Քաղաքականություն

Եվրամիությունը բացահայտորեն ֆինանսավորում է ՔՊ-ի քարոզարշավը

Եվրամիությունը բացահայտորեն ֆինանսավորում է ՔՊ-ի քարոզարշավը

Բրյուսելում գտնվող Արարատ Միրզոյանը հանդիպել է եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի հետ, որը հայտնի է իր հակառուսականության բացահայտ դրսեւորումներով: Այդ հանդիպման արդյունքում որոշվել է, որ Եվրամիությունը 15 միլիոն եվրո գումար է հատկացնելու Հայաստանին, որի մի մասը, ըստ էության, ուղղվելու է հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի վերարտադրության ապահովմանը, ՔՊ-ի կողմից իր քաղաքական հակառակորդների դեմ պայքարին: Սա բացահայտ միջամտություն է Հայաստանի ներքաղաքական կյանքին եւ Հայաստանի ինքնիշխանության ոտնահարման ցցուն դրսեւորում:

Կայա Կալլասը, Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով այդ գումարի նպատակային օգտագործման մասին, ասել է, որ ԵՄ-ի կողմից Հայաստանին տրվող գումարը կօգտագործվի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ արտաքին միջամտություններից Հայաստանի դիմադրողականության բարձրացման համար: «Ռուսաստանը եւ նրա արբանյակները խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանում ապատեղեկատվական արշավներ են անցկացնում։ Մենք տեսնում ենք նույն ցանցերի օգտագործումը Մոլդովայում, ինչը նշանակում է, որ սցենարը նույնն է։ ԵՄ ֆինանսավորումը կօգնի բացահայտել եւ արձագանքել նման ազդեցություններին»,- հայտարարել է եվրադիվանագիտության ղեկավարը: 

Ի՞նչ է սա նշանակում. ինչպես Մոլդովայի դեպքում, Եվրամիությունը որոշել է բացահայտ եւ անթաքույց միջամտել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, իր միջամտությամբ կանխորոշել ընտրության արդյունքները՝ հերթական անգամ Հայաստանի իշխանության ղեկին թողնելով իր դրածոներին: Կայա Կալլասը ճիշտ է ասում․ սցենարը նույնն է, ինչ Մոլդովայում. այնտեղ եւս ԵՄ-ն պաշտպանում էր իր դրածո Մայա Սանդուի կառավարությանը, իսկ հիմնական ընդդիմադիր ուժերը հայտարարվեցին ռուսական արբանյակներ, որոնց մի մասի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին արգելվեց․ քվեարկությունից ժամեր առաջ չեղարկվեց այդ կուսակցությունների գրանցումը, իսկ մի քանի կուսակցությունների ընդհանրապես արգելվեց նույնիսկ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնել եւ գրանցվել: Չնայած ընտրությունների արդյունքները խիստ վիճարկելի էին, ընդդիմությունը հրաժարվում էր ճանաչել  արդյունքների օրինականությունը, քանի որ կառավարող կոալիցիան կարողացավ հաղթել բացառապես դրսից` ԵՄ երկրներում գտնվող ընտրատեղամասերի արդյունքների հաշվին, ԵՄ-ն եւ դրան անդամակցող առանձին երկրներ միանգամից ճանաչեցին իշխող կոալիցիայի հաղթանակը՝ այդկերպ օրինականացնելով ընտրակեղծարարությունը:

Հիմա ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատարը Փաշինյանին եւ նրա իշխանությանն ասում է, որ մենք կանաչ լույս ենք վառում նաեւ ձեր առաջ. գործեք՝ ինչպես Մոլդովայի իշխանությունները․ բոլոր այն կուսակցությունները, որոնցից դուք պոտենցիալ սպառնալիք եք տեսնում, որոնք վայելում են հայ հասարակության, հայ ընտրողների համակրանքը եւ կարող են հաղթել ընտրություններում, կարող եք հռչակել Կրեմլի արբանյակներ եւ արգելել նրանց մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին, մենք միայն կողջունենք նման մոտեցումը: 
Հարց է առաջանում․ իսկ ինչի՞ համար է փողը, ընդդիմադիր կուսակցությունների՝ ընտրություններին մասնակցելն արգելելու համար փող պետք չէ, այն էլ՝ միլիոնավոր եվրոներ։ Դրա համար պետք են ընդամենը հնազանդ դատարաններ, որոնք կչեղարկեն այս կամ այն կուսակցության պետական գրանցումը, եւ նույնքան հնազանդ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որը կարգելի կուսակցության մասնակցությունն ընտրություններին, եթե ինչ-ինչ պատճառներով դատարանը չչեղարկի որեւէ ընդդիմադիր կուսակցության գրանցումը: Այդ երկուսն էլ փաշինյանական իշխանությունն այսօր ունի` կամակատար դատարաններ եւ միանգամայն վերահսկելի ԿԸՀ: Փողը տրամադրվելու է ոչ թե Հայաստանին, այլ դրանով ֆինանսավորվելու են եվրոպական PR ընկերությունները, որոնք քաղտեխնոլոգիական աջակցություն են տրամադրելու իշխանությանը եւ ՔՊ-ին: Այդ գումարից Հայաստանին եւ հայ ժողովրդին նույնիսկ մի եվրո էլ չի հասնելու, իսկ, այ, անձամբ Կայա Կալլասին կամ նրա աջակցությունը վայելող կազմակերպություններին՝ հաստատ: Ի դեպ, սա էլ նոր բան չէ. նույն Մոլդովայում իշխանությունների քարոզարշավի կազմակերպմանը տեղեկատվական եւ քարոզչական աջակցություն էին տրամադրում եվրոպական քաղտեխնոլոգիաներ մատուցող կազմակերպությունները: Մեր ունեցած տեղեկություններով, նրանք արդեն մեկ ամսից ավելի է՝ գտնվում են Հայաստանում եւ համապատասխան գործունեություն են ծավալում: Եվրոպան իր վրա վերցրեց նրանց ֆինանսավորման հարցը:

Կալլասի այս հայտարարությունից ամենաշատը պետք է զգուշանա «Մեր ձեւով» շարժումը, որն այս պահին ամենամեծ հանրային աջակցությունը վայելող ուժն է, եւ որի փաստացի առաջնորդ Սամվել Կարապետյանը պատանդառված է փաշինյանական իշխանության կողմից: Չի բացառվում, որ ընդդիմադիր այլ ուժեր եւս փաշինյանական իշխանության կողմից հռչակվեն որպես ռուսական արբանյակ, եւ արգելվի նրանց մասնակցությունն ընտրություններին: ՔՊ-ն եւ Փաշինյանը հաղթելու միայն մի տարբերակ ունեն․ եթե ընտրություններին մասնակցեն միայնակ կամ սեփական արբանյակների հետ, իսկ եվրաչինովնիկները չեն ուզում կորցնել վերահսկողությունը Հայաստանի նկատմամբ, որն անպայման տեղի կունենա իրենց դրածո ուժի պարտության դեպքում:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image