Նիկոլ Փաշինյանը հայ հասարակությանը եւ նույնիսկ եվրոպացիներին փորձում է համոզել, որ ինքը Հայաստանը տանում է դեպի Եվրամիություն, քանի որ իրեն ու իր ռեժիմին հոգեհարազատ են եվրոպական արժեքները։ Իսկ որքանո՞վ է Փաշինյանը՝ անձամբ, եւ իր ռեժիմը՝ ընդհանրապես, եվրոպական, որքանո՞վ են իրենք համարժեք այն արժեքներին, արժեքային համակարգին, որոնք այսօր ավելի ու ավելի գերիշխող են դառնում Եվրոպայում, եվրոպական հասարակություններում։ Իրականում, Փաշինյանը Հայաստանը տանում է եվրոպական ուղղությանը հակառակ․ Փաշինյանի համար Եվրոպա գնալը եվրոպացիներից փող եւ քաղաքական աջակցություն ստանալն է, որ պահի իր իշխանությունը` «թշնամի եւ ատելի Ռուսաստանի» կողմից իբրեւ թե իրականացվող հիբրիդային հարձակումներից։
Եվրոպայում հիմա ավելի ու ավելի մեծ ազդեցություն են ստանում աջ պահպանողական քաղաքական ուժերը, հասարակությունները, ընտրողներն իրենց ձայնը տալիս են ազգային արժեքներ դավանող եւ ուժեղ պետության կողմնակից քաղաքական ուժերին եւ գործիչներին, լիբերալներն ու տարբեր տեսակի կանաչներն ու կապույտները դուրս են մղվում քաղաքական լուսանցք։ Բրիտանական The Telegraph հանդեսը մի հոդված է հրապարակել՝ «Մելոնին Մակրոնին կտրում է Եվրոպայի շարժիչից, Իտալիայի վարչապետը միանում է Գերմանիայի կանցլերին՝ մայրցամաքն ավելի պահպանողական ուղղությամբ տանելու համար» վերնագրով։
Հոդվածի ամբողջ իմաստն այն է, որ Եվրոպայում Ֆրանսիա-Գերմանիա դաշինքին փոխարինելու է գալիս Գերմանիա-Իտալիա դաշինքը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Շոլցը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի փոխարեն նախապատվություն է տալիս Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին՝ Եվրոպան պահպանողական արժեքներով վերակառուցելու համար, ինչը նշանակում է, որ Եվրոպայում, այնպես, ինչպես ԱՄՆ-ում, լիբերալ-գլոբալիստների գերիշխանությունն ավարտվում է։ «Իտալիան եւ Գերմանիան ավելի մոտ են, քան երբեւէ»,- Գերմանիայի կանցլերի խոսքերն է մեջբերում բրիտանական պարբերականը, խոսքեր, որոնք Գերմանիայի կանցլերն արտասանել է Իտալիա կատարած այցի ընթացքում։
Իհարկե, այս համեմատությունը մի քիչ վախեցնում է, եւ բրիտանական հանդեսը չի հիշում կամ գուցե չի ցանկանում հիշել, որ Գերմանիան եւ Իտալիան իրականում ավելի մոտ եղել են սրանից գրեթե հարյուր տարի առաջ, երբ Իտալիայի ղեկին Իտալիայի Նացիոնալ ֆաշիստական կուսակցության ղեկավար Բենիտո Մուսոլինին էր, իսկ Գերմանիայի կանցլերը՝ Նացիոնալ սոցիալիստական՝ նացիստական կուսակցության ղեկավար Ադոլֆ Հիտլերը։
Բայց Ջորջիա Մելոնին ֆաշիստ չէ, իսկ Ֆրիդրիխ Մերցն էլ` նացիստ, Մելոնին «Իտալիայի եղբայրներ» աջ կենտրոնամետ կուսակցության առաջնորդն է, որը բացարձակ հաղթանակ տարավ 2022 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում՝ ղեկավարելով Իտալիայի կառավարությունը, իսկ Ֆրիդրիխ Մերցի ղեկավարած Քրիստոնեադեմոկրատական միությունը, որը եւս աջ կենտրոնամետ կուսակցություն է, 2025 թ. տեղի ունեցած Բունդեսթագի ընտրություններում ստացավ հարաբերական մեծամասնություն եւ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ ձեւավորեց կոալիցիա, որի արդյունքում գլխավորեց կառավարությունը։
Գերմանիան նախընտրում է դաշինք կազմել Իտալիայի հետ, քանի որ երկու երկրներում էլ իշխանության են աջ կամ կենտրոնամետ պահպանողականները, իսկ Ֆրանսիայի նախագահը լիբերալ-գլոբալիստական ուղղության հետեւորդ է` մերժված եւ մեռնող ուղղության։ Եվրոպայում հասկացել են, որ այդ ուղղությունը տանում է ազգային պետությունների քայքայմանը, ազգային, ընտանեկան եւ հոգեւոր արժեքների ոչնչացմանը։
Չնայած Փաշինյանը իշխանությունը զավթելուց հետո վստահեցնում էր, որ ինքը ոչ մի իզմ-եր չի դավանում, այսինքն՝ չունի քաղաքական սկզբունքներ եւ գաղափարախոսություն, բայց նրա կառավարությունը եւ ինքն անձամբ լիբերալ- գլոբալիստների դրածոն է, նրանց քաղաքական գծի առաջ մղողը։ Միայն այն, որ նա հայտարարեց, որ տրանսգենդեր Մել Դալուզյանին վերցնում է իր անձնական պաշտպանության տակ, ամեն ինչ արժեր։ Միայն այն, որ նա դասական իմաստով չունի ընտանիք եւ նույնիսկ վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո չօրինականացրեց իր հարաբերությունները քաղաքացիական կնոջ հետ, խոսում է ընտանեկան արժեքների նկատմամբ քամահրական վերաբերմունքի մասին։ Իսկ Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ կազմակերպված արշավն ընդհանրապես ուղղված է հայ հասարակության պատմականորեն ձեւավորված արժեհամակարգի դեմ։
Եվրոպական պահպանողականությունն առաջին հերթին հարգանքն է կրոնական արժեքների, հոգեւորականության, հասարակական բարոյականության, ազգային մշակույթի նկատմամբ, բաներ, որոնց դեմ Փաշինյանը եւ նրա ռեժիմի ներկայացուցիչները պայքարում են ամեն Աստծո օր եւ ժամ։ Եվրոպական պահպանողականության ամենակարեւոր սկզբունքը հարգանքն է՝ «Իրերի հաստատված կարգի» նկատմամբ, որը ենթադրում է, որ հասարակությունը, ներառյալ նրա բոլոր ինստիտուցիոնալ տարրերը պատմական զարգացման արդյունք են, եւ պետության պարտքն է՝ այդ կարգը պահպանել եւ պաշտպանել արհեստական փոխակերպումներից:
Եվրոպական պահպանողականության մեկ այլ սկզբունք հռչակում է, որ պետությունը պետք է վճռորոշ դեր խաղա ժողովրդի տնտեսական, մշակութային, հոգեբանական եւ կրոնական համերաշխության գործում, չեզոքացնի անջատողականության ցանկացած դրսեւորում եւ ապահովի ազգի միասնությունը։
Հիմա ասեք` ոչ թե ավանդական ընտանիքը, այլ տրանսգենդերին իր պաշտպանության տակ վերցրած, Հայոց պատմության, մշակույթի, Եկեղեցու եւ հոգեւորականների դեմ արշավանք սկսած Փաշինյանը եւ նրա ռեժիմի ներկայացուցիչները որքանո՞վ են եվրոպական, որքանո՞վ են համապատասխանում Եվրոպայում եւ դրա առանձին երկրներում առկա քաղաքական եւ գաղափարախոսական դրսեւորումներին։
Այդ մարդիկ եվրոպամետ են այնքանով, որ եվրոն գերադասում են ռուսական ռուբլուց, իրենց փողերը գերադասում են պահել եվրոպական եւ ոչ ռուսական բանկերում։ Մյուս բոլոր առումներով նրանք ոչ միայն հակաեվրոպական են, այլեւ՝ հակամարդկային։