Հարցազրույց

Ասում էի, որ պատգամավոր եմ՝ չի կարելի, մի արեք, աչքներին բան չէր երևում՝ հարվածեցին, ընկա

Ասում էի, որ պատգամավոր եմ՝ չի կարելի, մի արեք, աչքներին բան չէր երևում՝ հարվածեցին, ընկա

Հոկտեմբերի 20-ին Գյումրին արթնացավ ուժային աննախադեպ բռնաճնշումների տեսարանների ականատեսը դառնալով․ ոստիկանները քաղաքի ընտրված քաղաքապետին՝ բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկեցին, ինչպես նաեւ 4 տասնյակից ավելի քաղաքացիների։ Չխնայեցին անգամ անձեռնմխելիներին։ 

«Հրապարակ»-ի զրուցակիցը «Հայաստան» խմբակցության ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանն է, ով այդ օրը Գյումրի էր շտապել՝ կարգուկանոն հաստատելու։ 

-Պատահական իմացանք, որ Դուք էլ եք տուժել ոստիկանների գործողություններից, անգամ լուրջ վնասվածքներ ունեք։ 

-Այո, դեռ պառկած եմ, աչքս է վնասվել, գոտկատեղի հատվածում, կողերս են վնասվել։ Երբ քաղաքացիների ու ոստիկանների միջև հրմշտոց սկսվեց, ես փորձեցի հանդարտեցնել, հասկացնում էի, որ պատգամավոր եմ, չի կարելի, մի արեք, իրենք ոչինչ հաշվի չառան, աչքներին բան չէր երևում, հարվածեցին, ընկա։ 

-Չեք պատրաստվո՞ւմ հաղորդում ներկայացնել։ 

-ՀՅԴ անդամ Աշոտ Սիմոնյանին հիշում եք՝ ինչպես էին ծեծի ենթարկել, ով պատասխան տվեց դրա համար, հիմա, իհարկե ապարդյուն է․․․ 

-Ի՞նչ կատարվեց Գյումրիում, ըստ Ձեզ, ընդդիմության համար դա սպասելի՞ չէր, ինքը՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը տևական ժամանակ է՝ ահազանգում էր, որ իր նկատմամբ բռնաճնշումներ կան, կանխատեսում էր, որ իրեն ձերբակալելու են, հետո կալանավորեն։ 

-Իհարկե, սպասելի էր, սպասելի էր նաև, որ շոու է լինելու։ Ամբողջ ոստիկանական համակարգը Գյումրիում էր, եկել էին ադրբեջանական դիվերսանտներին տանեին։ Ջրի շշեր նետեցին հրապարակում, այլ առարկաներ, հետո դրանցից փորձանմուշներ էին անում, ամբողջ շոուն լիարժեք ապահովված էր։ ՀՀ իրավական համակարգն այդ մակարդակին իջեցնելն ուղղակի անասելի ամոթ է։ Ամբողջ համակարգն զբաղված է միայն մեկ անձի պաշտպանության խնդրով։ 

-Այ, ասացիք՝ այդ օրը Հանրապետության ողջ ոստիկանությունը Գյումրիում էր, ընդդիմությունը Երևանում անելիք չունե՞ր, հարմար առիթ էր, մի՞թե հնարավոր չէր որևէ բան ձեռնարկել։ 

-Ամեն ինչ կարելի էր, բայց արդյոք դա արդյունք կտար, բացի դա, իրենք ամեն ինչ ամեն դեպքում հաշվարկել էին, չկարծեք, որ Երևանում ոստիկան չէին թողել։ 

-Ի՞նչ սցենար է սպասվում Գյումրիում, հոկտեմբերի 25-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակելու է եզրակացություն, որը ըստ երևույթին Գյումրու փոխքաղաքապետ՝ Ղուկասյանի փեսա Ավետիս Առաքելյանի պաշտոնավարման դեմ է լինելու, սպասելի է, որ նրան էլ կզրկեն պաշտոնից եւ ի՞նչ է ստացվում՝ Բալասանյանների սցենարով ՔՊ-ն նորից կզավթի երկրորդ քաղաքի իշխանությունը։ 

-Ես վստահ եմ, որ ավագանու ընդդիմադիր ուժերը դա թույլ չեն տա։ Ամենաիրատեսական լուծումը, որ կլինի, թասիբով գյումրեցիներն ամեն գնով կպահեն քաղաքապետի աթոռը ու այն չեն տա ՔՊ-ին, կտեսնեք՝ ամեն ճանապարհով կպահեն։ 

-Իսկ ընդդիմությունն ունի՞ այդ ռեսուրսը, եթե հաշվի առնենք, որ այս պահին քաղաքապետի մի ձայնը պակասում է եւ չի բացառվում, որ փեսայի նկատմամբ ևս այլ միջնորդություն լինի։ 

-Այո, ունեն, հնարավորություն կա, մեծ բեռն հիմա իրենց վրա է, ամեն գնով պիտի պահեն։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image