Փետրվարի 3-ին տեղի կունենա «Ծովակալ Ուշակովի առեղծվածը» լիամետրաժ կինոնկարի պրեմիերան։ Ցուցադրությունը կկայանա Մոսկվայի Սուրբ Փրկչի մայր տաճարի եկեղեցական ժողովների սրահում։ Կինոնկարի ցուցադրությանն իր օրհնությունն է տվել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։ Նկարահանվել է ՌԴ նախագահի Մշակութային նախաձեռնությունների հիմնադրամի կողմից։ Վերջին յոթ տասնամյակում սա առաջին շարժանկարն է՝ նվիրված ռուս անվանի ծովակալին։
Ֆիլմը պատկանում է պատմաարկածային ժանրին։ Մասնակցել են դերասաններ Յուրի Բելյաեւը, Միխայիլ Բոյարսկին, Ալեքսանդր Լազարեւը, Իվան Տրուշինը, Իրինա Կրյուչկովան, Ստանիսլավ Դուժնիկովը եւ այլք։ Նկատենք, որ ռուսական քաղաքական ներկայիս վերնախավում Ուշակովը կարեւոր պատմական ֆիգուր է համարվում։ Նրան դիտարկում են որպես տաղանդավոր զորավար, դիվանագետ եւ բարեգործ։ Ի դեպ, ծովակալ Ուշակովը սրբադասված է Ռուս ուղղափառ եկեղեցու կողմից, համարվում է Ռուսաստանի ռազմածովային ուժերի եւ Մորդովիայի հովանավոր սուրբը։ Վերջին անգամ Ֆյոդոր Ուշակովի մասին կինոնկար նկարահանվել է 1953 թվականին՝ Միխայիլ Ռոմի կողմից։
Դա երկմասանի կինոպատում է՝ «Ծովակալ Ուշակով» եւ «Նավերը գրոհում են բաստիոնը» վերնագրերով։ Սցենարը գրել է Յուսուպ Ռազիկովը, որը հայտնի է պատմական կինոնկարի դիպուկ եւ վավերական պատմությանը հարազատ կինոսցենարներով։ Նրան են պատկանում Պոտյոմկինի եւ Արամ Խաչատրյանի մասին նկարահանված ժապավենների սցենարները։