Քաղաքականություն

«Հրապարակ». Օրենքի նախագիծ՝ Հռոմի ստատուտի հետ կապված

«Հրապարակ». Օրենքի նախագիծ՝ Հռոմի ստատուտի հետ կապված

Արդարադատության նախարարությունը Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի համագործակցությունը կարգավորող օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին վավերացրեց Հռոմի ստատուտը, որից հետո Հայաստանն ընդունեց Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը։ Իշխանությունների պնդումն այն էր, որ այս ստատուտը վավերացնելուց հետո Ալիեւի նկատմամբ միջազգային այս դատարանում քրեական գործ կհարուցեն, եւ Արցախի նկատմամբ էթնիկ զտումների փաստը կարձանագրվի, ու մեղավորները կպատժվեն` հետագա բռնությունները կկանխվեն: Մինչդեռ ընդդիմախոսները պնդում էին, որ սա արվում է Ռուսաստանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ, քանի որ նրա դեմ այս դատարանը հետախուզում էր հայտարարել եւ կալանքի սանկցիա արձակել: Եվ ստատուտը վավերացնելուն դեմ արտահայտվողները հիշեցնում էին, որ ՀՀ ՍԴ-ն այն նախկինում ճանաչել է հակասահմանադրական` այն հիմքով, որ ՀՀ-ում արդարադատություն իրականացնում են միայն ՀՀ դատարանները, սրանով մենք ոտնահարում ենք ՀՀ Սահմանադրությունը:

Առաջարկվող օրենքի նախագիծը սահմանում է, որ այս դատարանի հետ համագործակցող մարմինը դատախազությունն է, եթե գործերը նախաքննության փուլում են, իսկ դատաքննության փուլում գտնվող գործերի դեպքում՝ արդարադատության նախարարությունը։ Առանձին դեպքերում դատարանի հետ կարող է հարաբերվել նաեւ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։

Ըստ օրենքի նախագծի՝ եթե դատարանը Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնին այնպիսի հարցում է անում, որը կապված է ՀՀ ազգային անվտանգության հետ, ապա այդ հարցը պետք է զեկուցվի Ազգային անվտանգության խորհրդին, եւ Անվտանգության խորհուրդը կարող է որոշում կայացնել հարցման կատարմանն առնչվող միջոցառումները կասեցնելու վերաբերյալ եւ կարող է մերժել, եթե հարցման կատարումը կարող է վնասել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին: Հետաքրքիր է նաեւ անձեռնմխելիություն ունեցող անձանց վերաբերող մասը, ըստ դրա՝ «Եթե Միջազգային դատարանի հարցումը վերաբերում է այն անձի քրեական հետապնդմանը, որը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, օգտվում է անձեռնմխելիությունից, ապա լիազոր մարմինը համապատասխան պետական մարմնին ծանուցում է այդ անձի նկատմամբ քրեական վարույթ իրականացնելու հիմքերի առկայության մասին», իսկ թե ծանուցումից հետո իրավական ինչ ընթացակարգեր կարող են լինել, կարո՞ղ է արդյոք համապատասխան մարմինը մերժել դատախազությանը, թե ոչ, օրենքում չի նշվում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image