Համաշխարհային գրականության եւ մասնավորապես նաեւ բրիտանական գրականության հիմնարար ստեղծագործություններից մեկի՝ Ջոն Գոլսուորսիի «Ֆորսայթների պատմությունը» վեցհատորանի վիպաշարի էկրանավորումը՝ նկարահանված 1967 թվականին, կրում էր «Ասք Ֆորսայթների մասին» անվանումը։ Գոլսուորսին, ի դեպ, 1932 թվականին արժանացել է Գրականության նոբելյան մրցանակի՝ պատմողական նկարագրության բարձր արվեստի համար, որի գագաթնակետը, իհարկե, «Ֆորսայթների պատմությունը» շարքն է։ Ֆիլմաշարը նկարահանվել է BBC-ի կողմից։ Համապրոդյուսերն է եղել Դոնալդ Վիլսոնը։
Առաջին անգամ այն հեռարձակվել է 1967 թվականի հունվարի 7-ին։ Հեռարձակումը տեւել է մինչեւ հուլիսի 1-ը։ Բաղկացած է եղել 26 մասից։ Ապա վերահեռարձակվել է 1968-69 թվականներին։ Սերիալն այդ ընթացքում դիտել է 18 միլիոն մարդ, ցուցադրվել է աշխարհի շատ երկրներում, վաճառվել է նաեւ Խորհրդային Միությանը, որտեղ այն ներկայացվել է 1971 թվականին։ Թարգմանական հնչյունավորումը կատարել է Նիկոլայ Ալեքսանդրովիչը։ Նախապես պլանավորվել էր, որ սերիալը լինելու է գունավոր, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով այն սեւ-սպիտակ է։ Սերիալում իր առաջին դերերից մեկով հանդես է եկել Մայքլ Յորքը։
Սյուժեի հիմքում Գոլսուորսիի վիպաշարն է, որը պատմում է անգլիական միջին դասի վերնախավին պատկանող Ֆորսայթների պատմությունը՝ սկսած 1886 թվականից մինչ 1930-ականները։ Դա, ըստ էության, երկու տարբեր աշխարհներ էին՝ 19-րդ դարի վերջին շրջան՝ Վիկտորյանական դարաշրջան եւ արդեն խելահեղ թափ հավաքող 20-րդ դար ու Առաջին աշխարհամարտ։ Սերիալը, ինչպես վիպաշարը, ներկայացնում է տիպիկ անգլիական հասարակության վերնախավին պատկանող գերդաստանի կյանքը՝ իրեն հատուկ խնդիրներով, ինտրիգներով, հերոսներով ու հակահերոսներով, մտայնությամբ ու կենսափիլիսոփայությամբ։ Սա վիպաշարի դասական էկրանավորումն է։ Սերիալում կարելի է տեսնել գերդաստանային առօրյա, սիրավեպեր, դավաճանություններ, խանդ ու անձնազոհություն, ամուսնություններ ու ամուսնալուծություններ, դասակարգային աստիճանակարգով վերելքներ ու սկանդալներ։ Սերիալը հատկապես հետաքրքիր է նրանց համար, ովքեր սիրում են ուսումնասիրել պատմությունը ոչ թե զուտ որպես թվերի եւ իրադարձությունների գիտություն, այլ՝ որպես մարդկային ճակատագրերի, հույզերի եւ այլ հազարավոր ասպեկտներից բաղկացած «տիեզերք»։ Արժանացել է «Էմմի» եւ BAFTA մրցանակներին։