Քաղաքականություն

Հերոս լինելուց զատ հարկատուն «դարձավ» նաեւ երջանիկ

Հերոս լինելուց զատ հարկատուն «դարձավ» նաեւ երջանիկ

ՓՄՁ-ների եւ հարկային կարգապահության մասին խոսելով՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը, ըստ «hraparak.am» կայքի, նշել է, որ հարկ վճարելը բեռ չէ, այլ՝ անհրաժեշտ պայման՝ երջանիկ եւ կայուն հասարակություն ունենալու համար։ Նրա խոսքով, շատ փոքր եւ միջին ձեռնարկություններ դեռեւս շարունակում են գործել ստվերում՝ խուսափելով հարկերից։ Հակոբյանն ընդգծել է, որ հարկերից խուսափելու մշակույթը պետք է վերանա, իսկ հարկ վճարելու գաղափարը պետք է ընկալվի որպես նորմալ քաղաքացիական պարտք։ 

Անկեղծ ասած, չեմ պատկերացնում հարկ վճարելու եւ երջանիկ հասարակություն միջեւ կապը: Կարող եմ ենթադրել, որ կայունության հետ այն կարող է կապ ունենալ, բայց երջանկության առումով խիստ կասկածում եմ: Ենթադրում եմ, որ այդ գաղափարը նա ստացել է իրեն պաշտոնի նշանակողից: Իսկ վերջինս էլ դա բխեցրել է սկանդինավյան երկրների փորձառությունից: Հայտնի է, որ այլ երկրների հետ համեմատած՝ սկանդինավցիներն ամենամեծ հարկատուներն են ու, միաժամանակ՝ ամենաերջանիկ ժողովուրդները: Բայց, որքան ինձ հայտնի է, այդ երկու գործոնների միջեւ առկա չէ պատճառահետեւանքային կապ: Եվ երջանիկ լինում են ոչ թե շատ հարկեր մուծելու, այլ՝ բազմաթիվ այլ գործոնների պարագայում, որոնցից ամենաառաջնայինը, ինչպես ենթադրում եմ, անվտանգության զգացումի առկայությունն է: Ինչը, դժբախտաբար, առկա չէ ՀՀ-ում: ՊԵԿ նախագահի բարձրաձայնած մյուս մտքերի հետ, բնականաբար, չեմ կարող չհամաձայնել:

Անցնենք կոնկրետ ՓՄՁ-ների խնդրին: Որքան տեղյակ եմ, այս տեսակն արտասահմանում բնորոշված է որպես սոցիալական ձեռնարկատիրություն, ինչը նշանակում է, որ այդ ոլորտի հիմնական գործառույթը ոչ թե հարկ վճարելն է, այլ մասնակիցների սոցիալական խնդիր լուծելը: Վերջինիս ներքո հասկացվում է մարդկանց համար որոշակի զբաղվածություն ապահովելով՝ նաեւ որոշակի եկամուտներ ձեռք բերելուն նպաստելը: Հատկապես՝ երբ խոսք է գնում տարիքով կամ ինչ-ինչ խնդիրներ ունեցող մարդկանց մասին: Համենայնդեպս, այդպես էր ներկայացվում ՓՄՁ ոլորտի տեսլականը, երբ մի քանի տասնամյակ առաջ մեր երկրում մշակվում էր ոլորտի զարգացման ռազմավարությունը: Կարծում եմ, որ այն մնացել է նույնը՝ հատկապես որ, ինչպես նշվեց, այն ժամանակին «քոփի փեյսթ» է արվել Արեւմուտքից: Բայց մեկ-մեկ մտածում եմ, որ Նիկոլի օրոք դա կարող է նաեւ փոխված լինել: Ճիշտ այնպես, ինչպես մնացած ամեն երեւույթ՝ ճիշտ «Ալիսան՝ հայելիների աշխարհում» վիպակի բովանդակության հանգույն:

Կարծեմ՝ Գերմանիայից վերադառնալուց հետո ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը ներկայացրել էր մի օրինակ, թե ինչպես են տեղի թոշակառուները զբաղվում բիզնեսով: Այն է՝ որեւէ թոշակառու փոքր բիզնես է բացում ու իր նման մի քանի թոշակառուի աշխատանքի վերցնում: Որպես թոշակառու՝ կարող եմ վկայել, որ դա գրագետ գաղափար է, որովհետեւ բոլորը ֆրանսիացի չեն, որ կռիվ տան կառավարության դեմ, ինչ է թե՝ այն փորձում էր երկու տարով բարձրացնել թոշակային տարիքը: Կարծում եմ, որ մեզանում ճիշտ հակառակ արձագանքը կլիներ՝ հաշվի առնելով նվազագույն կենսաթոշակի (36 հազար դրամ) հարաբերակցությունը պարենային զամբյուղին (33 հազար դրամ) եւ նվազագույն սպառողական զամբյուղին (61 հազար 500 դրամ):

Ինչեւէ, գերմանական փորձը մեզանում գովազդելով՝ վերը նշված անձը կատարեց այնպիսի քայլ, որը փակեց այդ փորձի տարածումը Հայաստանում: Վերհիշենք «Ալիսան հայելիների աշխարհում» վիպակը, երբ հերոսները, տեղում կանգնելու համար, ստիպված են լինում վազել: Փոքր գործարարներին աջակցելու փոխարեն վերջինս բարձրացրեց հարկատեսակի (կարծեմ՝ շրջանառության հարկն է) չափը՝ այդ քայլն արդարացնելով փաստաթղթային շրջանառության բացակայությամբ: Իհարկե, որպես բոնուս ասվեց, որ կատարված ծախսերի ամբողջական փաստաթղթավորումն իջեցնում է հարկի չափը: Մնում է, որ խոշոր գործարարները կամ գյուղացիները փաստաթուղթ տրամադրեն փոքր գործարարներին: Թե որքանով է դա իրական, կարծում եմ՝ այդ առումով կհամոզվեր ինքը, եթե գոնե մեկ տարով փոքր «բուդկա» աշխատեցներ, ինչն իր համար կարող էր լինել ՓՄՁ-ի հարկման առումով լավագույն  փորձառությունը: Եթե, իհարկե, այդ հարցում եւս չզբաղվեր իրեն հոգեհարազատ մանիպուլյացիայով, ինչը բացառել հնարավոր չէ:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image