Քաղաքականություն

Էդմոնը չի կարող վերածվել երկրորդ Նիկոլի

Էդմոնը չի կարող վերածվել երկրորդ Նիկոլի

Կարծեմ երկրորդ դեպքն է իմ պրակտիկայում, երբ առաջին հոդվածից հետո ստիպված եմ գրել երկրորդը՝ առաջին բացատրականը: Չնայած առաջինում ամեն ինչ ասվել է հստակ, բայց ինչպես երևում է, քաղաքականության մեջ ընկղմված մեր հասարակությունն այնքան էլ գլուխ չի հանում քաղաքականության կանոններից: Իսկ դրանցից մեկը, և երևի նույնիսկ հիմնականը, հնարավորի արվեստին տիրապետելն է և օգտագործել կարողանալը: Դեռևս 19-րդ դարում կոմունիզմի գաղափարախոսության հիմնադիրներից Կառլ Մարքսն է ասել, որ «Քաղաքականության մեջ, որոշակի նպատակով, կարող ես դաշինք կնքել նույնիսկ սատանայի հետ՝ պարզապես պետք է վստահ լինես, որ դու կխաբես սատանային և ոչ թե նա քեզ»։ Կարծում եմ, որ դրա «լավագույն» դրսևորումը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Գերմանիայի տարածքով և նրա ԶՈՒ գլխավոր շտաբի աջակցությամբ հատուկ «կնքված վագոնում» Շվեյցարիայից Լենինի (Ուլյանովի) գլխավորությամբ երեք տասնյակ բոլշևիկների վերադարձն էր Ռուսաստան: Որտեղ արդեն տեղի էր ունեցել Փետրվարյան հեղափոխությունը:  

Ես, իհարկե, չեմ առաջարկում Փաշինյանին պաշտոնից հեռացնելու նպատակով դաշինք կնքել թեկուզ սատանայի հետ: Հատկապես որ, վերջինիս գործունեությունը դիտարկելով, կարելի է ենթադրել, որ հենց ինքն է նման նախաձեռնություն հանդես բերել: Բայց որ մեր գիտակցության մեջ առկա է հնարավորի արվեստն արհամարհելու սովորույթը՝ դա նորություն չէ: Ինչն էլ մեզ անընդհատ կանգնեցնում է խնդիրների առջև՝ հատկապես ներքաղաքական կյանքում: Մեր հասարակության գրագետ (և դրան որպես հոմանիշ՝ հայրենասեր) հատվածը ցանկանում է ստանալ լավագույնը: Ի դեպ, իսկապես լավագույն, իմ կարծիքով, տարբերակը Բագրատ Սրբազանի առաջնորդությունն էր: Ճիշտ է, անցյալ տարվա մայիսին նրա կոչով մարդկային մեծ բազմություն հավաքվեց մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում, սակայն մարդկանց քանակը պետք է լիներ դրա կրկնակին կամ եռակին: Որովհետև մենք անընդհատ ձգտում էինք ունենալ այնպիսի ղեկավար անձ, ով չէր լինի ո՛չ նախկիններից և ո՛չ էլ գործողներից: Իսկ այլ ժողովուրդներն ուղղակի կնախանձեին մեզ՝ Սրբազանի նման ղեկավար ունենալու առումով: Բայց լավագույնն ակնկալող մեր հասարակությունը չգնահատեց՝ երբ ինքը հնարավորություն ստացավ դա ունենալու:

Ինչևէ, եթե մեր հասարակությունն իր ամբողջության մեջ չկարողացավ գիտակցել լավագույնի առկայությունը, ապա պետք է բավարարվի կիսատ-պռատով: Ու այսօր որպես այդպիսին մեր կամքից անկախ հրապարակ է «իջեցվել» «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին, իր ասելով, «կլասիկ» պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Ու դա տեղի է ունեցել նախկինում մեր կողմից չընդունված, նախկին ՔՊ-ական երկու պատգամավորների միջոցով: Ինչը (խոսքը նախկին ՔՊ-ականների նախաձեռնության մասին է) ոմանց մոտ առաջացրել է վանում: Իսկ Մարուքյանի առաջադրումն էլ մյուսների մոտ՝ կասկած, որ վերջինս ոչնչով ավելի լավը չի լինելու Նիկոլից: Կամ նույնիսկ ավելին՝ կարող է լինել ավելի վատը, քան Նիկոլը, ինչը կվերածվի «մրից ելնել, մրջուրն ընկնել» երևույթի: Բայց, նախ, ովքեր էլ լինեն Մարուքյանին առաջադրողները՝ դրանք դեմ են գնում Նիկոլին, ինչը համապատասխանում է ընդդիմության շահերին: Երկրորդ, ինչ էլ անցյալում լիներ և ինչպես էլ իրեն պահեր Էդմոնը՝ այսօր նա պակաս չի քննադատում Նիկոլին, քան մյուս ադեկվատ անձինք: Ինչը ոչ թե խաղ է, այլ իր երբեմնի գործընկերոջից վիրավորվածության ցուցիչ: Եվ երրորդ, ինչը շատ ավելի կարևոր է, Էդմոնը չի կարող լինել Նիկոլից ավելի Նիկոլ («Պապից ավելի կաթոլիկ» խոսքի հանգույն), քանի որ չունի այն խարիզման, որ առկա էր Նիկոլի մոտ հատկապես 2018-ի գարնանը: Իսկ չունենալով նման խարիզմա՝ չի կարող ունենալ նույն ազդեցությունը՝ ինչ ուներ Նիկոլը մինչև պատերազմը: Որն ինչ-որ չափով պահպանվում է նաև 2020 թվականից այս կողմ: Այնպես որ Էդմոնի՝ երկրորդ Նիկոլի վերածվելու վախը վստահաբար հիմնազուրկ է:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image