Քաղաքականություն

Կուսակցության ղեկավար մարմնի անդամը պնդում  է՝  «Հանուն Հանրապետությունում» քաղաքական «դուքյանչիություն» է

Կուսակցության ղեկավար մարմնի անդամը պնդում  է՝  «Հանուն Հանրապետությունում» քաղաքական «դուքյանչիություն» է

Արման Բաբաջանյանի 2020 թ․ սեպտեմբերի 21-ին հիմնադրած կուսակցությունում իսկական շեքսպիրյան կրքեր են․ կուսակցության ղեկավար կազմի անդամներից մեկը՝ Հայկ Այվազյանը հայտարարում է, թե այս կազմով «Հանուն Հանրապետությանը» այլևս անգործունակ է և ոչ իրավազոր, մյուս թևից հակադարձում են, թե նա ընդամենը կուսակցության ներսում առկա փոքրիկ պառակտիչ խմբակի «պարագլուխն» է։  

Հիշեցնենք, որ Հայկ Այվազյանը կուսակիցներին, լրատվամիջոցներին ու ֆեյսբուքահայությանն օրերս տեղեկացրել էր, թե սույն քաղաքական ուժի ղեկավար մարմնի 15 անդամից 6-ը անդամությունից հրաժարվել են։ Այսինքն, ըստ նրա մեկնաբանության՝ կուսակցությունը փաստացի չի գործում՝ չունենալով որոշումներ կայացնող մարմին։ Եվ, չնայած դրան, ինքնահռչակ հայտարարություններ է անում։

«Նույն համագումարով ընդունված կանոնադրությամբ սահմանվել է, որ «Հանուն Հանրապետության» ԺՊԴ կուսակցությունը կառավարվելու է կոլեգիալության սկզբունքով և բացառապես Ղեկավար մարմնի միջոցով, որը որոշումներ կարող է կայացնել, եթե ունի առնվազն 11 անդամ, և որոշումը կայացվում է առնվազն 2/3-ի կողմ քվեարկությամբ»,-տեղեկացրել էր Այվազյանը։ Նաև, որ նկարագրած իրավիճակը բազմիցս փորձել է դարձնել քննարկման առարկա, սակայն իր հորդորները մնացել են անարձագանք։

Նախ, արձանագրենք համագումարով ընտրված կուսակցության ղեկավար կազմը․ Արման Բաբաջանյան, (ղեկավար խորհրդի ներկայացուցիչ) Ռուբեն Մեհրաբյան, Սարգիս Գրիգորյան, Լուսինե Հակոբյան, Հայկ Այվազյան,Անի Եղիազարյան, Արթուր Մանուկյան, Վահագն Մարտիրոսյան, Նոնա Համբարձումյան, Գարեգին Ղազարյան, Խաչիկ Գևորգյան, Արթուր Բարսեղյան, Ռոբերտ Ղևոնդյան,Արշակ Սարգսյան, Արտակ Մարկոսյան։

Թե նրանցից ո՞րն է լքել, որը՝ մնացել, ովքե՞ր են գնացողները, այս հարցի շուրջ թե՛ մի թևից, թե՛ մյուս թևից շարունակեցին խորհրդավոր լռություն պահպանել, չնայած, Արման Բաբաջանյանի հետ մնացածների կազմից Արտաշես Խալաթյանի սուր հայտարարություններին։ Նա պնդեց․ ««Հանուն Հանրապետությունից» ոչ ոք դուրս չի եկել։ Ընդամենը մի պառակտիչ խմբակ կա, որը փորձում է պառակտում սերմանել կուսակցությունում ինչ-ինչ իրենց հայտնի դրդապատճառներով։ Դա 3-4 հոգանոց խմբակ է»։  3-4 հոգանո՞ց, թե՞ 6, ինչպես պնդում է Հայկ Այվազյանը։

«Հայկ Այվազյանը կարա 667 էլ գրի, ես իր ասածների հետ ի՞նչ կապ ունեմ»,-պատասխանեց Արտաշես Խալաթյանը՝ ավելացնելով, թե այդ խմբակի «պարագլուխը» հենց Հայկ Այվազյանն է։ Պատճա՞ռը։ «Չբավարարված ամբիցիաներ․․․ մեզ համար տակավին անհասկանալի է»,-ասաց Խալաթյանը։ Գուցե կա դժգոհություն խորհրդարանական արդյունքներից։ Դատելով մեր զրուցակցի պատասխանից՝ գուցե, քանի որ նա ասաց․ «Ես ասացի՝ անձնական ամբիցիաներ եզրույթի ներքո էդ ամբողջը ես տեղավորում եմ, չեմ բացառում։ Օրինակ՝ ընտրացուցակում ստացած իրենց տեղերից են դժգոհ, հազար բան կարող է լինել՝ կուսակցությունում իրենց դիրքից գուցե»։ 

Հնչեցին այլ մեղադրանքներ ևս։ Որ, օրինակ, Հայկ Այվազյանը ՀԱԿ-ի համակիր է և որ ողջ քարոզարշավի ընթացքում փոխանակ իրենց քարոզչությամբ զբաղվեր, զբաղվում էր ՀԱԿ-ի քարոզչությամբ։

«Առանց մեր կուսակցության լիազորման գնացել էր ՀԱԿ-ի համագումարին և հայտարարել էր, որ ՀԱԿ-ն ու ՀՀ-ն գաղափարակից կուսակցություններ են։ Եվ նաև այլ քաղաքական ուժերի հետ լոյալության հետ կապված»։ Եվ ամենավերջին մեղադրանքը, որ Հայկ Այվազյանն իրենց կուսակցության էջից բոլոր ադմիններին հեռացրել է, միայն ինքն է մնացել ու արդյունքում՝ իրենց իսկ էջին «դոստուպ» չունեն։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, որը ղեկավար կազմում մնացած անդամներից է, կուսակցությունում ընթացող անառողջ գործընթացների մասին չցանկացավ մեկնաբանել՝ ասելով․«Իրեն հարցրեք, ես չեմ կարող իր փոխարեն մեկնաբանել ու, առհասարակ, այդ հարցի վերաբերյալ»։ Եվ մեկ հարց՝ կուսակցությունը դրսից պառակտելու որևէ արտաքին հետք Մեհրաբյանը տեսնո՞ւմ է։ «Չէ, ստեղ արտաքինի հետ խնդիր չկա»։ Գուցե ներքին գզվռտոցները սկսվել են այն պատճառով, որ «Հանուն Հանրապետությանը» չանցա՞վ ԱԺ։ Դա էլ, ըստ Մեհրաբյանի, ոչ։ «Չէի ասի, որ չանցնելն է պատճառը։ Նոր կուսակցություն էր, և, հակառակը, կարծում եմ՝ մենք հաջողություն ենք արձանագրել՝ հաշված ամիսների ընթացքում այդքան ձայն հավաքելով»,- ասաց Մեհրաբյանը։

Խոսեցինք նաև կուսակցությունը դեռ մինչև ընտրությունները լքած քաղաքագետ, կուսակցության ղեկավար մարմնի նախկին անդամ, կուսակցության գաղափարախոսության հիմնական ստեղծող ներկայացած Ռոբերտ Ղևոնդյանի հետ։

Վերջինս ասաց, թե իր և նույն օրն իր հետ կուսակցությունը լքած Խաչիկ Գևորգյանի հեռանալու մասին մանրամասն գրել է ֆեյսբուքյան գրառման մեջ, ավելացնելու որևէ բան չունի։ Այն ժամանակ Ղևոնդյանն իր անհամաձայնությունն էր հայտնել կուսակցության աշխատելաոճին։ «Ես համաձայն չէի նրա հետ, թե ինչպես է աշխատում կուսակցությունը, աշխատանքի ձևի հետ համաձայն չէի» մեկնաբանությունից բացի Ռոբերտ Ղևոնդյանը այլ փակագծեր չբացեց։

Եվ վերջապես Հայկ Այվազյան։ Վե՞ց, թե ՞երեք-չորս, ինչպես պնդում է Արտաշես Խալաթյանը։ «Այդ ամեն ինչը փաստաղթավորված է, համապատասխան ընթացակարգերն անցած է, իսկ անուններ չեմ տալիս, որովհետև գուցե այդ մարդիկ չեն էլ ուզում, որ իրենց անունը հնչի։ Կամ ի՞նչ է նշանակում՝ «երեք-չորս»»,-  հայտարարեց Հայկ Այվազյանը։ Նա, ի դեպ, առհասարակ չի հասկանում, թե Արտաշես Խալաթյանն ում անունից է նման հայտարարություն անում, քանի որ ոչ միայն ղեկավար մարմնի, այլև կուսակցության անդամ չէ։ «Իրեն տրված չէ հնարավորություն՝ գնահատելու իմ գործունեությունը։ Ինչ վերաբերում է նրան, թե ՀԱԿ-ի համագումարին ինձ ոչ ոք չի գործուղել, ես այնտեղ կուսակցություն չեմ ներկացրել ու եթե սխալ չեմ՝ կուսակցությունն աղանդ կամ փակ ակումբ չէ, մարդիկ շարունակում են ազատ մնալ իրենց մտքերում։ Եվ ես ոչ մի հակասություն չեմ տեսնում »,-ասաց Այվազյանը։

Իր և այլոց նմանօրինակ տրամադրությունների պատճառների մասին պատասխանեց կարճ՝ «դուքյանչիություն» և մեկնաբանեց․ «Ինչն ուղիղ հակասության մեջ է մեր կուսակցության կանոնադրությամբ որդեգրված սկզբունքներին և այն արժեհամակարգին, ինչի շուրջ մենք պայմանավորվել էինք»։

Իսկ ինչո՞ւ է քարոզարշավին ավելի շատ ՀԱԿ քարոզել, քան «Հանուն Հանրապետության»։ Հայկ Այվազյանն ասաց, թե Արտաշես Խալաթյանը երևի կամ մոլորության մեջ է, կամ էլ, ինչպես միշտ, տեղյակ չէ, որովհետև ինքը քարոզարշավին առհասարակ չի մասնակցել ու ողջ ընթացքում տանը նստած է եղել։ «Ես ենթադրում եմ, որ կուսակցությունից ինչ-որ մեկն է Արտաշի բերանով խոսում, բայց մի բան արձանագրենք․ կամ իրենք շատ թույլ են եղել ու ոչինչ չեն ձեռնարկել, ու եթե անգամ ինձ նման մեղադրանքներ պետք է ներկայացնեին, մինչև այս, մեկ անգամ մեկը ինձ պիտի ասած լիներ, էլի։ Ու պատասխանս Արտաշին չէ, Արտաշին պարապացրածին է։ Եվ կասեմ, որ կարող է իրենց համար կուսակցությունն ինչ-որ ինքնանպատակ բան է, բայց ինձ համար՝ չէ »։ Քանի որ կուսակցության ղեկավար անդամը հայտարարում է, թե այս խմորը երևի թե շատ ջուր է վերցնելու, հարցրեցինք՝ հավակնո՞ւմ է արդյոք կուսացության ղեկավար պաշտոնին։ Հայկ Այվազյանը նախ բացականչեց՝ չեղած կազմակերպության ղեկավար լինել ինչու՞ պիտի հավակնեմ։ 

«Ես ավելի լուրջ բաների եմ հավակնում։ Ես ամբիցիոզ մարդ եմ, համարում եմ, որ պետք է աճեմ ու նորանոր ձեռբերումներ ունենամ։ Բայց եթե հենց այսօր առաջարկեն լինել էդ կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ես կհրաժարվեմ»,-ասաց նա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image