Հասարակություն

Իշխանյան գերդաստանի արժանի զավակը

Իշխանյան գերդաստանի արժանի զավակը

Ռեժիսոր և Իշխանյան տոհմի արժանի զավակ Հովհաննեսն, ինչպես միշտ, այսօր ևս բարձր պահեց գերդաստանի պատիվը: Ի տարբերություն «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի, վերջինս նախօրոք չէր հայտարարել, որ մասնակցելու է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագին: Բայց ոչ միայն մասնակցեց, այլև Վեհափառի անունը բարձրաձայյնելով՝ ստիպեց, որպեսզի «հայրենի» ոստիկանությունն, անօրեն կերպով և բռնի ուժ գործադրելով, նրան դուրս հանի շինությունից ու բերման ենթարկի: Ընդ որում, չնայած այն հանգամանքին, որ ինքը չէր էլ ընդդիմանում՝ ինչպես դա փորձում են անել ուկրաինացիները, երբ զինկոմիսարիատների աշխատակիցները ոստիկանների ներկայությամբ փողոցներում նրանց բռնի ուժով խցկում են մեքենայի մեջ՝ ռազմաճակատ ուղարկելու նպատակով: Հենց խցկում, քանի որ այդ բառը ոստիկանական գործողությունը նկարագրող համապատասխան բառն է: Իսկ ոստիկանների ասելով՝ բերման ենթարկելու ձևը: Ինչևէ, բռնի ուժի կիրառման առումով «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանի և «ժողովրդավարական» Ուկրաինացի իրավապահները խիստ նման են միմյանց: Նման են թե՛ գործողության ձևի և թե՛ յուրաքանչյուր մարդու առումով դրան մասնակցող համազգեստավոր անձանց քանակի առումով:

Ինչպես և սպասելի էր, վարչապետի պաշտոնը զբաղեցնողի գալուստն ու հեռացումն ուղեկցվեց Արարատյան թեմի առաջնորդ, եկեղեցականի փիլոնը դեռևս 10-ական թվականների սկզբին արատավորած Նավասարդ կամ ընդդիմադիր Փաշինայանի անվանած՝ «Բենթլի» Կճոյանի դիմավորումով և հրաժեշտով: Այնինչ, որքան հիշում եմ, Բագրատ Սրբազանն ասում էր, որ ինքն արքեպիսկոպոսական կարգավիճակով շատ ավելի բարձր է վարչապետի պաշտոնը զբաղեցնողից: Ու չնայած այսօր Բագրատ Սրբազանը բանտում է, իսկ վարչապետին պաշտոնին բազմածը Սրբազանին եղբայրակից հոգևորականներին է «փչացնում», սակայն դա չի նվաստացնում իրական հոգևոր մեծության արժեքը: Որովհետև կրոնական բոլոր կառույցներում և բոլոր ժամանակներում հայտնվում են թե՛ Բագրատ Սրբազանի նման և թե՛ Նավասարդ կամ «Բենթլի» Կճոյանի նման հոգևորականներ:  

Ի դեպ, Նավասարդ կամ ավազանի անունով՝ Սամվել Կճոյանն այն անձանցից է, ովքեր, իրենց կարծիքով, նպաստում են եկեղեցու բարեկարգմանը, իրականում օժանդակելով դրա կազմաքանդմանը: Ճիշտ այնպես, ինչպես վերջին տարիների ընթացքում կազմաքանդվեց բանակը, զրոյացվեցին պետական ինստիտուտները՝ քաղաքական և իրավական, համայնքային ու քաղաքացիական ինստիտուտները: Չեմ կարծում, թե 68-ամյա հոգևորականը, ով հասել է արքեպիսկոպոսի աստիճանի, այքանը չի գիտակցում: Կարող եմ ենթադրել, որ ստիպված է գնացել դրան թե՛ «կոմպրոմատների» բեռի ներքո և թե՛ Գարեբին Բ-ին փոխարինելու թաքնված հույսով: Երկու դեպքում էլ հայոց պատմության մեջ ինքը կհիշվի որպես եկեղեցու կանոնները շարունակ խախտած, հոգևոր բարձր աստիճանին ոչ արժանավոր սպասավոր:    

Քանի որ սկզբում հիշատակեցի Նարեկ Կարապետյանի անունը, ապա չեմ կարող չասել, որ անվանում ունեցող շարժումը, ինչպես հասկացա, չունի կաթողիկոսին պաշտպանելու առումով գործողությունների պլանի սեղմ նկարագիր՝ նախատեսված հատուկ մամուլի համար: Այլապես դրա վերաբերյալ իշխանական կայքի լրագրողի հարցը չէր մնա անպատասխան: Ինչն ընդունելի վարքագիծ չէ ընդդիմադիր շարժման համար: Հատկապես որ նախատեսվում է այն վերածել քաղաքական կուսակցության, իսկ ես էլ նախատեսում եմ ձայն տալ դրա ներկայացուցիչներին 2026 թվականի հունիսի 7-ին: Որպես վերջաբան ասեմ, որ Հռոմի պապը Ստամբուլում այցելում է Հայ առաքելական եկեղեցու պատարագին և աղոթում դրանում, իսկ հայաստանի քաղաքամայր Երևանում պղծվում է հերթական եկեղեցին: Ինչն արտահայտվում է թե՛ պատարագի կանոնակարգից շեղումով և թե՛ վարչապետի աթոռից կառչած անձին ուղղված ծափահարություններով: 

ՀԳ. Հոդվածի սկզբում նշել եմ Իշխանյան գերդաստանի մասին, և դա կատարել եմ գիտակցված: Որովհետև ավելի քան 45 տարի առաջ ԵՊՀ-ում ինձ դաս է տվել մեր հերոսի՝ իրական հերոսի, պապը՝ պրոֆեսոր Ռաֆայել Իշխանյանը: Ու որքան դժվար էր նրա ուսանողը լինելը, նույնքան պատվավոր էր քննությանը բարձր գնահատական ստանալը: Քանի որ այն իրական էր և ոչ թե ծանոթով նշանակովի, ու նրանից ձեռք բերվածն էլ մնայուն:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image