Հոկտեմբերի 20֊ին` Գյումրու քաղաքապետին ձերբակալելու օրը, ուժայինները բերման ենթարկեցին 4 տասնյակից ավելի քաղաքացու, նրանցից ոմանց ձերբակալել են և կալանավորել։ Ձերբակալվել և կալանավորվել են հիմնականում քաղաքապետարանի աշխատակիցներ, հասարակական գործիչներ, ավագանու անդամներ, որոնց հիմնականում մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություն հրահրելու մեջ։
Հիշեցնենք, որ այդ օրը ոստիկանությունը բիրտ ուժ կիրառելով տարավ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, որի ընթացքում բախումներ եղան քաղաքացիների և ուժայինների միջև։ Գյումրեցի փաստաբան Հայկ Հարությունյանը hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ օրը բերման ենթարկվածներին, ապա ձերբակալվածներին բոլորին միատեսակ մեղադրանք են առաջադրել, հիմնականում ներկայացրել են, թե նախնական անհամաձայնության են եկել զանգվածային անկարգություններ անելու համար։ «Դեռ շատ ձերբակալություններ կլինեն, ամեն օր նորից տանում են, երեկ տնից դուրս գալիս ավագանու անդամներից մեկին են տարել։ Կամերաներով նայում են, հերթով տանում են։ Այնքան կձերբակալեն, մինչև հասնեն իրենց ուզած համապատասխան բաժնին։ Արդեն մանկապարտեզի տնօրեն են ձերբակալել, գիտենք` քաղաքապետարանի աշխատակիցների, վարորդների, որոնց թվում նաև իմ վստահորդներն են։ Երեկ գրավի դիմաց մի քանիսին ազատ արձակեցին ։Իհարկե, այդ գումարները շարքային աշխատողների համար մեծ է, բայց գոնե կալանքի չգնալու համար, ստիպված էինք համաձայնել։ Հարցն այն է, որ թացը չորի հետ խառնել են։ Ստացվո՞ւմ է` այսուհետ ամեն զանգվածային հավաք անկարգություն է։ Մենք դա դատարանում էլ բարձրաձայնեցինք, մեջբերելով հավաքների մասին օրենքը, իհարկե չընդունելով նաև բռնության դեպքերը, բայց միևնույն է, թացը չորի հետ խառնել են»,֊ասաց փաստաբանը։