Քաղաքականություն

«Հրապարակ»․ Հայտնի չէ՝ ինչ խորհուրդներ են տալիս բարձր աշխատավարձ ստացող այս խորհրդականները

«Հրապարակ»․ Հայտնի չէ՝ ինչ խորհուրդներ են տալիս բարձր աշխատավարձ ստացող այս խորհրդականները

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հոկտեմբերի 3-ին որոշում է կայացրել Վահան Փիրումյանին մարզպետի խորհրդականի պաշտոնից ազատելու վերաբերյալ։ Մարզպետի որոշման մեջ, որպես հիմք, նշված է Վ․ Փիրումյանի դիմումը։ Նա Տավուշի մարզպետի խորհրդական է նշանակվել 2024թ․ փետրվարի 27-ին։ Մինչ այդ ղեկավարել է Փրկարար ծառայության Տավուշի մարզի փրկարարական վարչությունը։ Մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել․ «Վահան Փիրումյանն ի՞նչ ոլորտների վերաբերյալ էր Ձեզ խորհրդատվություն տրամադրում, նրա՝ աշխատանքից ազատվելուց հետո այդ ոլորտների վերաբերյալ ո՞վ է Ձեզ խորհուրդներ տալիս»։ Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Մարզպետի խորհրդականի աշխատանքային պարտականություններն ամրագրված է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով եւ պաշտոնի անձնագրով: Մարզպետի խորհրդականի հիմնական գործառույթը «Ապահովում եւ համակարգում է արտակարգ իրավիճակների վերացման, տարերային եւ տեխնոլոգիական աղետների կանխման, վտանգի նվազեցման եւ հետեւանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները: 2025 թվականի հոկտեմբերի 3-ից թափուր է մարզպետի  խորհրդականի պաշտոնը»: 

Վ․  Փիրումյանն ինչո՞ւ պետք է ինքնակամ թողներ բավականին բարձր վարձատրվող, իր կատարած աշխատանքի դիմաց չափելի արդյունքներ չպահանջող խորհրդականի պաշտոնը, նրա պաշտոնանկությունից հետո ո՞վ է Տավուշի մարզում ապահովում եւ համակարգում արտակարգ իրավիճակների վերացման, տարերային եւ տեխնոլոգիական աղետների կանխման, վտանգի նվազեցման եւ հետեւանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները, եթե մարզպետի աշխատակազմում նման աշխատանքներ կատարվում են։ Նշեմ, որ Տավուշի մարզպետի խորհրդականի պաշտոնը թափուր չէ` մարզպետը 2 խորհրդական ուներ, բացի Վահան Փիրումյանից, Տավուշի մարզպետի խորհրդականն է նաեւ Սերգեյ Խալաթյանը։ 

Հանրության մեջ բարձր պաշտոնյաների խորհրդականների աշխատանքի վերաբերյալ կարծիք կա, որ նրանք պետական բյուջեից մեծ ռոճիկ են ստանում ոչինչ չանելու համար։ Օրինակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն այնքան է ուռճացած, կարծես իր մեծությամբ եւս մեկ կառավարություն լինի։ Վարչապետի գլխավոր խորհրդական են աշխատում Նիկոլ Փաշինյանի «զեմլյակ», Իջեւանում ծնված 55-ամյա Արտակ Քամալյանը, Նիկոլ Փաշինյանին անգլերեն սովորեցրած, ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը։ Նիկոլ Փաշինյանը, բացի գլխավոր խորհրդականներից, եւս 3 խորհրդական ունի՝ Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը, 2000-2006 թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, 76-ամյա Արտաշես Թումանյանը, ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանը։ Վարչապետ Փաշինյանը հասարակական կարգով մի խորհրդական էլ ունի՝ Սուրեն Մաղաքյանը, որը 1998-ից «Լիարժեք կյանք»   ներառական հասարակության խթանման ՀԿ հիմնադիր- նախագահն է։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ 3 խորհրդական ունի՝ Աշխեն Հայրապետյանը, Հովհաննես Նալբանդյանը եւ Ահարոն  Ներսիսյանը։ Նրանց տված խորհուրդների ու դրանց արդյունավետության մասին նույնպես ոչինչ հայտնի չէ։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատակազմն  ուռճացած է խորհրդականներով, օգնականներով, ռեֆերենտներով, վարչություններով եւ այլնով։ Խաչատուրյանը 2 խորհրդական ունի՝ Տաթեւիկ Կարապետյանը եւ Ռոբերտ Խաչատրյանը։ Տաթեւիկ Կարապետյանն Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի դուստրն է։ Թե այդ երիտասարդ աղջիկը նախագահ Վահագն Խաչատուրյանին ինչի վերաբերյալ է խորհուրդներ տալիս, իրեն ու Վ․ Խաչատուրյանին է միայն հայտնի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image