Քաղաքականություն

Օգնողնե՞ր, թե՞ օգտվողներ

Օգնողնե՞ր, թե՞ օգտվողներ

Յուրաքանչյուր անգամ, երբ դուք տեղեկանաք, որ Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ, մի մտածեք, որ նրանք քննարկել են Հայաստանի պաշտպանության եւ անվտանգության հետ կապված խնդիրներ, մեր երկրի պաշտպանունակությունը բարձրացնելուն ուղղված միջոցառումներ, մտածեք, թե ինչ ակնկալիքներ ունի Ֆրանսիան Հայաստանից, ինչի վրա են աչք տնկել Ֆրանսիայի իշխանությունները եւ ինչ են ուզում տանել մեզնից:

Ֆրանսիան, հանուն Ուկրաինայի ընդերքի, պայքարի մեջ է մտել իրենից ավելի ուժեղ մրցակցի՝ Միացյալ Նահանգների հետ: Ֆրանսիացիներին մտահոգում է հեռանկարը, որ ԱՄՆ-ն կարող է միանձնյա տիրանալ Ուկրաինայի ընդերքին եւ իրենց թողնել ձեռնունայն, իսկ իրենք 3 տարի շարունակ իբրեւ թե «օգնել են» Ուկրաինային՝ հաղթանակի հասնելու Ռուսաստանի դեմ պատերազմում: Հիմա, երբ պատերազմի ավարտը կարծես մոտ է, եւ Ուկրաինան ու ԱՄՆ-ն պայմանավորվում են, թե ինչ պայմաններով է ուկրաինական ընդերքը բաժին հասնելու ամերիկացիներին, Ֆրանսիայում իսկական խուճապ է` իսկ ի՞նչ կմնա իրենց, եթե ամբողջը ամերիկացիները տանեն, տանեն ուղղակի իրենց քթի տակից, այն դեպքում, երբ իրենք են «օգնել» Ուկրաինային, հույս ունենալով, որ այդ օգնությունը կփոխհատուցվի անհամեմատ ավելի մեծ չափերով: Ֆրանսիացի պաշտոնյան չի կարողանում թաքցնել իր զայրույթն ու հիասթափությունը:

«Դուք պետք է իմանաք, որ ես անձամբ իմ ուկրաինացի գործընկերոջ հետ քննարկում եմ պաշտպանության կարիքները։ Մենք փոխհատուցում չենք փնտրում, բայց մեր պաշտպանական համակարգին անհրաժեշտ են ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ են մեր սպառազինության համակարգին ոչ միայն առաջիկա տարիներին, այլ նաեւ՝ առաիկա 30-40 տարիների համար։ Ես Մակրոնին խնդրեցի, որ մենք նույնպես քննարկումներ սկսենք ուկրաինացիների հետ»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն, այն ժամանակ, երբ գնացքը հեռացել է կայարանից՝ իր հետ տանելով ուկրաինական հարստությամբ բարձված վագոնները:

Ֆրանսիայի պաշտպանության նախարարն ուզում է ասել, որ իրենք ամերիկացիներից առաջ են աչք տնկած եղել Ուկրաինայի հանքահումքային ռեսուրսների վրա եւ նույնիսկ բանակցել են դրանք շահագործելու շուրջ, սակայն ամերիկացիներն իրենցից առաջ են անցնում՝ վերցնելով ամեն ինչ, այն ամենը, ինչն իրենց պետք կգար երկրի պաշտպանության կարիքներն առաջիկա 30-40 տարիներին հոգալու համար: Այսինքն, Ֆրանսիայի նպատակը եղել է ոչ թե Ուկրաինայի պաշտպանությունը, այլ՝ Ֆրանսիայի: Բայց Ֆրանսիայի Պնախարարը պետք է հասկանա, որ ուժեղները թույլերից խլում են նրանց ունեցածը, ռեսուրսների համար պայքարում-հաղթում են ուժեղները: Թե՞ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը տեսել է աֆրիկյան տափաստանների մասին պատմող վավերագրական ֆիլմ, որտեղ բորենիների կամ շնագայլերի ոհմակը կարողանում է առյուծից խլել նրա որսը, եւ հիմա իրենք էլ մի քանի եվրոպական երկրներով` Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա, ուզում են միավորվել` ընդդեմ Միացյալ Նահանգների, եւ նրանից խլել զոհի կարգավիճակում հայտնված Ուկրաինային ու մաս-մաս հոշոտել: ԱՄՆ-ն էլ պետք է հաշտվի այդ կորստի հետ ու հեռվից նայի, թե ինչ խնջույք են իրենք կազմակերպել ուկրաինական հողի վրա: Մի՞թե Ավստրալիայի հետ սուզանավերի կառուցման պայմանագրի չեղարկումը դաս չեղավ Ֆրանսիային` Ավստրալիան չեղարկեց Ֆրանսիայի հետ կնքած պայմանագիրը եւ նոր պայմանագիր կնքեց ԱՄՆ-ի հետ: Չհասկացա՞ն, որ չի կարելի ռինգ մտնել ուրիշ քաշային կարգ ունեցող մրցակցի հետ, եւ նման մենամարտում արդյունքը միշտ կանխորոշված է հօգուտ ուժեղի: 

Մեզ չի հետաքրքրում Ֆրանսիայի հիասթափությունն Ուկրաինայից կամ ԱՄՆ-ից, մեզ հետաքրքրում է բոլորովին այլ հարց: Իսկ ի՞նչ են քննարկել Հայաստանի եւ Ֆրանսիայի պաշտպանության նախարարները, երբ նրանք հանդիպել են: Իսկ նրանք հանդիպել են բավական հաճախ: Օրինակ, 2023-ին Սուրեն Պապիկյանը Սեբաստիեն Լըկորնյուի հետ հանդիպել է հոկտեմբերին, 2024-ի հունիսին: Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ նրանք ինչ-որ փաստաթղթեր են ստորագրել եւ ինչ-որ հարցեր քննարկել: Ահա 2024 թ. հանդիպման մասին պատմող հաղորդագրությունը. «Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանում պաշտպանության ոլորտում բարեփոխումների ընթացքը եւ այդ ուղղությամբ Ֆրանսիայի հետ համագործակցության շրջանակում իրականացվող աշխատանքները: Կողմերը կարեւորել են ռազմատեխնիկական համագործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ»:

Հաղորդագրություններում ոչ մի խոսք չկա Հայաստանի ընդերքի եւ դրանում առկա հարստությունների նկատմամբ Ֆրանսիայի ունեցած հետաքրքրությունների մասին: Բայց երբ Սեբաստիեն Լըկորնյուն հանդիպել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ, պաշտոնական հաղորդագրություններում դարձյալ չի նշվել, որ ֆրանսիացի պաշտոնյան հետաքրքրություն է դրսեւորել այդ երկրի ընդերքի նկատմամբ կամ քննարկել է այդ ընդերքի շահագործման հարցը: Այդ հարցը բարձրաձայնվեց, երբ ֆրանսիացիները տեսան, որ իրենց արած ամրագրումը` առանց իրենց իմացության, չեղարկվել է, Ուկրաինան այն հանձնել է ուրիշի: Ինչպիսի անարդարություն. չէ՞ որ իրենք այդքան անշահախնդիր «օգնել» են Ուկրաինային:

Ընդհանրապես, պետք է հասկանալ, որ ոչ մի անշահախնդիր օգնություն գոյություն չունի, բոլոր օգնողների իրական նպատակն օգտվելն ու օգտագործելն է: Հիմա մենք պետք է հասկանանք, թե Հայաստանում ինչի վրա աչք ունեն Ֆրանսիայի իշխանությունները եւ մեր երկրի ու ժողովրդի մյուս «անկեղծ ու անշահախնդիր բարեկամները»:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image