«Կրթվելը նորաձեւ է» արշավի շրջանակներում օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Սյունիք կատարած այցի ընթացքում մտել էին նաեւ մի քանի եկեղեցի, մոմ վառել եւ հեռացել։ «Հրապարակին» պատմել էին, որ կիրակի օրը Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը եկեղեցու իր սենյակում է եղել, երբ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մտել են եկեղեցի, մոմ վառել եւ դուրս եկել: Մինչդեռ քաղաքացիներն անհամբեր սպասել են, որ Տեր Ահարոնն իշխանական զույգին դուրս կհրավիրի Աստծո տաճարից։
Մեզ հետ զրույցում Տեր Ահարոնն ասաց, որ նման բան չէր կարող լինել, նախ` ինքը չէր կարող «պախկվել» իր սենյակում, երբ «հայրեանավաճառը» մտել է եկեղեցի, եւ հետո՝ դրա մասին տեղյակ չի էլ եղել, քանի որ Սուրբ սեղանի մոտ պատարագ մատուցելիս է եղել․ «Կիրակի օր էր՝ հոգեգալստյան պատարագ, եւ այդ ժամանակ ես Սուրբ սեղանի մոտ պատարագում էի ու չգիտեմ, թե այդ ապատեղեկատվությունը որտեղից է եկել, ու ով է տարածել... Ես եղել եմ Սուրբ սեղանի առջեւ կանգնած եւ չեմ էլ տեսել, որ ինքը մտել է եկեղեցի, ինձ հետո ասացին, որ կինը հետը չի եղել, ինքը մենակ է եղել եւ եկել է մի պատգամավոր կոչվածի հետ, որի անունը չեմ տա, բայց որն ասում է՝ իբրեւ թե Գորիսում քահանան քաղաքական հայտարարություններ է անում պատարագի ժամանակ եւ այլն․․․․ Ես պատարագի ժամանակ խորանից խոսում եմ Աստծո, օրվա խորհրդի, հայրենասիրության մասին, իսկ արդեն ներքեւում՝ ատյանում, ասում եմ՝ ժողովուրդ ջան, այսպիսի բաներ են սպասվում․․․, գուցե դիվահարվե՞լ է նրանից, որ համայնքին ասել եմ՝ եկեք ամեն օր, երեկոյան 10-ին՝ ամեն մեկս մեր տանը «Հայր մեր» աղոթքն ասենք, որ սատանայի ծրագիրը չիրականանա, եւ իրենք դրանից վատ են զգացել։ Ասել եմ, որ այսպիսի վտանգներ են սպասվում՝ եկեղեցի, Սյունիք, պատերազմ, եւ եկեք աղոթենք, որ չարի ծրագրերն Աստված խափանի։ Ու քանի որ իրենք չար են, հասկանալի է, թե ինչի համար են դիվահարվում։ Ես տեղեկություններ ունեմ, որ հիմա աղանդավորներից խումբ է ստեղծում, որ եկեղեցու վրա հարձակվեն, դրա մասին նույնիսկ մի քանի տելեգրամյան ալիքներում կարդացի, ու բոլոր աղանդավորների, եկեղեցիների ներկայացուցիչների հետ զրույց է ունեցել՝ Կյանքի խոսք, հոգեգալստականներ, Եհովայի վկաներ, Ռեմա, դրանք իր ընտրազանգվածն են։ Հիմա ո՞րն է մեր խնդիրը․ մենք՝ որպես ազգ, պետք է մեզ պահպանենք, սատանայի առաքյալն ամեն ինչ անելու է, որ հայոց օրգանիզմը սպանի, եթե մենք եկեղեցին հանում ենք մեր իրականությունից, աղանդավորները, այլասերվածները, սորոոսականները միանգամից կուլ են տալու երկիրը»։
Այն, որ վերջին շաբաթվա ընթացքում գրեթե ամեն օր Փաշինյանն իր էջում Աստվածաշնչից մեջբերումներ է անում, Տեր Ահարոնը նկատում է․ «Սատանայից լավ Աստվածաշունչ իմացող չկա, բայց նա ավեր ու արյուն է բերում, քանի որ ինքն էլ սատանայի ճուտ է, քրիստոնյա հայ մարդը ձեռք չի բարձրացնի իր մոր վրա, որն իրեն կաթ է տվել, կերակրել, պահպանել։ Աստվածաշունչն ասում է՝ որդյակ իմ, լսիր մորդ խրատը եւ մի արհամարհիր հորդ պատվիրանը, որ երկար կյանքի օրեր ունենաս, մեր սրբերի մեկնաբանությամբ, մորդ խրատը ասելով՝ նկատի ունի եկեղեցու խրատը եւ Աստծո պատվիրանը։ Այսինքն՝ եկեղեցին, որ դարեր շարունակ մեզ հայ է պահել, ինքը սատանայապաշտ երեւույթներին հավաքում է եկեղեցու դեմ, դա ի՞նչ է նշանակում։ Այստեղ խնդիրը նույնիսկ կաթողիկոսն էլ չէ, եթե վարքաբանության հարց կա, թող մի հատ ինքն իր վարքաբանությանը նայի։ Եթե մարդն առանց գրանցվելու մեկի հետ ապրում է, աստվածաշնչյան խոսքի համաձայն, դա կոչվում է պոռնկություն, իսկ իրենցից ծնվածները կոչվում են պոռնկության անկողնուց ծնված զավակներ, եկեղեցին ո՛չ օծում է անում, ո՛չ ձեռնադրում՝ համարելով, որ ապօրինի զավակներ են։ Հիմա այդ մարդը եկեղեցուց դուրս է, ու երբ սատանան Հիսուսին փորձում էր, աստվածաշնչյան խոսքերով էր փորձում, բայց՝ կիսատ։ Ինքը փորձելու է հավաքել աղանդավորներին, որովհետեւ հայ մարդը հասկանում է, որ եթե այսօր ինքը կա՝ եկեղեցու շնորհիվ է, ինքը փորձելու է դա աղանդավորների միջոցով անել։ Բայց մի հետաքրքիր բան էլ կա․ նա փորձելու է քաոս ստեղծել, որովհետեւ այլ ճանապարհ չկա՝ թուրքին իր խոստացածը տալու, իսկ հրեշը որտեղ շուտ-շուտ գնում է, ուրեմն հանձնելու է, որովհետեւ ուր գնում է, գնում է մարդկանց տրամադրությունները շոշափի, հասկանա՝ ինչ կլինի։ Մենք տեսանք՝ նա հաճախակի գնում էր Արցախ, ու հիմա էլ Արցախը չկա, գնում էր Տավուշ, ու հետո տեսանք, թե ինչ ավեր արեց Տավուշում, հիմա Սյունիք է շուտ-շուտ գալիս, բայց Սյունիքը մի քիչ այլ է, ու հիմա ինքը քաոս է ստեղծում, եւ սա բնավ կաթողիկոսի կամ կուսակրոնների վարքի հետ կապ չունի, մի լավ խոսք կա, ասում է՝ իմ թշնամին իմ թույլ տեղն է ցույց տալիս եւ իմ թշնամին ինձ կռվել է սովորեցնում»։