Հասարակություն

«Հրապարակ». Ինչպես եւ ում ՍԷԿՏ-ը կարող են փակել

«Հրապարակ». Ինչպես եւ ում ՍԷԿՏ-ը կարող են փակել

Ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր, գործիչներ ու լրատվամիջոցներ տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետության՝ Հայաստանում գտնվող պաշտոնյաների ՍԷԿՏ-ը (սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգ, որով կառավարվում է Հայաստանից ելումուտը) փակ է, այսինքն՝ դա նշանակում է, որ վերջիններս չեն կարող Հայաստանից դուրս գալ։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ փակ է Արցախի ԱԺ պատգամավոր Գեղամ Ստեփանյանի ՍԷԿՏ-ը, եւ նա այդ մասին իմացել է «Զվարթնոց» օդանավակայանում։ Առհասարակ, ո՞վ կարող է անձի ՍԷԿՏ-ը փակել, եւ ո՞ր դեպքերում՝ հարցրինք առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանին։ Դատավորի խոսքով՝ որպեսզի անձի ՍԷԿՏ-ը փակվի, նա պետք է քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունենա, ու նրա նկատմամբ խափանման միջոց կիրառված լինի։

«Սահմանափակվում է անձի սահմանային անցումը, երբ ինքն ունենում է մեղադրյալի կարգավիճակ, եւ իր նկատմամբ դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ իր նկատմամբ կա ընտրված խափանման միջոց, ընդ որում՝ խափանման միջոցներից, որպես այդպիսին, «բացակայելու արգելք» խափանման միջոցն է, որը Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխություններով փոխարինեց նախկին «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցին: Բայց «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցն ավելի լայն էր եւ թույլ էր տալիս անձի պատշաճ վարքագիծն ապահովել ոչ միայն սահմանը հատելու հետ կապված, այլ նաեւ Հայաստանի ներսում, այսինքն՝ եթե ինքը փոխեր իր բնակության վայրը, ապա պետք է վարույթն իրականացնող մարմնին տեղեկացներ։ Հիմա «բացակայելու արգելք» խափանման միջոցի իմաստը բացառապես, այսպես ասած, ՍԷԿՏ-ը փակելն է․ երբ ընտրում են «բացակայելու արգելք», ավտոմատ կերպով գրություն է ուղարկվում, ՍԷԿՏ-ը փակվում է։ Այլ խափանման միջոցներով ՍԷԿՏ-ը չի փակվում, դրա համար, երբ մենք, օրինակ, անձի նկատմամբ գրավ ենք ընտրում, ստիպված ենք նաեւ համակցված ընտրել «բացակայելու արգելք», որպեսզի կարողանանք ՍԷԿՏ-ն էլ փակել։ ՍԷԿՏ-ը խափանման միջոց չէ, այն խափանման միջոցի ապահովման եղանակներից մեկն է, այսինքն՝ խափանման միջոց ընտրում ենք, որպեսզի կարողանանք անձի ՍԷԿՏ-ը փակել։ Եթե անձը հարցաքննվի, վկայի կարգավիճակ ունենա, իր վերաբերյալ վարույթ նախաձեռնված լինի, բայց չունենա մեղադրյալի կարգավիճակ, ապա դու չես կարող իր ՍԷԿՏ-ը փակել, դա անօրինական է, անձը պետք է անպայման ունենա մեղադրյալի կարգավիճակ»,- պատասխանեց Հովհաննիսյանը։
Դատավորին հարցրինք նաեւ, թե քննիչը կարո՞ղ է կիրառել «բացակայելու արգելք» խափանման միջոցը եւ փակել անձի ՍԷԿՏ-ը։ «Այո, վարույթն իրականացնող մարմինը կարող է․ եթե նախաքննության փուլում է՝ քննիչը, եթե վարույթը գնացել է դատարան, ուրեմն՝ դատարանը։ Մինչդատական վարույթում «բացակայելու արգելք»-ը քննիչի բացարձակ լիազորությունն է, մինչդատական վարույթի փուլում դատարանը չի կարող «բացակայելու արգելք» ընտրել, դատարանը կարող է տնային կալանք, կալանք, համակցված գրավ ընտրել, բայց «բացակայելու արգելք»-ը քննիչինն է։ Քննիչը մեղադրյալի կարգավիճակ է տալիս անձին, ընտրում է «բացակայելու արգելք» խափանման միջոցնը ու ՍԷԿՏ-ը փակում է։ Այստեղ մի նրբություն էլ կա, որը պրակտիկայում մի փոքր այլ ձեւ է լինում․ եթե դու անձի նկատմամբ ընտրեցիր բացակայելու արգելք, եթե անձը եկավ, դատարանից կամ քննիչից թույլտվություն խնդրեց, որ, օրինակ, մի շաբաթով գնա գործուղման, ապա դու ստիպված ես իր «բացակայելու արգելք»-ը վերացնել։ Նախկինում գրություն էր գրվում, ՍԷԿՏ-ը բացում էին, այժմ նման բան չկա, պետք է խափանման միջոցը վերացվի կամ փոխվի այլ խափանման միջոցով, որպեսզի ՍԷԿՏ-ը կարողանաս բացել»,- պատասխանեց Հովհաննիսյանը։

Տարածվող լուրերի վերաբերյալ, ըստ որոնց՝ արցախցի պաշտոնյաներին արգելվում է լքել Հայաստանը, զրուցեցինք Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ։ «Անընդունելի է ու ապօրինի, այսինքն՝ եթե ոչ մի իրավական հիմք չկա, ապա, բնականաբար, անընդունելի է, չի կարելի նման բան անել, ու կապ չունի՝ արցախցի է, թե ոչ արցախցի։ Իհարկե, տվյալ պարագայում ակնհայտ է, որ այդ ապօրինի մեխանիզմը կիրառել են, քանի որ ինքն Արցախի պաշտոնյա է (Գեղամ Ստեփանյանի մասին է խոսքը` Կ. Ս.), դրա հակառակն ապացուցող որեւէ փաստ չկա։ Մենք ողջամիտ հիմք ունենք կասկածելու, որ պաշտոն զբաղեցնելու համար է դա արվել։ Իհարկե, ես հանգամանքները չգիտեմ, դա պետք է իրենցից ճշտել, ես էլ եմ լուրը լրատվամիջոցներից իմացել, ավելին կդժվարանամ ասել»,- ասաց Բեգլարյանը։

Նշենք, որ «Հրապարակը» երեկ ողջ օրվա ընթացքում փորձեց կապ հաստատել Գեղամ Ստեփանյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image