2024 թվականին, պետական բյուջեի ֆինանսավորմամբ, նորոգվել է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս 4,2 կմ-անոց հատվածը, որը ձգվում է սահմանամերձ տարածքով` սահմանազատման անվան տակ 2024 թվականին Ադրբեջանին հանձնված հենակետերի ուղիղ դեմ-դիմաց։ Ճանապարհի նորոգումն ու ասֆալտապատումն իրականացրել է «Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն։ Բայց աշխատանքները պահանջվող որակով չեն արվել, նորոգված ճանապարհն այս տարի կրկնանորոգում են՝ ճանապարհի ծածկին այս տարի փոքր քարերով լեցուն ավազ են լցրել։ Կրկնանորոգվող ճանապարհով ավտոմեքենաների անցնելուց հետո փոշու ամպ է բարձրանում, քարերն են սահում: Դա է պատճառը, որ վերջերս այդ հատվածում ավտոմեքենաների երկու վթար է տեղի ունեցել։
Կապվեցինք «Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ տնօրեն Մուկուչ Տիտանյանի հետ, որպեսզի հասկանանք, թե ինչու են նորից նորոգում ճանապարհը։ Նա հայտնեց, որ այդ ճանապարհի նորոգման մրցույթը շահել էին 220 միլիոն դրամ առաջարկով։ Բայց եթե նորոգված, ասֆալտապատ ճանապարհի ծածկը նորից եք նորոգում, ուրեմն ժամանակին անորակ եք նորոգել, ստիպված եք նորից անել մի գործ, որի համար պետական բյուջեից արդեն գումար եք ստացել, բացի այդ՝ մասնագետների կարծիքով, ճանապարհաշինարարները սխալ են թույլ տվել՝ ճանապարհի ծածկի խոնավ ավազին սոսինձ շաղ տալով։ Նա առարկեց` իրենք անցյալ տարի նորմալ են նորոգել, սակայն ճանապարհային դեպարտամենտի պահանջով այժմ իրականացնում են ճանապարհի մակերեսային մշակում։
Եվ ասաց, որ ճանապարհին իրենց սփռածից ինչը կպել է ասֆալտի ծածկին, կմնա, իսկ սփռված քարերն իրենք հավաքելու են։ Տիտանյանին հարցրի՝ տեղյա՞կ է, որ իրենց կրկնակի նորոգման պատճառով այդ հատվածում վթարներ են եղել։ Պարզվեց` վթարներից անտեղյակ է, ասաց, որ իրենք ճանապարհային նշաններ են տեղադրել՝ մեքենաների արագությունը 30 կմ/ժամ սահմանափակելու վերաբերյալ: Բայց ադրբեջանական հենակետերի դիմաց ոչ մի վարորդ այդքան ցածր արագությամբ չի երթեւեկի։ Տիտանյանը վստահ է, որ այստեղ անվտանգ է` իրենք ամիսներով այդ հենակետերի դիմաց տեխնիկա են կուտակել, նորոգման աշխատանքներ արել, եւ հավաստիացրեց, որ մեկ շաբաթում կավարտեն միջպետական ավտոճանապարհի սահմանամերձ հատվածի ծածկի նորոգումը։