Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին Նիկոլ Փաշինյանի` ՀՀ ԱԺ ամբիոնից հնչեցրած հայտարարության նշանակությունը հայ հասարակության լայն շերտերը լիովին չեն ընկալում՝ մանավանդ իշխանական պատգամավորների մանիպուլյացիաների եւ մոլորեցնող թեզերի ֆոնին:
Առաջինը, որ կարելի է հասկանալ, այդ հայտարարությունը նշանակում է արցախահայության՝ ինքնորոշման իրավունքից հրաժարում ՀՀ իշխանությունների կողմից, որը, նախքան Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, եղել է արցախյան հիմնահարցի կարգավորման հենասյուներից մեկը, եւ այդ մասին պարտադիր նշված է եղել Արցախի վերաբերյալ յուրաքանչյուր փաստաթղթում: Ինքնորոշման իրավունքի մասին միշտ շեշտվել է թե՛ Արցախի խնդրի վերաբերյալ միջազգային բոլոր կազմակերպությունների հայտարարություններում, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պաշտոնյաների, այդ թվում նաեւ՝ նշված երկրների ղեկավարների բոլոր` Արցախի վերաբերյալ հայտարարություններում:
Ինչպես նաեւ պետք է հասկանալ, որ Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցում՝ միանշանակ նշանակում է Արցախը դիտարկել Ադրբեջանի իրավազորության ներքո: Ու այստեղ էական չէ, թե ինչ կարգավիճակ կլինի, թեկուզ կես աստիճան կարգավիճակի իջեցումը նշանակում է Արցախը բռնակցել Ադրբեջանին:
Իսկ ի՞նչ կլինի, եթե Արցախը բռնակցվի Ադրբեջանին: Նույնիսկ ամենալայն կարգավիճակը, որը կարող է լինել, օրինակ, Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության տեսքով, որին, ի դեպ, Ադրբեջանը չի համաձայնում, անկասկած, կնշանակի Արցախի հայաթափում` Նախիջեւանի օրինակով:
Բայց եթե պատկերացնենք, որ արցախցիներն իրենց հատուկ համառությամբ ու պնդաճակատությամբ որոշեն մնալ Արցախում ու բնակվելով իրենց պատմական հողում, շարունակեն պայքարը հայրենի հողի համար, ապա ի՞նչ է սպասվելու Արցախին ու արցախահայությանը.
1. Արցախի ներկայիս պետական համակարգը լիովին կկազմաքանդվի ու կվերացվի:
2. Արցախի պաշտպանության բանակը կլուծարվի, ու Արցախում չեն լինի հայկական զինված ուժեր, բոլոր տեսակի զենք-զինամթերքը կհավաքեն Արցախից:
3. Արցախի ղեկավարը՝ նույնիսկ եթե ընտրվի ընտրությունների միջոցով, ուղիղ ենթարկվելու է Բաքվի իշխանության գլուխ կանգնած սուլթանին ու կարգադրություններ եւ հրամաններ է ստանալու այնտեղից: Նույնիսկ եթե ղեկավարը հայ լինի, ապա նա դառնալու է թուրքի դրածո ու կամակատար, Արցախում՝ մանավանդ ավագ սերունդը, լավ են հիշում Կեւորկովին:
4. Արցախի ոստիկանությունը կարգադրություններ ու հրամաններ է ստանալու Բաքվից, քանի որ, հայտնվելով Ադրբեջանի իրավազորության ներքո, բնականաբար, Արցախում գործելու է ադրբեջանական օրենսդրությունը, կամ Արցախի օրենսդրությունը համապատասխանեցվելու է Ադրբեջանի օրենսդրությանը: Հնարավոր է նաեւ, որ ոստիկանապետը նշանակվի Բաքվից, իսկ ոստիկանները պատրաստություն ստանան Բաքվում:
5. Գլխավոր դատախազը նշանակվելու է Բաքվի իշխանությունների կողմից ու ենթարկվելու է Ադրբեջանի գլխավոր դատախազին:
6. Դատավորներն ու դատարանները գործելու են ադրբեջանական օրենսդրության շրջանակներում ու կատարելու են Բաքվի իշխանությունների հրահանգները, ինչպես նաեւ վերապատրաստվելու են Բաքվում:
7. Ադրբեջանական հատուկ ծառայությունները «նստած» են լինելու ամեն մի հայի շնչին, ու հայերը ենթարկվելու են բազմաթիվ ապօրինի հետապնդումների:
8. Արցախի քաղաքացիներին պարտադրելու են ադրբեջանական անձնագրեր, իսկ հրաժարվելու դեպքում խոչընդոտներ կստեղծվեն նրանց համար, կամ նույնիսկ սպառնալիքներ կլինեն:
9. Արցախի քաղաքացիների մեծ մասը՝ մանավանդ տղամարդիկ ու հատկապես արցախյան առաջին պատերազմի մասնակիցների մեծ մասը, ամենայն հավանականությամբ, կձերբակալվի Ադրբեջանում առայսօր հարուցված բազմաթիվ շինծու ու կեղծ գործերի շրջանակներում, ինչպես նաեւ նման շինծու ու կեղծ քրեական գործերի հարուցումները նոր թափ կստանան՝ Արցախն Ադրբեջանին բռնակցման դեպքում:
10. Ադրբեջանի քաղաքացիները, այդ թվում՝ զինված, ազատ ելումուտ կունենան Ստեփանակերտ ու Արցախի մյուս բնակավայրեր եւ բնակություն կհաստատեն հայկական բնակավայրերում՝ փոխելով էթնիկ պատկերը:
11. Ադրբեջանի զինված ուժերի ելումուտն Արցախ չի խոչընդոտվելու, եթե նույնիսկ առկա լինեն խաղաղապահներ, քանի որ Արցախը գտնվելու է Ադրբեջանի իրավազորության ներքո:
12. Հայաստանի հետ տրանսպորտային կապն անընդհատ արհեստականորեն կխոչընդոտվի, սահմանին կհայտնվի մաքսակետ, Հայաստանի հետ կապի միջոցների, այդ թվում՝ հեռուստատեսության, ռադիոյի, հեռախոսային կապի, համացանցի հարցում նույնպես արհեստական խոչընդոտներ կստեղծվեն:
13. ՀՀ քաղաքացիների մուտքն Արցախ եթե նույնիսկ թույլատրվի, ապա՝ մեծ դժվարություններով ու խոչընդոտներով:
14. Արցախում շրջանառության մեջ կդրվի ադրբեջանական արժույթը, իսկ հայկական դրամը դուրս կմղվի Արցախից, ինչը կբերի արցախահայության սոցիալական իրավիճակի վատթարացման ու կամայականությունների Բաքվի իշխանությունների կողմից, այդ թվում՝ նաեւ թոշակների ու սոցիալական վճարների չեղարկումներ:
15. Հայոց լեզուն աստիճանաբար դուրս կմղվի դպրոցներից, ու փոխարենը ադրբեջանական դպրոցներ կբացվեն:
Սիրելի հայրենակից, սրանք դեռ այն տեսանելի վտանգներն են, որոնք կարող են առաջանալ արցախահայության համար՝ Արցախն Ադրբեջանին բռնակցելու դեպքում, ու ամենեւին էլ կարեւոր չէ, թե ինչ կարգավիճակով, կամ ինչ կեղծ երաշխիքներ կարող է տալ Ադրբեջանը: Հայրենակից, խնդրում եմ՝ կարդա ուշադիր ու հասկացիր, որ նույնիսկ եթե դու դեմ ես նման իրականությանը, ապա քո լռությամբ ու անտարբերությամբ Արցախի հայությանը դատապարտում ես այս ճակատագրին, որի այլընտրանքն արցախցիների համար կլինի լքել իրենց տները, իրենց հողը, իրենց նախնիների գերեզմանները, թողնել իրենց ողջ կյանքում արյամբ ու քրտինքով վաստակած ամեն ինչ, թողնել բնօրրանը ու դառնալ վտարանդի:
Հավելեմ նաեւ, որ այս կետերը շարադրված են բոլոր կարգի ինքնավարությունների կամ, այսպես ասած, կարգավիճակների ու դրանց իրավական ռեժիմների ուսումնասիրության արդյունքում եւ արցախահայության նախկին՝ ԼՂԻՄ-ի ժամանակներում ունեցած դառը փորձառության հիման վրա: Եթե այս ամենն ընդունելի է որեւէ մեկի համար, ապա այդ մարդը միանշանակ հայ համարվելու իրավունք չունի:
Ու վերջում՝ որպես արցախցի հայ, որպես Արցախում ապրող, ընտանիք պահող, երեք պատերազմ տեսած հայ մարդ՝ դիմում եմ ՀՀ բոլոր այն պատգամավորներին, իշխանավորներին, լրագրողներին, քաղաքագետներին, քաղաքական գործիչներին, ՀՀ բոլոր քաղաքացիներին, բոլոր-բոլորին ու անձամբ Նիկոլ Փաշինյանին՝ եթե ձեզ համար վերը նշված իրողություններն ընդունելի են, եւ դուք համարում եք, որ կարելի է ապրել նման հանգամանքների առկայությամբ, եթե դուք համարում եք, որ Ադրբեջանի կազմում Արցախի հայությունն ապագա ունի ու կարող է անվտանգ լինել, ապա խնդրում եմ պատասխանեք արցախցիներիս՝ պատրա՞ստ եք, արդյոք, ձեր ընտանիքներով, երեխաներով եւ ծնողներով տեղափոխվել ու բնակվել Արցախում եւ ապացուցել, որ Արցախը նման պայմաններում հնարավոր է հայկական պահել: Ու չասեք, թե նշածս կետերը հորինված են, ու այդպես չի լինելու: Հերիք է մանիպուլյացիաներ անեք ու շեղեք հայ հանրությանը: