Մի քանի օր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ բարձր ամբիոնից հայտարարեց․ «Սիրելի՛ ժողովուրդ, չհուսահատվե՛ք, չվհատվե՛ք: Դուխներդ տեղը, գլուխներդ բարձր, որովհետեւ, այո՛, Հայաստանում կա ապագա, Հայաստանում ապագա կա, Արցախում կա ապագա, Արցախում ապագա կա, հայ ժողովուրդն ունի ապագա, եւ մենք միասին կերտելու ենք ազատ, երջանիկ եւ հզոր այդ ապագան»։
Արցախում հավատո՞ւմ են արդյոք ապագայի մասին Փաշինյանի խոստումներին՝ փորձեցինք ճշտել արցախցիներից։ Մեր հարցախույզից պարզ դարձավ, որ ԱՀ իշխանականները գերադասում են լռել իրենց ապագայի մասին։ Փաշինյանի դաշնակից Արայիկ Հարությունյանի պատգամավորները խանդավառված չեն այդ խոստումներով եւ դիֆերամբներ չեն հնչեցնում նորահայտ «փրկչի» հասցեին։ Հավատո՞ւմ են Փաշինյանի խոստացած «Արցախի ազատ, երջանիկ եւ հզոր ապագային»․ այս պարզ հարցին նրանք կա՛մ պատասխան չունեին, կա՛մ ուղիղ պատասխանի փոխարեն ինչ-որ բան էին ասում ու անջատում հեռախոսը։
«Ազատ հայրենիք» խմբակցության պատգամավոր, ԱԺ կրթության, գիտության հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանն իրեն նույնիսկ իրավունք չվերապահեց խոսել Հայաստանի վարչապետի հայտարարության մասին․ «Մենք մեր կարծիքը պարբերաբար հայտնում ենք, նույնիսկ ծրագրեր ենք ներկայացնում՝ «Արցախի ապագա» վերնագրով, այնպես որ՝ կարող եք հետեւել եւ կիմանաք, հստակ երեւում է, թե ինչպես ենք պատկերացնում, ինչ ապագա ունի Արցախը։ Այսքանով բավարարվեք»։
Իշխանության դաշնակից, Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավոր Մարսել Պետրոսյանն էլ հարցը լսելուց հետո ասաց, որ վատառողջ է, ապա ուղղորդեց խմբակցության ղեկավարի կողմը․ «Կներեք, վատ չէր լինի, որ խմբակցության ղեկավարը պատասխանի այդ հարցին։ Ես ասելիք չունեմ այդ մասին»։ Թեկուզ մեկ բառով պատասխանեք՝ հավատո՞ւմ եք ՀՀ վարչապետին, որ միասին կարող եք կերտել ապագա։ «Ես այդ հարցի կապակցությամբ ասելիք չունեմ»։
«Ազատ հայրենիք» կուսակցության պատգամավոր Նելա Գրիգորյանի խոսքով՝ անչափ բարդ հարց ենք տալիս, եւ խնդրեց, որ իրեն այդ հարցը չտանք։ «Ի՞նչ ասեմ, չեմ կարող ոչինչ ասել, իրոք չեմ կարող»,- հուսահատ ձայնով ավելացրեց նա։ Այս իշխանության հետ ապագա չե՞ք տեսնում։ «Չեմ կարող ասել։ Ես գուշակ չեմ, որ իմանամ՝ ինքը (նկատի ունի Փաշինյանին) ճի՞շտ է ասում, թե՞ ոչ»։ «Ես շատ-շատ եմ մտածում մեր ապագայի մասին, բայց այդ հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ իրոք դժվարանում եմ»։ Հնարավո՞ր է, որ կորցնեք մանդատը, եթե ասեք, որ չեք հավատում։ «Կներեք, դրան էլ եմ դժվարանում պատասխանել»։
Արցախի ԱԺ «Արդարություն» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասում է, որ իշխանական իր գործընկերներն ազնիվ չեն, պետք է խոստովանեն, որ իրենք Արցախի ապագան, իսկապես, կապել են Փաշինյանի հետ․ «Իրենք չէի՞ն, որ 1000 հոգով մասնակցում էին Նիկոլ Փաշինյանի հայաստանյան հանրահավաքին, Նիկոլ Փաշինյանն այստեղ միայն իրենց հետ էր հանդիպում։ Ավելի ճիշտ՝ իրենք ոչ թե Արցախի ապագան են կապում այդ մարդու հետ, այլ՝ իրենց իշխանության ապագան, որովհետեւ գիտեն՝ եթե Հայաստանում իշխանություն փոխվի, իրենց իշխանությունը եւս վտանգի տակ է հայտնվելու»։
Կատարվածից հետո խոստանալ հզոր ու երջանիկ ապագա, ընդդիմադիր պատգամավորի խոսքով, անամոթություն եւ խայտառակություն է․ «Արցախի ժողովուրդը լավ է տեսնում, որ Նիկոլ Փաշինյանը հիմա էլ խաղաղության քարոզ է տանում, ադրբեջանցիների հետ համատեղ ապրելու ծրագիր է փորձում իրականացնել, իսկ արցախցին գիտի, որ անհնար է խաղաղ ապրել նրանց հետ, քանի դեռ չեն ընդունել Հայոց ցեղասպանությունը, քանի դեռ չեն ազատել մեր օկուպացված տարածքները»։
Նրա խոսքով՝ Փաշինյանի հետ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ապագան կործանարար է․ «Այո, Փաշինյանի հետ ապագա տեսնում ենք, բայց այդ ապագան մեզ տանում է կործանման»։ Նա հիշեցնում է, որ կատարվածի թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է․ «Այդ մարդն այնքան սուտ է խոսել, որ հիմա չի նկատում, որ ինքն է արդեն իրեն հակասում։ Մի ժամանակ ասում էր, որ՝ այո, ես եմ գերագույն հրամանատարը, ու թող ոչ ոք չկասկածի, իսկ մի քանի օր առաջ խորհրդարանում ողջ մեղքը բարդում էր գեներալների վրա։ Եթե այդ մարդն ինքն է իրեն հերքում, էլ ի՞նչ ասես։ Ինչպես պատերազմի ընթացքում խաբելով մեզ տարան պարտության, այնպես էլ հիմա ամպագոռգոռ խոստումներով են տանելու կործանման»։