Մշակույթ

Կարդացեք Լեւոնի ողբը` Խորենացու ողբի նման

Կարդացեք Լեւոնի ողբը` Խորենացու ողբի նման

Բազմաթիվ գրքերի հեղինակ Լեւոն Ջավախյանը վերջերս հրատարակեց «Տուն գնացող արեւը» գիրքը, որտեղ, իր ոճին հարազատ, գրում է անկեղծ, զգացմունքային, խոհափիլիսոփայական ոճով։ Գրում է լոռեցու պարզամտությամբ՝ իր ապրած, զգացած թեմաների մասին, գրավիչ, հյութեղ շարադրանքով՝ ընթերցողին պարգեւելով մեծ հաճույք։ Նաեւ մեծ ցավով է գրում Արցախի կորստի մասին․ «Բա յոթանասուներկու տարի ապրեմ, որ տասնյակ դարեր ապրած Արցախի գոյության ավա՞րտը տեսնեմ»։ Գրքի էջերը ողողված են հեղինակի մղկտացող ողբով, անթիվ զոհերի, հողերի կորստի ցավով եւ սպասվող նոր արհավիրքների տագնապով։ 

Ջավախյանը մեծ հայրենասեր է, նա պատմագրի ճշտապահությամբ է շարադրել իր գիրքը։ Զոհված զինվորին նվիրված ամեն տողի մեջ ցավ կա` իր հարազատ զավակի կորստի չափ վիշտ։ Անասելի ծանր է հեղինակի համար Հայաստան աշխարհին սպառնացող վտանգը։ Որքան էլ վերլուծեմ Ջավախյանի գրքի գրավիչ հատվածները, Լեւոնից լավ չեմ գրի։ Նա գրում է․ «Ինչքան գրավիչ ես կորստյանի երկյուղիս տագնապներում, ի՞նչ անեմ, չքնաղ իմ երկիր, թաշկինակի հանգույն պստլիկ աշխարհ՝ քեզ գրպանումս պահեմ, դնեմ սրտի՞ս, թե՞ աչքերիս․․․․ Ախ, ոնց կուզեի վշտերս փարատեմ, ո՞վ կյանքիդ հետ խաղաց, ո՞ւմ ձեռքն ընկար, քեզ ո՞վ անդունդի եզրին հասցրեց»։ Կարդում եւ հասկանում ես, որ մարդը պետք է մեծ սիրտ, մեծ սեր եւ նվիրվածություն ունենա իր ապրած հողի հանդեպ, որ այսպես գրի։

«Տուն գնացող արեւը», ես կասեի, պատմական գիրք է։ Աստված չանի, որ ներկայիս կառավարիչներն իրենց ձեւով գրեն այսօրվա մեր պատմությունը։ Ջավախյանը պատմական առաջին գիրքն է գրել՝ կործանման եզրին հասած Հայաստանի մասին։ Սա Լեւոնի ողբն է՝ նման Խորենացու ողբին։ Իր էջերում նա հիշում է հայ ժողովրդի նվիրյալ զավակներին, հիշում է դեպքեր, զրույցներ։ Շատ տպավորիչ է Սերժ Սրապիոնյանի հետ զրույցը։ Լեւոնը զանգում է, ասում․ «Գիշերը երազում Աստծո հետ էի հանդիպել, պատմեցի, կարծում էի՝ առողջությունից կհարցնի, հիվանդ էր ծանր, ցավերի մեջ, բայց հարցրեց՝ մեր երկրի հետագայի մասին բան չասե՞ց»։ Ափսոս, նման մարդիկ շուտ են հեռանում։ Երկիրը որբանում է ամեն հեռացողով։

Գրում է նաեւ նուրբ հումորով, թե ինչպես է նոր ակնոց առնում, եւ մի ապակին կորչում է, ու չի նկատում։ Քայլում է փողոցով, բոլորը նայում` ժպտում, անցնում են, Լեւոնին թվում է, որ ինքն իր վերջին գրքով այնքան է հայտնի դարձել, որ իրեն նկատել ու ժպտացել են անցորդները, մտածում է, որ գիրքն իրեն մեծ փառք ու ճանաչում է բերել, այնինչ մարդկանց ուշադրությունը մի ակնանի ակնոցն է գրավել։ 

«Թող անիծյալ լինի իմ ճակատագիրը, որ կյանքիս մայրամուտին գորշ մոխիր սփռեց կարմիր արեգակիս ճանապարհին»։ Նզովյալ լինեք դուք․ ահա թե ինչ ցավով է գրել ամբողջ գիրքը հեղինակը, ի սեր Արցախի ինչ ցավ ու կսկիծ է ապրել։ «Հայի պարծանքը, հարգն ու պատիվը» վերնագրով նա ամենաջերմ խոսքերով է հիշում Հենրիխ Մխիթարյանին։ Նրան համարում է հավաքական հայի կատարյալ կերպար, ազգի որդի, պարծանք ու հպարտություն։ «Հաղթանակած թշվառականը» պատումի մեջ ցավով է գրում մեր նվաստացման, ոչնչացած հեղինակության մասին, Մոսկվայի զինվորական շքերթի, թուրքի բանակի խրոխտ քայլվածքի եւ մեր Գիքորի՝ մի անկյունում չնկատվող մոռացված գոյության մասին։ Այն դեպքում, երբ հայոց բանակն առանցքային դեր է ունեցել Հայրենական պատերազմում։ Եվ ցավով հարցնում է․ «Ախր, էս թշվառականին մեզ ո՞վ տվեց»։ 

«Ապերախտ Հայաստան» վերտառությամբ պատմվածքում նա գրում է իշխանությունների հակառուսական քաղաքականության մասին։ Նկարագրում է Հայաստանի նախասովետական շրջանը, մեր հսկայական ձեռքբերումները։ Հայաստանում ծավալվող բոլոր իրադարձություններն անցնում են հեղինակի զգայուն հոգու արձագանքով, նա մտահոգ է վաղվա օրով ու երկրի ճակատագրով, բայց կա նաեւ հավատ` հայի հավաքական կերպարի եւ հաղթանակի հանդեպ։ Գիրքն ընթերցվում է մի շնչով, որովհետեւ իրական է` դա այն է, ինչ մենք ապրել ենք վերջին ութ տարիներին։
Վերջաբանում գրում է․
«Մեր Արեգակը տուն է գնում,
Սպասենք արեւածագին»։

Վալենտինա Շահվերդյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image