Ռուսաստանի արտգորնածարար Սերգեյ Լավրովը երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում է: Մի շարք եվրոպամետ գործիչներ և նրանց աջակիցները ցույց էին կազմակերպել ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց` «Պուտին մարդասպան» պաստառներով: Ցույցին մասնակցում էին հայտնի արեւմտամետներ Արման Բաբաջանյանը, Լուսինե Հակոբյանը, Հովհաննես Խուրշուդյանը, Արթուր Սաքունցը և այլք: Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Լավրովի այցի ժամանակ կայացած ցույցին, եւ այն հարցին, թե դա անցկացվում էր իշխանությունների անուղղակի համաձայնությամբ, ասաց, որ եթե երեկ Բագրատ Սրբազանի ծննդյան օրը ոստիկանության խումբը բերման ենթարկեց Սրբազան շարժման մի խումբ երիտասարդների ու այդ պաստառն էլ իրենց հետ տարան, իսկ այսօրվա ակցիային իշխանությունների կողմից որևէ արձագանքի բացակայում էր` նշանակում է, որ վերջիններս հովանավորում են այս ակցիան: Սարգսյանը կարծում է, որ այդ ակցիան հովանավորողները եւ իրականացնողները մեր պետության թշնամիներն են:
«Ես չեմ կարող այստեղ որևէ տրամաբանական բան տեսել, քանի որ նրանք եվրոգրանտներով կերակրվողներն են: Ես ասել եմ, ինչքան շատ են նրանք այդ գրանտները կերել, այնքան իրենց ուղեղը սկսել է փտել, որովհետև ովքեր միայն ու միայն սպառող են, ցավոք սրտի, որևէ վերլուծական կամ մի այլ բան իրականացնելու հնարավորություն չունեն: Ինչո՞ւ եմ ասում, որ նրանք թշնամի են, որովհետև երբևիցե չէինք կարող պատկերացնել, որ այն պետությունը, որի հետ ունենք հարյուրամյակների հարաբերություններ և որը այսօրվա դրությամբ աշխարհաքաղաքական նոր համակարգ ձևավորելու մեջ ունի իր գլխավոր դերակատարումը, նաև՝ Միացյալ Նահանգներ- Ռուսաստան- Չինաստան, ինչպես նաև ԲՐԻՔՍ-ի մյուս երկրները և առանց Եվրոպայի, որը ինքն իրեն դուրս է մղել այդ աշխարհաքաղաքական նոր համակարգի ձևավորման պրոցեսից, դրանով է պայմանավորված, որ իրենք ուղղակի գրանտների կամ պարտավորությունները իրականացնելու համար գնում են այսպիսի քայլերի: Հիմքում որևէ բան չկա, եթե այսօր իրենց կողմից սիրված Արևմուտքը, որի գլխավոր հովանավորը Միացյալ Նահանգներն են և Դոնալդ Թրամփը, այդ նույն Վլադիմիր Պուտինի հետ ոչ միայն զրույց է ունենում, այլև ասում է, որ շատ հաճելի պարոն է, հույսեր է կապում նոր իրավիճակ ձևավորելու, ապա սրանք ովքեր են՝ չգիտեմ, ովքեր են սրանց տերերը, ովքեր են սրանց սնողները: Եթե դա Ֆոն դեր Լայենի ղեկավարած կառույցն է, ապա ես կարող եմ իրենց միայն խղճալ, որովհետև Եվրոպայի այսօրվա ղեկավարներն ապագա չունեն»,-ասաց Սարգսյանը:
Հարցին, արդյո՞ք ռուսական կողմը կարձագանքի այս ակցիային, քանի որ ռուսական դեսպանատան աշխատակիցները հեռախոսներով նկարահանում էին ակցիան, Սարգսյանն ասաց, որ դժվար թե նույնիսկ ուշադրություն դարձնեն այս ակցիային, որովհետև իրենք ունեն իրենց գլոբալ մոտեցումները: Եվ եթե մենք` որպես ազգ չկարողանանք դեմն առնել այս իշխանությունների որդեգրած գործընթացի, չբերենք նոր իրավիճակի, ապա ո՞վ ասաց, որ Ռուսաստանը պետք է շատ շահագրգռված լինի այն հարցով, թե այստեղ հայություն կմնա, թե ոչ:
«Տարածքը կա, այդ տարածքում իրենք իրենց խնդիրները կլուծեն և ինչու ոչ` Թուրքիայի և Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունների մակարդակը կպահպանեն, դրա մասին բացահայտ ասվում է այսօր Լավրովի կողմից: Իսկ թե ինչ կլինի հայերի հետ, ինչո՞ւ իրենք պետք է ավելի շատ մտահոգված լինեն այդ հարցով, քան հայերը: Ինչո՞ւ իրենք պետք է ավելի շատ հայ լինեն, քան թե մենք: Կարծում եմ, որ իրենք այսպիսի մոտեցում ունեն: Դե մանկապարտեզ է, երեխաներ են, գնաս` բալիկին ասես, որ չի կարելի, բայց չէ՞ որ այդ երեխան ծնողներ ունի՝ նրանց է պետք ասել: Իրենց համար սա այն խնդիրը չի, որպեսզի իրենք ինչ-որ միջոցներ ձեռնարկեն: Հակառակը, ուղղակի բանի տեղը չեն դնելու»,- նկատեց քաղաքական գործիչը:
Հայերն են 2021 թվականին նորից ընտրել այս իշխանություններին՝ մեզանից ի՞նչ եք ուզում, ռուսական տեսակետն է ներկայացնում Սարգսյանը:
«Ռուսական կողմը հաշվի չի նստելու նման շրջանակների հետ՝ դա ծիծաղելի է ուղղակի: Իրենք այսպես են մտածում՝ չեք ուզում մեզ հետ բարեկամություն անել, շատ լավ, գնացեք ու լուծեք ձեր հարցերը, ինչպես կլուծեք՝ ձեր գործն է, Մակրոնին ինչ կխնդրեք` կստանանք, թե ոչ՝ ձեր խնդիրն է: Իրենց տրամաբանությամբ իրենց դիրքորոշումն այսպիսին է՝ մենք այս տարածքում կանք, մենք այս տարածքում կշարունակենք մնալ, թե հիմա ինչքան հայ կմնա այստեղ՝ մեզ դա չի հետաքրքրում»,-եզրափակեց իր խոսքը Արամ Սարգսյանը: