Հասարակություն

Կարելի է փաստաբանների շրջանառության հարկը մի փոքր բարձրացնել` սարքելով 6-7 տոկոս 

Կարելի է փաստաբանների շրջանառության հարկը մի փոքր բարձրացնել` սարքելով 6-7 տոկոս 

Այսօր փաստաբանները գործադուլ են անում՝ ի նշան փաստաբանությանը վերաբերող օրենսդրական փոփոխություններին: Նշենք, որ դեռ մայիսի 16-ին փաստաբանները քննարկել են «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի առնչությամբ զարգացումները, նրանք հայտնել են իրենց դժգոհությունը և հնչեցրել առաջարկներ այս նախագծի վերաբերյալ։ Փաստաբանները կարծում են, որ ինչպես գործադիրի, այնպես էլ օրենսդիր մարմնի կողմից դրսևորվում է որոշակի շտապողականություն՝ առանց պատշաճ և համակողմանի քննարկումների նախագիծն ընդունելու հարցում: 
Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2025 թվականի հունվարի 1-ից վերացնել եւ փաստաբանները հարկադրված են լինելու գործել հարկման ընդհանուր համակարգում, ըստ այդմ` մատուցվող փաստաբանական ծառայությունների համար լրացուցիչ կիրառվելու է 20 տոկոս Ավելացված արժեքի հարկ, ինչը նաեւ բնականաբար անդրադառնալու է փաստաբանական ծառայություններից օգտվողների վրա՝ փաստաբանին դիմելն է թանկանալու: ԱԱՀ-ից զատ, վճարվելու է նաև շահութահարկ, որի դրույքաչափը կազմում է 18 տոկոս: 

Փաստաբան Արմեն Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առանձին անհատ փաստաբաններ, հատկապես մարզերում գործող, ուղղակի չեն կարող գործունեություն իրականացնել, քանի որ նախ մի քանի անգամ կավելանա նրանց հարկային բեռը և բացի այդ ընդհանուր հարկման դաշտում աշխատելու դեպքում հաշվապահությունն անելու համար ստիպված են լինելու դիմել բարձր որակավորում ունեցող հաշվապահների կամ հաշվապահական գրասենյակների, ինչը ևս լրացուցիչ ծախսեր է պահանջում փաստաբաններից։ Փաստաբանները նշում են, որ նախագծի ընդունման արդյունքում կավելանա Հանրային պաշտպանի գրասենյակ դիմողների քանակը, ըստ դրա՝ նաեւ պետության ֆինանսական պարտավորության բեռը, ինչպես նաեւ կնվազի քաղաքացիների՝ իրավաբանական օգնություն ստանալու մատչելիությունը: 

Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումն այս նախագծին. «Եթե օրենքի նախագիծն ընդունող «խելոքները» ինձ հիմնավորեն, թե, օրինակ, ինչպես կարող է տարեկան 3 - 5 մլն դրամ, նաև թեկուզ մինչև 10 մլն դրամ շրջանառություն ունեցող փաստաբանական գրասենյակը աշխատելու հարկման ընդհանուր ռեժիմով, ես ինքս չեմ միանա փաստաբանների ակցիային և միայն կողմ կլինեմ օրենքի նախագծի ընդունմանը և կոչ կանեմ իմ գործընկերներին ևս կողմ լինել օրենքի նախագծին։ Այս ամենի փոխարեն կարելի էր ընդամենը փաստաբանների համար շրջանառության հարկի դրույքաչափը մի փոքր բարձրացնել` սարքելով 6-7 տոկոս»։ Ի՞նչ եք կարծում, գործադուլով, կամ այլ ակցիաներով կհասնե՞ք նրան, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկմանը մասնակից դարձնել ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչներին. «Չեմ կարող միանշանակ պատասխանել, բայց եթե մեկանգամյա գործադուլը արդյունք չտվեց, բնականաբար կդիմենք ավելի կոշտ քայլերի»։ 

Ի դեպ, նշված հանձնաժողովն արդեն տվել է դրական եզրակացություն, սակայն անգամ ՔՊ խմբակցությունում կան մարդիկ, որոնք դեմ են այս նախագծին եւ համարում են, որ այն բնակչության ծախսային բեռն է ավելացնում, ինչն անթույլատրելի է:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image