Հարցազրույց

Այն ժամանակ նա ռուսամետ էր, հիմա է դարձել թուրքամետ

Այն ժամանակ նա ռուսամետ էր, հիմա է դարձել թուրքամետ

Նախօրեին տեղեկացել էինք, որ Երեւանում թուրքական կուսակցություն հիմնադրելու փորձ են արել: Երեւանի ավագանու անդամ Մարինա Խաչատրյանն էր անդրադարձել բլոգեր Արթուր Չախոյանի ձերբակալությանը, ով փորձել էր խափանել նշված կուսակցության բացման համագումարին։ 

«Երեւանում՝ Խուլ ու համրերի կենտրոնում, նախատեսվում էր բացել թուրքական կուսակցություն, որի հետեւում կանգնած է Թուրքիայում բնակվող Նատալյա Ալեքսանյան ներկայացող անձնավորություն, ով իրականում առեւտրական Տաթեւիկն է։ Սույն տիկինն ինտերնետային տիրույթում ակտիվ քարոզով փորձել է ՀՀ-ում բացել թուրքական կուսակցություն, որի ղեկավար կազմի մեջ է մտնում նախկինում ԼՀԿ անդամ, այնուհետ Մգեր Արմենիայի կուսակցության անդամ Ռոման Նազարյանը»,- «Հրապարակի» հետ զրույցում ասել էր Մարինա Խաչատրյանը: Երգիչ

Մգեր Արմենիան մեզ հետ զրույցում իր տարակուսանքը հայտնեց նախկին թիմակցի ծավալած գործունեության մասով, ապա շեշտեց, որ արդեն գրեթե երեք տարի է, ինչ Ռոման Նազարյանի հետ կապ չունի: Երգիչը նշեց, որ Հայաստանում պրոթուրքական կուսակցության հիմնադրումը եւս մեկ անգամ փաստում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունն աղետալի վիճակում է.

- Ձեր նախկին թիմակիցը, որը, այսպես ասած, Ձեր աջ ձեռքն էր ժամանակին, երբ «Ազգի ձայն» կուսակցությունը հիմնադրեցիք, այժմ թուրքական կուսակցություն է որոշել հիմնադրել: Տեղյա՞կ էիք:

- Ես էլ Ձեզ նման լուրերից եմ իմացել: Ռոման Նազարյանի հետ արդեն գրեթե երեք տարի ես ոչ մի կապ չունեմ, այնպես որ, նա վաղուց ոչ մի կապ չունի ո՛չ իմ հիմնադրած կուսակցության, ո՛չ էլ առավել եւս՝ ինձ հետ:

- Իսկ ինչպե՞ս էիք այդ թրքամետ անձնավորության հետ ծանոթացել:

- Այն ժամանակ նա հանդես էր գալիս որպես ռուսամետ, այսինքն` մեր կուսակցության համախոհը: Մեզ ծանոթացրել է Սոնա Աղեկյանը: Դրանից հետո սկսել ենք համագործակցել, որից հետո անցել է ժամանակ, եւ Ռոման Նազարյանը դուրս է եկել կուսակցությունից ու ոչ մի կապ չունի ինձ հետ:

- Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանում թուրքամետ կուսակցություն հիմնադրելուն:

- Շատ վատ եմ վերաբերվում: Շատ վատ է, որ մեր երկրում նման ուժեր են գործում: Դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանը գնում է դեպի անդունդ:

- Իսկ «Ազգի ձայն» կուսակցությունն ինչո՞ւ այլեւս ակտիվ գործունեություն չի ծավալում:

- Ոչ, ակտիվ գործունեություն ենք ծավալում: Կուսակցությունն «Ուժեղ Հայաստան, Ռուսաստանի հետ հանուն նոր միության» շարժման հետ է ակտիվ աշխատում, որը ղեկավարում է Հայկ Բաբուխանյանը: Մենք մեր գործունեությունը հիմա այդպես ենք ծավալում: Պասիվ վիճակ է, տեսնենք ուր է գնում մեր երկիրը:

- Եթե առաջիկայում ընտրություններ լինեն, կմասնակցե՞ք:

- Չգիտեմ, Դուք ի՞նչ եք կարծում՝ առաջիկայում կլինե՞ն ընտրություններ, ես դժվարանում եմ ասել: Ամեն դեպքում, ոչինչ հստակ չէ:

- Իսկ Բագրատ սրբազանի շարժման մասին ի՞նչ կարծիքի եք:

- Մասնակցել եմ, ողջունում եմ, բայց առայժմ ոչ մի գնահատական չեմ կարող տալ: Առաջին հանդիպումը, որ եղավ, ես այնտեղ էի, ի դեպ, կյանքում ոչ մի անգամ ցույցի չէի մասնակցել: Տեսնենք, առաջ Աստված: Չեմ ուզում դեռ ինչ-որ գնահատականներ տալ:


 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image