Մեր քաղաքական դաշտը 2021-ից հետո առաջին կարեւոր փորձությունն անցնելու է մարտի 30-ին` Փարաքարի ու հատկապես` Գյումրու ընտրությունների օրը: Այդ օրն է երեւալու, թե արդյոք մնացե՞լ է որեւէ կարմիր գիծ, որն այս իշխանությունը դեռ չի հատել: Եվ նախընտրական ճնշումներից, հետընտրական այլանդակություններից զատ, արդյո՞ք նաեւ բուն քվեարկության օրն է դիմելու զեղծարարության եւ ճնշումների: Երեւալու է նաեւ, թե որքանով են քաղաքական ուժերը քաղաքակիրթ ու պայքարող, կարողանալո՞ւ են նախընտրական գրագետ, հետաքրքիր պայքար ծավալել` չզզվեցնելով ընտրողին: Կարողանալո՞ւ են հետեւել, որ իշխանությունը չափը չանցնի: Կարողանալո՞ւ են գործարքի չգնալ եւ հանուն մի քանի մանդատի հոգիները չծախել սատանային: Այդ ընտրությունները նաեւ լուրջ փորձություն են լինելու ընտրողների համար: Դրանք նախ ցույց կտան, թե որքանով է հայ հասարակությունը քաղաքական առումով ակտիվ, քաղաքացիական առումով` գրագետ, իրենց համայնքի առումով` գիտակից ու վատերի միջից լավին ընտրելու ունակ: Որքանով է հանրությունը դասեր քաղել նախորդ ընտրություններից, ինչ կարծիքի է 7 տարի շարունակ իշխող ուժի մասին:
Կարողանո՞ւմ է տարբերել իրական ընդդիմադիրին` կեղծից, քաղաքական հեռանկար ունեցողին` քաղաքական խարդախից, իշխանության կցորդին` ինքնուրույն քայլեր անողից: Նաեւ կերեւա, թե ինչքանով են աշխատում թայֆայական լծակները, ինչքանով է վախեցած շարքային ընտրողը եւ կախված տարբեր գողականներից, պաշտոնյաներից, փողատերերից: Մի խոսքով, շատ հետաքրքիր ընտրություններ են լինելու` իրական լակմուսի թուղթ, որը ցույց է տալու մեր հասարակության հիվանդությունները, առողջանալու ձգտումն ու իր կյանքում փոփոխություններ անելու կամքը: Ամեն դեպքում լավ է, որ ընտրողը մեծ ընտրություն ունի: