Նկարիչների եւ գրողների միությունների գույքի պետականացման թեման ամիսներ առաջ թեժ կրքեր բորբոքեց ստեղծագործողների ու ստեղծագործական միությունների շրջանում։ Ինչպես հայտնի է, իշխանությունը, ի դեմս ՀՀ գլխավոր դատախազության, որոշել է պետականացնել գրողների եւ նկարիչների միությունների շենքերը, իսկ որպես հիմնավորում՝ հղում է անում «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» 1990-ի սեպտեմբերի 10-ի օրենքի 1-ին կետին, որը սահմանել է, որ ՀՀ տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների եւ կազմակերպությունների ունեցվածքը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: Մինչդեռ երկու միությունն էլ ստեղծման օրվանից չեն եղել պետական կառույցներ, այլ՝ հասարակական կազմակերպություններ։
Այս առիթով գրողների եւ նկարիչների միություններն արտահերթ համագումարներ հրավիրեցին ու իրենց անհամաձայնությունը հայտնեցին դատախազության` գրողների ու նկարիչների գույքը պետականացնելու պահանջին։
Ի տարբերություն ՀԳՄ համագումարի, Հայաստանի նկարիչների միության հրավիրած արտահերթ համագումարին ներկա է եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ով, իբրեւ կոմպրոմիսային տարբերակ երկու կողմերի համար, առաջարկել է նվիրատվության մեխանիզմ գործարկել, այն է՝ միությունն իր գույքը նվիրի կառավարությանը, կառավարությունն էլ այն նվիրաբերի միությանը։ Կառավարության անունից նախարարի արած առաջարկը, ինչպեսեւ սպասելի էր, բուռն կրքեր է բորբոքել դահլիճում՝ նկարիչների շրջանում, ովքեր կտրականապես մերժել են այդ առաջարկը՝ անգամ հարցը քննարկման օրակարգ մտցնելու տարբերակով։ Իսկ մտավախությունն այն էր, որ ոչ մի երաշխիք չկա, թե գույքը կառավարությանը նվիրելուց հետո վերջինս այն կնվիրաբերի միությանը։
Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը մեր հարցին ի պատասխան, թե ինչ նոր զարգացումներ կան այս հարցում, նշեց, որ դեռ սպասում են միության գույքը կառավարությանը նվիրաբերելու՝ նախարարի գրավոր առաջարկին, որպեսզի հարցը միության շրջանակում դնեն քննարկման եւ հասկանան` նկարիչները համաձա՞յն են այդ առաջարկին, թե՞ ոչ: Հնարավո՞ր է, որ ԿԳՄՍՆ-ն հետ է կանգնել իր այդ առաջարկից եւ հարցին այլ լուծում է նախատեսում։ «Ոչ մեկը հետ չի կանգնել այդ առաջարկից, ամեն ինչ ընթացքի մեջ է, եթե նույնիսկ հետ էլ կանգնեն, դրա մասին էլ կտեղեկացնենք»,- նկատեց Նկարիչների միության նախագահը:
Դատարանը, ինչպես ՀԳՄ-ի դեպքում, Նկարիչների միության պարագայում եւս միության գույքը պետականացնելու հարցն առանձին-առանձին է քննելու։ Առաջին դատական նիստը նախատեսված է սեպտեմբերին, երբ քննվելու է Նկարիչների միության Ծաղկաձորի տան գույքի պետականացման հարցը: