Այսօր Հայաստանում նշվում է դատական իշխանության օրը։ Այդ առիթով Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահը, ՍԴ եւ ԲԴԽ նախագահները իրավական ողջ վերնախավի՝ դատավորների, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, նախարարների հետ հավաքվել էին Դվին հյուրանոցում, մասնակցելու «Դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման գործնական կամ ընթացակարգային խոչընդոտները» վերնագրով փակ քննարկմանը:
Թեման ուշացած արդարադատությունն էր: «Արդարադատությունը ոչ թե ուշանում է, այլ տեղ չի հասնում»՝ վարչապետի այս մտքով էլ վարող ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցը սկսեց քննարկումը, հարց ուղղելով նրան՝ ինչը կարող է օգնել մեզ նվազեցնել ՀՀ արդարադատության եւ ժողովրդի միջեւ առկա խզումը:
Ի դեպ, Փաշինյանը, որը պետք է որ կապ չունենա արդարադատության եւ դատական իշխանության հետ, սկսեց ու ավարտեց այդ ձգձգված քննարկումը:
Թումանյանցի հարցը նա մոռացավ ու ասաց այն, ինչն ինքն էր ուզում:
«Պետությունը իրավունքներ եւ ազատություններ ապահովելու համար պետք է գնա սահմանափակումների», «մարդու համար ինչ տարբերություն ոչ լեգիտիմ որոշումը մի ամսում են կայացրել, թե մի տարում», «նա պետք է մտածի՝ սա պետության կայացրած որոշումն է իմ դեմ, հետեւապես, սա իմ կայացրած որոշումն է իմ դեմ»՝ «ես, օրինակ, չունեմ արդարադատության ու արդարադատության զգացում», «էն կարմիր լույսն էլ, որ փողոցում վառվում է՝ լեգիտիմության խնդիր ունի»՝ փիլիսոփայում էր վարչապետ Փաշինյանը: Նա նաեւ վերջին ելույթ ունեցողն էր եւ նույն մտքերով էլ փակեց քննարկումը, ասելով, որ հանկարծ հիշել է, որ վերջերս հազվագյուտ է դատական ակտերի, դատավորների վերաբերյալ նամակ-բողոքներ ստանում քաղաքացիներից: Վարչապետի երկրորդ դիտարկումը, որը նա արեց ակնհայտ հաճույքով, այն էր, որ բեմում, «պանելիստների» մեջ կանյք մեծամասնություն են: Այդ պահին բեմում նստած էին ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, վճռաբեկի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: Նրանք բոլորը երջանիկ ժպտում էին, մինչև այն պահը, որ վարչապետը հայտարարեց, որ հետեւապես կանայք են կրում պատասխանատվությունը երկրում արդարության ու արդարադատության համար: «Իմ ասածում հումոր չկա, կանայք մեր երկրի բնակչության մեծամասնությունն են, ես հավատում եմ, որ կանանց շրջանում օբյեկտիվությունը մեծ է ու կոռուպցիոն մենտալիտետը ավելի պակաս է, քան տղամարդկանց, հանցավոր ենթամշակույթի համար կանայք պակաս հասանելի են, քան տղամարդիկ»: Որպես քրեական մշակույթի դրսեւորում Փաշինյանը նշեց հարցերը տղավարի լուծել արտահայտությունը: «Ես մեկ մեկ բռնում եմ ինձ այն մտքի վրա, որ ամենապատկառելի միջավայրերում տղայականության մասին անպիսի մակարդակներում է խոսվում, դռնփակ քննարկումներում այնպիսի բառեր են հնչում, որ վեր ես թռնում, մտածում են՝ էս միջավայրում սա ինչու պետք է հնչի»: Վերջում վարչապետն ափսոսանք հայտնեց, որ ԿԳՍՄ նախարարը ներկա չէ քննարկմանը, քանի որ ամեն ինչ սկսվում է կրթությունից: Թե ինչ կապ ունի Ժաննա Անդրեասյանը դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների հետ, անհայտ մնաց: