Երկու ամսվա ընթացքում, շուրջ 22 հազար, 31 հազար և 41 հազար հանդիսատեսով Երևանում տեղի ունեցած երեք համերգի հանգամանքը ոչ թե «կյանքի, խաղաղության ցնծություն» է, ինչպես ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, այլ պարտվողականության ցնծություն: Համարյա թե ճիշտ այնպիսի ցնծություն, ինչպիսին նկարագրված է Ա. Ս. Պուշկինի (1799-1837) «Խրախճանք ժանտախտի ժամանակ» փոքր ողբերգությունում: Բուհական ուսումը կիսատ թողած անձը, չգիտեմ, ծանոթ է, թե ոչ այդ հանճարեղ ստեղծագործությանը:
Չնայած, եթե նույնիսկ ծանոթ էլ լիներ, կարծում եմ, կրկին կմնար իր մանիպուլյատիվ կարծիքին: Նաև կավելացներ, որ այն «իրական Հայաստանում, իրական մարդկանց կյանքի ցնծություն» է: Իրականում, այն հայրենիքի դառը ճակատագրի վրա թքած ունեցող մարդկային էակների ցնծություն է: Մարդկային էակների, քանի որ դժվար է դրանց մարդ անվանելը:
Դա՝ մեկ, և երկրորդ. չեմ կարծում, թե այդ երեք համերգին ներկա է եղել ընդհանուր առումով 94 հազար մարդ՝ չնայած նման պատկերացում է առաջանում ֆեյսբուքյան գրությունը կարդալիս: Որովհետև հայրենիքի ցավով չտառապողները մեծ հաճույքով կարող էին ներկա գտնվել երեքին էլ:
Հետաքրքիր կլիներ, եթե երկրորդ և երրորդ համերգներին կամ գոնե երրորդին այդ առումով մի փոքր հարցում անցկացվեր հանդիսատեսի շրջանում: Ու այդ ժամանակ հաջորդ տարի տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններից առաջ հասարակությունը կիմանար, թե մոտավորապես որ տոկոսն է, որ «Զանգեզուրի միջանցքը» թշնամուն հանձնելու վերաբերյալ քննարկումների ընթացքում կարող է տրվել համերգային կայֆերի: Ու պարզ կլիներ նաև, թե մարդկանց որ մասն է նիկոլական «իրական Հայաստանի» վիրտուալ քաղաքացին: Այո, հենց վիրտուալ, քանի որ նիկոլական «իրականությունն» ընդամենը մտավոր հորինվածք է, պատկերացում, որ նա փորձում է կյանքի կոչել:
Եվ եթե այն հիմնված լիներ նախկիններից ժառանգություն ստացած հաղթական պետության հենքի վրա, ապա դրան ոչ մեկը չէր կարող առարկել: Ինչպես դա առկա էր մինչև պատերազմը, որում մենք խայտառակ պարտություն կրեցինք «չշշկռվելիք գերագույնի» հրամանատարության ներքո: Սակայն իրականն այն Հայաստանն է, որն ինքնիշխանությունն ամրապնդելու անվան ներքո աստիճանաբար կորցնում է նույս այդ ինքնիշխանությունն ու նույնիսկ անկախությունը:
Այն Հայաստանն է, որը պատրաստ է, իր ասելով, «խմել թուրանական ջուրը»: Ու դա այն դեպքն է, երբ, հանուն սեփական իշխանության պահպանման, ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը պատրաստ կլինի խմել ոչ միայն թուրանական ջուրը, այլև համբուրել այդ թյուրքախոս այդ վայրերում պատրաստված ու տարիների օգտագործումից մաշված մաշիկը:
Դա նույն կեղծ իրականությունն է, որն առկա է Ֆեյսբուքում կամ Ինսթագրամում: Վստահաբար, հենց դա է պատճառը, որ ինքն այդ աստիճանի ակտվիություն է ցուցաբերում վիրտուալ այդ հարթակներում:
Ոնց հասկանում եմ, երբեմնի «դուխով» Նիկոլը փորձում է վերագտնել իրեն վիրտուալ հարթակներում, քանի իրական հողի վրա ինքը վաղուց վերածվել է «խեղճ հարիֆի»:
Այդ փոխակերպման սկզբնական շրջանում դա իրեն ձեռ էր տալիս, նույնիսկ փորձում էր կայֆ ստանալ դրանից. հիշենք թուրք անվանվելուց չվիրավորվելը կամ պարտությամբ հպարտանալը: Բայց դա երկար շարունակվել չէր կարող, քանի որ ազդում էր արտերկրյա ղեկավարության՝ իր նկատմամբ ունեցած վերաբերմունքի վրա:
Ու այդ պատճառով էլ հողի վրա գոյություն ունեցող «խեղճ հարիֆը» փորձեց կրկին վերածվել «դուխով»-ի գոնե վիրտուալ տարածքում: