Օրերս հետաքրքրիր նորություն, ավելի ճիշտ մեկնաբանություն իմացա ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի վերաբերյլ: Պարզվում է, որ նա երկքաղաքացի չէր համարվում, քանի որ հայտնի չէր երկքաղաքացիության մասին։ Այս դարակազմիկ մեկնաբանության հեղինակն ԱԺ փոխնախագահ Ռուբինյան Ռուբեն է: Կա նաև դրա շարունակությունը. «նա հրաժարական տվեց, որովհետեւ հայտնի դարձավ, որ վերջինս երկքաղաքացիություն ունի։ Եթե դա սկզբից հայտնի լիներ, նա չէր կարողանա առաջադրվել նախագահի պաշտոնում»: Ու դրա հիման վրա եզրակացություն է արվում, որ Սամվել Կարապետյանը չի կարող լինել Հայաստանի վարչապետի թեկնածու կամ վարչապետ: Որովհետև, բացի Հայաստանի քաղաքացի լինելուց, նա նաև Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացի է։
Անկեղծ ասած, քեֆս բերեց այս մեկնաբանության տրամաբանությունը: Փաստորեն, այն, որ դեռևս ընդդիմադիր Փաշինյան Նիկոլը բողոքում էր, որ քաղաքացիության առումով Արմեն Սարգսյանն անհաղթահարելի խնդիրներ ունի, դա մեզ թվացել է: Իրականում նման բողոքներ չեն եղել: Չի եղել նաև վարչապետ կարգված Փաշինյանի հայտարարությունը, որ նախագահ Արմեն Սարգսյանն իրեն ինչ-որ փաստաթուղթ է ցույց տվել, ու դա իրեն բավարարել է: Ենթադրվում է, որ այդ փաստաթղթով հիմնավորվել է նշանակման կամ ընտրության (ինչպես կուզեք) իրավազորությունը: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիր կարգավիճակի պարագայում Սարգսյան Արմենի երկքաղաքացի լինելը հայտնի էր, բայց այն, ըստ Ռուբինյանի, դարձավ անհայտ, երբ Փաշինյանը կարգվեց վարչապետ: Ու շուրջ 4 տարի անց միայն բացահայտվեց նրա երկքաղաքացիությունը:
Ինչպես երևում է, Ռուբինյանը մոռացել է, որ մենք այնպես էլ չիմացանք չորրորդ նախագահի հրաժարականի պատճառը: Քանի որ վերջինս արաբական աշխարհի երկրներ իր հերթական գործարար այցից հետո վերադարձավ ոչ թե արևոտ (ասում եմ ընդհանրապես և ոչ թե կոնկրետ 2022-ի փետրվարի 1-ի առումով) Երևան, այլ նրան ավելի հարազատ դարձած մառախլապատ Լոնդոն: Կարծում եմ, որ կասկած չի կարող լինել, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբինյանի մտքերի հոսքն ընդունելի համարել չենք կարող: Բայց այն օգտագործվել է Սամվել Կարապետյանի առումով ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրվելու իրավունք չունենալը հիմնավորելու համար: Իսկ եթե հիմնավորումն ընդունելի չէ, ապա այն սխալ է, իսկ այդ դեպքում սխալ է նաև եզրակացությունը: Ճիշտ այնպես, ինչպես երկքաղաքացի Արմեն Սարգսյանն է դարձել ՀՀ նախագահ, ու դրա դեմ ոչինչ չի ունեցել ՀՀ վարչապետ կարգված Փաշինյան Նիկոլը, այնպես էլ եռաքաղաքացիություն ունեցող Սամվել Կարապետյանն իրավունք ունի գրանցվելու որպես ՀՀ վարչապետի թեկնածու:
ՀԳ. Ի դեպ, եթե Ռուբինյանն ավարտած լիներ ոչ թե ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների, այլ ֆիզիկայի ֆակուլտետը, ապա կարող էի ենթադրել, որ նա այդ հարցը դիտարկում է նույն տրամաբանությամբ, ինչ ֆիզիկուները լույսի տարրական մասնիկների՝ ֆոտոնների, հոսքը: Այն է՝ ամեն մի առանձին ֆոտոնի հետագիծը դիտարկող սարքի բացակայության դեպքում այն ունի ալիքի, իսկ սարքի առկայության դեպքում՝ դիսկրետ (ընդհատ) մասնիկի վարքագիծ: Այսինքն, հայտնաբերման ժամանակ ֆոտոններն իրենց պահում են որպես մասնիկներ, իսկ եթե բացահայտված չեն՝ որպես ալիք: Սա քվանտային մեխանիկայում կոչվում է տարրական մասնիկների վարքագծի դուալիզմ (լատիներեն «դուո»-երկու բառից):