Քաղաքականություն

Օպերացիա «իրավահաջորդ»

Օպերացիա «իրավահաջորդ»

Նիկոլ Փաշինյանին աջակցող ուժերը փորձում են կյանքի կոչել «Իրավահաջորդ» օպերացիան, որի արդյունքում Փաշինյանը կփոխարինվի նոր, իրենց խելքով՝ չվարկաբեկված կամ ավելի քիչ վարկաբեկված մեկով, ինչն իրենց հնարավորություն կտա շարունակել օգտվել իշխանությունից եւ դրա ընձեռած ռեսուրսներից: Փաշինյանամերձ շրջանակները, այսպես կոչված, արեւմտամետները` իրենց քաղհասարակություն, փորձագետ, վերլուծաբան, քաղաքագետ ու նման այլ կոչումներով հորջորջողները հասկանում են, որ Փաշինյանի հանրային վստահության ռեսուրսը սպառվել է, որ նա իշխանությունը պահում է բացառապես ոստիկանական տեռորի եւ բռնության միջոցով: Բայց այդ մեթոդներով երկար իշխանություն պահել հնարավոր չէ, մի օր համակարգը կարող է չդիմանալ բռնության գերդոզավորմանը եւ փլուզվել, իսկ իրենք մնան դրա փլատակների տակ:

Իրենք փորձում են տարանջատվել Փաշինյանից, մեկ-մեկ լայթ ընդդիմություն են խաղում, որոշ հարցերում անհամաձայնություն են հայտնում, նույնիսկ քննադատում են: Բայց դա իրավիճակը չի փրկում, մարդիկ, հասարակությունը հասկանում են, որ իրենք նույն այդ իշխանության բաղկացուցիչ մասն են, ինչպես թավան ու դրա պոչը: Իրենք արմատական կամ թունդ ընդդիմություն չեն կարող դառնալ, առանց այն էլ Փաշինյանն ընդդիմացողների եւ քննադատների պակաս չունի, իրենք էլ որ սկսեն քննադատել, կստացվի, որ օգնելու, նրա իշխանությունը պաշտպանելու փոխարեն ավելի են թուլացնում: Մյուս կողմից էլ, Փաշինյանին պաշտպանելը հղի է այն վտանգով, որ իրենք էլ են դառնում այդ բռնությունների ու իրականացվող քաղաքական ահաբեկչության պատասխանատուն, ո՛չ կարող են քաղբանտարկյալների մասին խոսել՝ դատապարտել, ո՛չ կարող են ողջունել: Լռելն արդեն հավասար է ողջունելուն: Միակ տարբերակը Փաշինյանին նոր, ավելի թարմ թեկնածուով փոխարինելն է:

Ընդ որում, կա հարցի գաղափարախոսական, աշխարհաքաղաքական կողմը. Փաշինյանը, իրենց ընկալմամբ, այնքան էլ արեւմտամետ չէ, ճիշտ է՝ խոսում է ԵՄ-ին անդամակցելու անհրաժեշտության մասին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ փաստաթղթեր է ստորագրում, կատարում է ԱՄՆ-ից եւ ԵՄ-ից իջեցված բոլոր հրահանգ-հանձնարարականները, բայց Հայաստանը ԵԱՏՄ-ի կազմից չի հանում, ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանի տարածքից հանելու հարցը չի բարձրացնում, Ուկրաինային բացահայտ ռազմական եւ ռազմատեխնիկական աջակցություն չի ցուցաբերում եւ, որ ամենամերժելին, ամենազազրելին է՝ գնում է Մոսկվա կամ այլ երկրներ, որտեղ հանդիպում եւ բանակցում է չարի եւ արհավիրքի խորհրդանիշ Վլադիմիր Պուտինի հետ: 

Իրավահաջորդ օպերացիայի պլանավորողները պատրաստվում են իշխանությունը Փաշինյանից փոխանցել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին: Սարգսյանն ընդգծված արեւմտամետ է, իրենց խելքով՝ ավելի քիչ է վարկաբեկված եւ ունի հանրային վստահության ավելի մեծ ռեսուրս եւ, որ ամենակարեւորն է, շատ հեշտ կառավարելի է, ոնց ուզենան, այնպես էլ կճկեն, որ ուղղությամբ ուզենան, կթեքեն: 

Օպերացիան չի լինելու փաթեթային, այլ՝ փուլային. առաջին փուլը ենթադրում է, որ «Հանրապետությունը» պետք է մասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին եւ հնարավորինս շատ ձայն հավաքի: Դրա համար կուսակցությունը հիմա փորձում են ուժեղացնել, կուսակցության մեջ են մտցնում մարդկանց, ովքեր իբրեւ թե ձայն կարող են բերել, ինչ-որ մարդկանց պաշտոններ են տալիս, որ սրանք վարչական ռեսուրսին հասանելիություն ստանան: Եթե ամեն ինչ գնա իրենց գծած սցենարով, 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո «Հանրապետությունը» պետք է կոալիցիա ձեւավորի ՔՊ-ի` Փաշինյանի հետ, Արամ Սարգսյանն ԱԺ նախագահ նշանակվի: Սարգսյանի կողմնակիցները վստահեցնում են, որ արդեն կա նման պայմանավորվածություն, որ այդ պաշտոնը Փաշինյանը զիջելու է Սարգսյանին, բացի դա էլ, եթե ՔՊ-ն բացարձակ մեծամասնություն չունենա եւ ստիպված լինի դիմել «Հանրապետություն» կուսակցությանը՝ մեծամասնություն ձեւավորելու համար, ուզեն թե չուզեն, պետք է ինչ-որ զիջման գնան:

Սա ծրագրի առաջին մասն է, երկրորդ փուլում արդեն Սարգսյանը պետք է դառնա վարչապետ. դե դա արդեն դասական իշխանափոխություն չի լինի, ուղղակի կոալիցիայի անդամ ՔՊ-ականները, նրանք, ովքեր գտնվում են արեւմտամետների ուղիղ ենթակայության տակ, իշխանությունը կհանձնեն Արամ Սարգսյանին, որը փաստացի իրենց թիմակիցը կլինի, ոչ թե դրսից իշխանությունը գրոհած եւ այն գրաված մեկը:

«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները հույս ունեն, որ Վաղարշապատ համայնքի ընտրությունների արդյունքում իրենց կհաջողվի փորձարկել այս սցենարը, ինչպես նաեւ Վաղարշապատում եւս վարչական լծակ ստանալ: Այն, որ Փաշինյանը Վաղարշապատում խաղի մեջ է մտցրել իր բիզնես գործընկեր Խաչատուր Քոքոբելյանին պատկանող «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը, կարող է նշանակել մի բան, որ Փաշինյանն իրականում չի ցանկանում մնալ «Հանրապետության» հույսին եւ ուզում է կոալիցիա ձեւավորել ոչ թե նրանց, այլ՝ «Ազատ դեմոկրատների» հետ, «Հանրապետությանը» դուրս թողնելով խաղից: Կատարյալ փոխվստահության մթնոլորտ, լրիվ իրար արժանի գործընկերներ:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image