Անցած տարի Աբովյանի քաղաքապետի ընտրություններին, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն արձակուրդ վերցրեց եւ իր ողջ հնարքներն ուղղեց Աբովյանում՝ իր թեկնածուի հաղթանակի օգտին: Հենց այդ ժամանակ նա դիմեց մարզի դատախազություն` պահանջելով քննության առարկա դարձնել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում 2019 թվականի մարտի 7-ին կայացած համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդները և չեղարկել դրանց արդյունքները։ Մարզպետն անգամ հայտարարություն տարածեց, ըստ որի՝ Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը մեղադրվում է 67 միավոր համայնքային սեփականության հողամասերի դասական աճուրդի գործընթացում իրավախախտումներ թույլ տալու մեջ:
Այս մասով քրեական գործ է հարուցվել, որը նախ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ մերժվել է Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի հետաքննության բաժանմունքի կողմից, այնուհետև կրկին քրեական հանցագործության գնահատական է ստացել գլխավոր դատախազի կողմից: Քաղաքապետի ընտրությունների պայքարը սրանով չավարտվեց: Ընտրությունների նախօրեին էլ այրեցին ՔՊ-ի թեկնածուի շտաբներից մեկի պետի ավտոմեքենան, Քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասով քրգործ հարուցվեց, շտաբի պետը ճանաչվեց տուժող, հարցաքննվեցին շուրջ 20 հոգի` որպես վկա: Ընտրություններից հետո մարզպետի ՔՊ-ական թեկնածուն պարտվեց, եւ մարզպետը հանգիստ նստեց տեղը:
Հանրաքվեին ընդառաջ՝ պատմությունը կրկնվում է: Երեկ դատախազությունը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ համայնքային հողամասերի ինքնակամ զավթումը, շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու համար մեղադրանք է առաջադրվել Աբովյան համայնքի ղեկավարին, ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի 2-րդ մասով:
Տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմում են ՝ մարզպետի եղբայրը՝ Ռուբեն Պետրոսյանը Աբովյանի 29/1 տեղամասում «Այո»-ի անդամ է: Կինը՝ 29/13 տեղամասում «Այո»-ի քարտուղար: Մարզպետի բարեկամը, նախկին տեղակալը, այժմ՝ Կոտայքի ՋՕ-ի տնօրեն Պավել Ցուգունյանը 29/9 ընտրատեղամասի «Այո»-ի նախագահ, կինը՝ Քոսյան Նարինեն 29/8 տեղամասում՝ «Այո»-ի նախագահ:
Կոտայքի մարզպետն այս անգամ էլ ջանք ու եռանդ չի խնայի, որ Աբովյանում «Այո»-ն հաղթանակ տանի: Իսկ հաղթանակի հասնելու համար նա մարտի 13-ից արձակուրդ կգնա, որպես ՔՊ-ի «զինվոր»` ակտիվ զբաղվի հանրաքվեի քարոզարշավով: Իսկ թե ինչ ավարտ կունենա հանրաքվեի քարոզարշավի վերջին օրը, դժվար է ասել, ամեն դեպքում, այս անգամ համոզված ենք, որ ավտոմեքենա չի այրվի: