«Հրապարակի» զրուցակիցը գրող, արձակագիր Գուրգեն Խանջյանն է:
- Ամիսներ առաջ «Գրեթերթ» գրական-երիտասարդական թերթի ֆինանսավորումը ԿԳՄՍ նախարարությունը դադարեցրեց, ինչպես տարիներ առաջ դադարեցրեց «Մշակութային Հրապարակ»-ի ֆինանսավորումը: Պատճառն ակնհայտ է ինչպես «Հրապարակի» դեպքում, այնպես էլ` Ձեր պարագայում․ իշխանություններին ուղղված քննադատությունն ու նրանց թերությունները մատնանշելը: Մենք նախորդ իշխանություններին էլ էինք քննադատում, բայց սրանց անհանդուրժողականությունն առասպելական չափերի է հասնում: Իրենք իրենց միլիոնավոր դրամների ինքնապարգեւատրում են բաժանում, իսկ մշակութային կայացած նախաձեռնություններին տարեկան 1 կամ 2 միլիոն չեն տալիս: Չկա՞ նոր բան այս առումով:
- Որեւէ նոր բան չկա, թերթը, հավանաբար, չի տպվի, քանի որ չկան միջոցներ, փնտրում ենք, բայց դե…. կայքը, ամեն դեպքում, աշխատում է: Արդեն ամեն բան պարզ է իշխանությունների մասով, պարզ է, թե ինչու դադարեցրին մեր ֆինանսավորումը:
- Մոտենում են խորհրդարանական ընտրությունները: Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին, ի՞նչ սպասելիքներ: Ի դեպ, Եկեղեցու դեմ պայքարը չի հաջողում, բայց նաեւ չի ավարտվում, ավելին` հայտարարում են, որ Եկեղեցում կան մանկապիղծներ:
- Եկեղեցու հետ կապված՝ բնական է, որ ամեն գնով իրենց արարքները պետք է արդարացնեն, շատ ամոթալի է…. ինչ վերաբերում է ընտրություններին, ապա սպասելիքս իշխանափոխությունն է: Կարծում եմ, որ եթե ընտրություններն արդար լինեն, այն անպայման կստացվի:
- Իսկ Դուք ո՞ր քաղաքական ուժին եք համակրում:
- Քոչարյանական ուժին` «Հայաստան» դաշինքին:
- Ի՞նչ եք կարծում՝ Քոչարյանն այս անգամ ունի՞ հաղթանակի շանս:
- Դե, գիտեք ինչ, Սամվել Կարապետյանի ուժն այս անգամ ավելի մեծ շանսեր ունի, ավելի ուժեղ է, կարծում եմ, որ նրանք ավելի շատ ձայներ կհավաքեն ու ավելի մեծ շանսեր ունեն, ընդհանուր առմամբ, բայց «Հայաստան» դաշինքն էլ մուտքի շեմը կհաղթահարի:
- Բայց արդյո՞ք բավական է մուտքի շեմ հաղթահարելը:
- Երեք խոշոր բլոկները միասին կկազմեն 50 պլյուս: Ես այդպես եմ կարծում: Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան։ Ես կարծում եմ, որ նրանք կկարողանան միասին հաղթել Փաշինյանին, եթե, իհարկե, չհայտնվեն ձայն փոշիացնողներ: Նրանք կարող են իսկապես խանգարել ընդդիմությանը, բայց եթե իրոք իշխանափոխություն են ցանկանում, պետք է ամբիցիաները թողնեն մի կողմ: Օրինակ` ես չգիտեմ, թե ՀԱԿ-ն ինչպես է մտածում` մենա՞կ է մասնակցելու ընտրություններին, թե՞ ոչ: Պետք է բոլորը թողնեն իրենց ամբիցիաները, եթե ուզում են իշխանափոխության հասնել:
- Երբեւէ կմտածեի՞ք, որ Ռոբերտ Քոչարյանի հետ կարող եք հույսեր կապել:
- Ես նրան երբեք չեմ քննադատել, նա միշտ էլ բոլոր առաջնորդների մեջ ամենահաջողակն է եղել: Ես տեսել եմ, թե ինչպես է նա փոփոխություններ կատարել: Այս երկրում եթե մի թարմ բան կար, դա Քոչարյանի ժամանակ էր: Խավարից ու ցրտից նրա շնորհիվ ազատվեցինք, շինարարությունը ոտքի կանգնեց…. ամեն ինչ եղավ Քոչարյանի օրոք ու նրա շնորհիվ: Նա հաղթեց պատերազմում եւ տնտեսության մեջ: Նրա մասին շատ բամբասանքներ տարածեցին տարիներ շարունակ, ինչ ասես, որ չասեցին, առանց երկար-բարակ մտածելու, եւ այդ ամենն արմատացավ ժողովրդի մեջ: Եթե նա իսկապես այդքան վնաս տված լիներ մեր երկրին, ո՞վ է օրվա իշխանությունից ավելի շատ ցանկանում վնասել նրան, վաղուց նրան պատասխանատվության կենթարկեին: 4 միլիարդի մասին էին խոսում, 4 միլիարդի գոնե 4 միլիոնը գտա՞ն, եթե գտնեին, բոլորս կիմանայինք: Ախր, չի կարելի այդքան հեշտ սեւացնել մարդկանց, անունները, որոնք գործ են արել մեր երկրի կայացման համար: Ինչքան ցավալի է, որ մարդիկ գնացել են կռիվ, հաղթել են ու այսօր անտեսված են:
- Դուք շփվո՞ւմ եք գրողների, մշակութային գործիչների հետ: Բացառությամբ մի քանիսի, ինչո՞ւ են մտավորականներն այդքան վախեցած:
- Չէի ասի, թե վախեցած են: Մի փոքր մասն է վախեցած, մի մասը սպասում է, թե ինչ կլինի ապագայում, կան նաեւ մարդիկ, ովքեր հարում են իշխանական կողմին, չէի ասի, թե նրանք մեծամասնություն են, եւ կան մարդիկ, ովքեր մշտապես խոսում են` Լեւոն Ջավախյան, Խաչիկ Մանուկյան, Հուսիկ Արա, դերասան Լեւոն Հարությունյան, ու էլի շատ կան գրողներ, ովքեր չեն լռում:
- Երիտասարդ գրողների հետ շատ եք աշխատել, շատերին էլ Դուք եք օգնել, որպեսզի կայանան, անուն ու ճանաչում ձեռք բերեն: Ճի՞շտ եմ նկատել, որ նրանց մի մասը պրոիշխանական հայացքներ ունի:
- Երիտասարդները, ցավոք, անսկզբունքային դիրքերից են հանդես գալիս, ասում են` մենք գործ չունենք ոչ մի բանի հետ, ասում են` մենք խաղաղասեր ենք…. Ես ձայն չեմ լսում նրանց կողմից:
- Այսինքն` իրենք կարծում են, թե ավագ սերունդը պատերազմատենչ է, իսկ Փաշինյանի իշխանությունը, որ 5 հազար զոհ տվեց ու Արցախ հանձնեց, խաղաղասե՞ր է:
- Մենք պատերազմատենչ չենք, ուղղակի հայրենասեր ենք, ջահելների մեջ էլ կան հայրենասեր տղերք, ուղղակի մարդ կա՝ հրապարակային ակտիվություն կարողանում է ցուցաբերել, մարդ էլ կա` չի կարողանում:
- Դե, հավանաբար, շահ ունեն իշխանություններից, պաշտոններ, գրանտներ….
- Օրինակ, մրցանակներ վաղուց չկան, նախագահի մրցանակ, պետական մրցանակ՝ վաղուց հանվել են: Գրականության ասպարեզում վերջին գրական մրցանակ ստացողը ես եմ եղել` 2017 թվականին: Դրանից հետո դա էլ վերացավ…