Ինչպեսեւ կանխատեսել էինք՝ Վաշինգտոն մեկնած Նիկոլ Փաշինյանը չի արժանանա ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ընդունելությանը, ինչպես որ նրան խոստացել էին ԱՄՆ-ում իբրեւ թե շատ լուրջ կապեր եւ ազդեցություն ունեցող նրա արեւմտամետ դաշնակից կուսակցապետերից ոմանք: Այդ կապերը եթե նույնիսկ եղել են, մնացել են անցյալում, Միացյալ Նահանգների նախագահն արմատապես փոխում է իր քաղաքականությունը եւ, հետեւաբար, քաղաքական այն թիմը, որը սպասարկել էր նախկին վարչակազմի կողմից վարվող քաղաքականությունը: Դոնալդ Թրամփը չի հանդիպել նույնիսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, այն երկրի ղեկավարի, որն արդեն 3 տարի պատերազմում է հանուն ամերիկյան շահերի, զոհելով հարյուր հազարավոր ուկրաինացիների, ավերակների վերածելով երկիրը: Թրամփը Զելենսկուց անկախ բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ՝ ցույց տալով, որ այն, ինչ Ուկրաինայի իշխանություններն արել են ամերիկացիների պատվերով եւ հրահանգավորմամբ, իր համար որեւէ արժեք չունի, ինքն ԱՄՆ-ի շահերն այլ կերպ է պատկերացնում: Թրամփը հասկացնում է, որ ցանկություն չունի շփվել գլոբալիստ ֆաշիստների բուծած եւ տարբեր երկրների ղեկավար նշանակված անձանց հետ, ինչպիսիք են Զելենսկին՝ Ուկրաինայում կամ Փաշինյանը՝ Հայաստանում: ԱՄՆ-ում իշխանության են եկել հայրենասերները, որոնց կարգախոսն է․ «Ամերիկան՝ առաջին հերթին»։ Իսկ դա նշանակում է, որ իրենք տարված չեն այնպիսի գլոբալ քաղաքական ծրագրերի իրականացմամբ, որտեղ ԱՄՆ-ն բոլոր երկրների հետ միասին օգտագործվում է որպես ծրագրերի իրականացման շինանյութ, իրենք ուզում են հզոր եւ ինքնիշխան ԱՄՆ, ավելի մեծ սահմաններով եւ գերիշխող տնտեսությամբ:
Միացյալ Նահանգների նախագահի կողմից վարվող քաղաքականության արմատական փոփոխությունը պետք է, որ նման ազդակ հաղորդեր նաեւ այն երկրներին, որոնք գտնվում էին ԱՄՆ ազդեցության տակ: Օրինակ, Նիկոլ Փաշինյանը եթե մի քիչ ինքնասիրություն, չենք ասում՝ հայրենասիրություն, ունենար, պետք է Թրամփի հաղթանակից հետո հրաժարական տված լիներ եւ Հայաստանում նշանակեր արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում Հայաստանում եւս իշխանության կգային հայրենասերները` հայրենասիրական գաղափարախոսություն ունեցող ուժերը: Բայց մենք երբեք նման բան չենք տեսնի, որովհետեւ նրա համար աթոռից ավելի թանկ ոչինչ չկա:
Օրինակ՝ տեսեք, թե ինչ արեց Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Թրամփի հաղթանակից անմիջապես հետո հասկացավ, որ ԱՄՆ-ում քաղաքական կուրս է փոխվել, եւ Գերմանիան պետք է համարժեք պատասխան տա դրան, Գերմանիայում պետք է իշխանությունը հանձնել աջ պահպանողականներին: Նա դեկտեմբերի վերջին Գերմանիայի խորհրդարանը տարավ ինքնալուծարման, ֆորմալ առիթը կոալիցիայի անդամ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ ֆինանսների նախարար Քրիստիան Լինդների հրաժարականն էր, եւ արդեն այս ամիս՝ փետրվարի 23-ին, տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դրանց արդյունքը եւս կանխատեսելի է. Շոլցի ձախ Սոցիալ-դեմոկրատական միությանը կփոխարինի ավելի աջ քաղաքական դիրքորոշում ունեցող Քրիստոնեադեմոկրատական միությունը, ինչպես նաեւ՝ ընդգծված գերմանակենտրոն քաղաքականության կողմնակից «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը, որի քաղաքականությանն իր աջակցությունն է հայտնել նաեւ Իլոն Մասկը:
Իսկ ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը: Նա ցույց է տալիս, որ ամեն կերպ կառչած է իր աթոռին եւ ոչ մի կերպ չի պատրաստվում հրաժեշտ տալ դրան: Գիտե՞ք, թե ինչ է հիմա մտածում նա. մեկ է` ես ոչ մի արժեք ու գաղափարախոսություն կրող չեմ, ընդհանրապես, բոլոր գաղափարախոսություններն էլ կեղծ են, նախկինում պետք է եղել, ես ձեւացրել եմ, որ թունդ ուլտրալիբերալ եմ, ԼԳԲՏ պաշտպան, կրոնի եւ եկեղեցու թշնամի, պետք եղած տեղը` աթեիստ ու սատանիստ, հիմա սցենարը փոխվել է, ես էլ նոր դեր կխաղամ, կդառնամ թունդ նացիոնալիստ, Արագածի նկարը կհանեմ, տեղը Արարատի նկարը կկպցնեմ, կողքն էլ՝ Մեծ Հայաստանի քարտեզը, կրծքիս էլ Տիգրան Մեծի նկարը կդաջեմ, ամեն օր եկեղեցի կգնամ, ծնկաչոք կմտնեմ ու աղոթքի ժամանակ էլ գլուխս մի քանի անգամ կխփեմ գետնին, որ նույնիսկ ճակատիցս արյուն հոսի, եւ բոլորը տեսնեն ու համոզվեն, թե ինչ թունդ հայրենասեր եմ ես:
Պետք լինի` կստիպի նույնը անել իր թիմակիցներին, որոնց մեծ մասը լիբերալ-գլոբալիստական-ֆաշիստական գաղափարախոսության արտադրանք են, ոմանց էլ կարող է հրապարակային վառել, օրինակ, ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանին կամ թեկուզ` իր աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, որ տեսնեն եւ համոզվեն, որ ինքն իսկապես դարձի եկած հայրենասեր է: Միայն թե կարողանա մի քանի րոպեով մտնել ԱՄՆ նորընտիր նախագահի մոտ եւ նրան համոզել, որ ինքը մոլի նացիոնալիստ է, նժդեհյան ցեղակրոնի ոգով բոցավառված:
Բայց ԱՄՆ նախագահը ցույց է տալիս, որ դեմոկրատների թողած ժառանգությունն իրեն չի հետաքրքրում, այդ ժառանգությունն իր համար աղբ է, որը պետք է նետել պատմության աղբանոցը, ինքը մտադիր է պայմանավորվել աշխարհի մեծերի հետ, պայմանավորվել խաղի ընդհանուր կանոնների եւ ազդեցության գոտիների շուրջ եւ ոչ թե ինչ-որ մանր-մունր պետությունների թշնամացնել մեծերի դեմ, ամերիկյան փողն ու ռեսուրսը ծախսել այդ փոքր երկրների միջոցով մեծերի դեմ դավեր նյութելու, նրանց տակից ինչ-որ վնաս պատճառելու համար` համարելով, որ դա շատ կարեւոր է ԱՄՆ շահերի համար: Մի խոսքով, Փաշինյանը եւ նրա թունդ հակառուս ու ամերիկամետ քաղաքական թիմը Թրամփին պետք չեն, ինչպես կասեր նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը` զորացրված մարմնավաճառներ են:
Բայց դե՝ այդ դեպքի համար էլ Փաշինյանն իր լուծումն ունի. եթե Թրամփին հանդիպել չի հաջողվում, Վլադիմիր Վլադիմիրովիչը դեռ իր հեռախոսազանգերին պատասխանում է, Ռեջեփ Էրդողանը նույնպես դեմ չէ իր նման հնազանդ ենթակա ունենալուն: Մի խոսքով, պետք է ամեն ինչ անել իշխանությունը պահելու համար, իսկ քանի դեռ իր մուտքն ԱՄՆ չեն փակել, կարելի է հերոս հարկատուների գումարները մսխել՝ Հայաստանին ոչինչ չտվող եւ անիմաստ միջոցառմանը մասնակցելու անվան տակ Միացյալ Նահանգներում ճամփորդելու համար: