Խմբագրություն զանգահարած քաղաքացին պատմեց, որ շուրջ մեկ ամիս է լուծարվել է Նոր Նորք համայնքի խնամակալության եւ հոգաբարձության մարմինը, նորը չեն ձեւավորում եւ իրենք, որ հույժ կարեւոր հարց ունեն` խնամակալության ճանաչման հետ կապված, մնացել են շիվարած` չգիտեն ինչ անեն: Մենք հետաքրքրվեցինք, թե ինչումն է խնդիրը, ինչու չի աշխատում հանձնաժողովը:
Նախ պարզեցինք, որ ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի N164-Ն որոշման համաձայն Երևան քաղաքի 12 վարչական շրջաններ ունեն խնամակալության և հոգաբարձության մարմիններ։ Դրանք սահմանվում են օրենքով։ Երևանում քաղաքապետի անունից խնամակալության և հոգաբարձության մարմիններին վերապահված լիազորություններն իրականացնում են Երևանի վարչական շրջանների ղեկավարները։ Խնամակալության և հոգաբարձության մարմիններին կից ստեղծվում են հանձնաժողովներ, որոնք 5-9 հոգուց են կազմված, ստեղծվում են համայնքի ղեկավարի ներկայացմամբ` համայնքի ավագանու որոշմամբ։
Մենք կապ հաստատեցինք Նոր Նորք վարչական շրջանի սոցիալական բաժնի պետ Մարիամ Հովհաննիսյանի հետ` հասկանալու համար, թե հանձնաժողովն ինչու չի իրականացնում իր գործառույթները։
«Քանի որ փոխվել է վարչական շրջանի ղեկավարը, ով ըստ օրենքի հանդիսանում է խնամակալների և հոգաբարձուների հանձնաժողովի նախագահը, ուստի պետք է ձևավորվեր նոր կազմ։ Նոր կազմը հաստատվելուց հետո կշարունակվեն հանձնաժողովի աշխատանքները։ Համայնքի ղեկավարը մոտ օրերս կհաստատի նոր կազմի ձևավորումը և հանձնաժողովը կվերսկսի իր աշխատանքները»,-ասաց Մարիամ Հովհաննիսյանը։
Մեր այն հարցին, թե, կոնկրետ, երբ կհաստատվի խնամակալության և հոգաբարձուների հանձնաժողովի նոր կազմը, տիկին Հովհաննիսյանն ասած՝ հաշված օրերի ընթացքում։
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Մհերյանը նշանակվել է 2022-ի հունիսի 21-ին: