Քաղաքագետ Աղասի Ենոքյանը, որը տարիներ շարունակ բնակվում է ԱՄՆ-ում եւ տասնյակ անգամներ սահմանային հսկողություն է անցել այդ երկիր մուտք գործելիս, վստահեցնում է՝ ԱՄՆ մուտք գործող օտարերկրացիների համար առանց սահմանապահի կամ մաքսավորի հետ շփման, ինչ-որ առաջավոր տեխնոլոգիաների ու համակարգիչների միջոցով սահմանն անցնելու կարգ գոյություն չունի, եւ Հայաստանի վարչապետի պնդումը, թե ԱՄՆ-ում կարելի է անձնագրային ստուգում եւ մաքսային հսկողություն անցնել առանց սահմանապահի կամ մաքսավորի երես տեսնելու, հեքիաթի ժանրից է:
«ԱՄՆ քաղաքացիների համար կա, այսպես կոչված, Global Entry թույլտվությունը, որը տրվում է ոչ բոլոր, այլ միայն հատուկ ստուգում անցած քաղաքացիներին, որոնք հեշտացված կարգով են մուտք գործում ԱՄՆ։ Բայց նույնիսկ այս դեպքում նրանք չեն խուսափում սահմանապահի կողքով անցնելուց կամ մաքսային գոտի մուտք գործելուց։ Սա վերաբերում է օդով կամ ծովով ԱՄՆ մուտք գործելուն, իսկ ցամաքային ճանապարհով՝ Մեքսիկայից կամ Կանադայից մուտք գործելու դեպքում կրկին ԱՄՆ քաղաքացիների համար կա պարզեցված կարգ։ Սա միայն ԱՄՆ քաղաքացիների համար է, այլապես հազարավոր անօրինական միգրանտներ Մեքսիկայից հանգիստ կարող էին հատել սահմանը, եւ կարիք չէր լինի բարձր պատեր կառուցելու, զորքեր ուղարկելու, միլիարդավոր դոլարներ ծախսելու` նրանց օրինականությունը ստուգելու համար»,- ասում է քաղաքագետը:
Համեմատելով ԱՄՆ մուտքի պրոցեդուրան ԵՄ մուտքի կանոնների հետ՝ նա նշեց, որ այնտեղ կարող ես առանց սահմանապահների հատել Շենգենյան համաձայնագրի մեջ մտնող երկրների սահմանը, սակայն շենգենյան երկիր մուտք գործելու համար պարտավոր ես անցնել բոլոր սահմանային ու մաքսային ստուգումները։
«Նույնիսկ Աֆրիկայում, օրինակ՝ Քենիայի, Տանզանիայի միջեւ սահմանն անցնելիս, իսկ այս երկրներում նույն՝ սուահիլի ցեղն է բնակվում, պարտավոր ես բոլոր ստուգումներն անցնել։ Անգամ եթե Ադրբեջանի քաղաքացին մուտք է գործում Թուրքիա, ինչի համար հիմա վիզայի կարիք չկա (մի քանի տարի առաջ կար), պետք է սահմանապահի կողմից ստուգվի՝ արդյոք անձնագրի հետ ամեն ինչ կարգի՞ն է։ Հայտնի է, որ մաքսային ու սահմանային պայմանագրերով իրար հետ կապված ԱՊՀ երկրներում (իսկ Հայաստանը եւ Ադրբեջանը՝ երկուսն էլ ԱՊՀ անդամ են) նույնպես կա սահմանային եւ մաքսային ստուգում»,- ասում է Ենոքյանը:
Ակնհայտ է, որ Փաշինյանը, հեշտացնելով սահմանային հսկողությունն օտարերկրացիների համար, կատարում է Ալիեւի պահանջը, վերլուծաբանը, որը նախկինում Փաշինյանի ընկերն է եղել, նկատում է. «Ադրբեջանը նախատեսում է, որ Զանգեզուրի միջանցքը կոչվի Ալիեւի անվան Թրամփի ճանապարհ, եւ այն, որ Բաքուն պահանջում է, որ Ալիեւի անվան ճանապարհով անցնելուց ոչ մի շփում չլինի հայ պաշտոնյաների հետ, նշանակում է, որ Ալիեւն ընկալում է Թրամփի ճանապարհն իբրեւ Ադրբեջանի ներքին ճանապարհ, ասենք՝ ինչպես Բաքվից Սումգայիթ գնալն է, կամ էլ հայտարարում է, որ ճանապարհն անտեր է, ու ինքն ինչ կուզենա, կանի: Իսկ Նիկոլի դեպքն էլ է պարզ՝ բավարար է, որ Ալիեւն ասի, թե սա խաղաղության համաձայնագրի նախապայման է, նա պատրաստ է ամեն ինչի»։