կանոն, հայտնում: Բայց քանի որ ոչ միայն ուսապարկերը, այլև տարբեր իշխանական կցորդներ պարբերաբար խոսում են լրատվամիջոցների ֆինանսավորումից, թափանցիկությունից, ակնարկներ անում ԶԼՄ-ների իբր ստվերային եկամուտների մասին, որոշել եմ խոսել այդ մասին` թվերով...
Առավել զավեշտական է, երբ լրատվամիջոցների ֆինանսական հարցերով հետաքրքրվում են տզրուկի պես պետական բյուջեի արյունը ծծող, բոռերի նման` աշխատող մեղուների հաշվին գոյատևող ՔՊ-ականները, որոնք իրենց կյանքում ոչինչ չեն ստեղծել, ուսանողական նստարանից միանգամից փոխնախարար ու պատգամավոր են դարձել, 7 տարի «մնացել» առաջին դասարանում, մեր պետությանը ահավոր վնասներ տվել և անգամ իրենց սխալներից դասեր չեն քաղել:
Սրանք անգամ չեն գիտակցում, որ լրատվամիջոցները, բացառությամբ Հանրայինի, պետական միջոցներից չեն օգտվում, մասնավոր ընկերություններ են, այսինքն` հանրային միջոցներ չեն ծախսում, հարկատուների վճարած հարկերից չեն օգտվում, ի տարբերություն իրենց: Այդ մենք պետք է հարցնենք, թե ինչքան եք ստանում, ինչի համար են ձեզ վճարում, ինչ եք նստում դուք մեր պետության ու հարկատուների վրա և իրենք են պարտավոր մեզ հաշվետու լինել:
Ինչ վերաբերում է լրատվամիջոցների ֆինանսական գործունեությանը, ապա մենք, գոնե լրատվամիջոցների մեծ մասը, ոչ միայն բարեխիղճ հարկատուներ ենք, այլ մեր տարեկան հաշվետվությունները պարտադիր հրապարակում ենք մեր լրատվամիջոցներում` ինչպես օրենքն է պահանջում: Դուք գնացեք պարզեք, թե ինչպես է ստացվել, որ այն օրվանից, երբ Պետրոս Մակեյանն իրեն հասանելիք փայաբաժինը պահանջեց ՀԺ-ից, «պարզվեց», որ մեծաքանակ գովազդ ունեցող այդ լրատվամիջոցը սկսեց վնասով աշխատել...
Մի երկու խոսք էլ կոնկրետ «Հրապարակի» մասին. մեր յուրաքանչյուր լուման ստացվում է օրինական կնքած պայմանագրերի հիման վրա, փառք աստծո` գովազդատուների պակաս չունենք: Մեծ աշխատավարձեր ու հոնորարներ չենք վճարում, բայց ամբողջն օրինական է, փաստաթղթավորված է, վճարումներն էլ` ժամացույցի նման: Հաշվապահությունն իրականացնող ընկերությանը երբեմն կատակով ասում եմ` դուք «Հրապարակի» աշխատողը չեք, դուք ՊԵԿ-ի աշխատողն եք...
Ուսապարկերից մեկը մեր թերթը «վատագույն» լրատվամիջոց էր անվանել, հատուկ տզրուկի պես պետբյուջեից օգտվող սույնի համար դնում եմ, թե ընդամենը 9 ամսում մեր փոքրիկ ընկերությունն ինչքան հարկ է վճարել, ինչքան օգուտ է տվել Հայաստանի Հանրապետությանը: Բոլորս, փաստորեն, աշխատում ենք, հարկեր ենք վճարում, որ իրենք միլիոններով աշխատավարձ ստանան ու մեր հասցեին վայրահաչեն: Մեծ հաշվով, մենք լինենք իրենց գործատուն, բայց իրենք մեր դեմ աշխատեն ու մեզնից հաշիվ պահանջեն...
