Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքը, որ տարիներ առաջ միջազգային հարթակներում հայտնի էր որպես առողջարանային եւ սպորտային քաղաք, այսօր դանդաղ վերածվում է բարձրահարկ շենքերով ծանրաբեռնված, կանաչից զուրկ քաղաքի: Բազմիցս գրել ենք առողջարանային քաղաքում բազմաֆունկցիոնալ երկնաքերների, հյուրանոցային համալիրների կառուցման մասին: 1000-ից ավելի` մոտ 1200 մշտական բնակիչ ունեցող փոքրիկ քաղաքն այսօր զրկվում է իր տարածքներից, տարածքներ են վաճառում, ծառեր են կտրում, քաղաքի արտաքին ճարտարապետական տեսքն է աղավաղվում։
Ըստ մասնագետների՝ նման բազմաֆունկցիոնալ բարձրահարկ հյուրանոցային համալիրների շարունակական կառուցման պատճառով Ծաղկաձորը մոտ ապագայում խնդիրների առաջ կկանգնի թե՛ էլեկտրաէներգիայի հետ կապված, թե՛ ջրային ռեսուրսների: Ցանկացած կառուցապատման նախագիծ նախապես դրվում է քաղաքի ավագանու քննարկմանը, եւ քանի որ ՔՊ խմբակցությունը ձայների առավելություն ունի «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի համեմատ, ցանկացած նախագիծ անցնում է:
Մեզ հետ զրույցում բարձրահարկ հյուրանոցային համալիրների կառուցման մասին իրենց դիրքորոշումը հայտնեցին ավագանու անդամները: «Մեր համայնքը» դաշինքի ավագանու անդամ Գրիգոր Ղարիբյանն ասաց, որ առհասարակ դեմ է բարձրահարկ շենքերի կառուցմանը, քանի որ քաղաքի դիմագիծն է փոխվում: «Հիմնականում մանրակրկիտ ուսումնասիրում եմ, թե բնակչությանն ինչքանով է խանգարում կամ օգնում, կամ ինչ կտան համայնքին այդ բարձրահարկ շինությունները: Նույնիսկ մի փոքր կասկածի դեպքում գերադասում եմ ձեռնապահ լինել, քան համաձայնություն տալ: Հարկերի առումով համայնքի բյուջե գումար կմտնի․ լավ գիտեք, որ քանի գնում՝ մեր երկրում գույքահարկը տեղը տեղին բարձրանում է, դա շատ ձեռնտու է, բայց միայն գումարը չէ: Եթե ինչ-որ տեղ գազը կամ լույսը կարող ենք գնել, ջուրը ֆիզիկական գոյություն ունեցող պաշար է եւ վաղ թե շուտ կսպառվի: Այդ դեպքում քաղաքը խնդրի առաջ կկանգնի: Ավագանիներս՝ մեկս մյուսին ճանաչում ենք, վաղը, մյուս օրը… ֆրակցիայից այն կողմ կյանք կա, եւ բոլորս իրար աչքերի առաջ ենք նայելու: Բացի այդ, նույն մարդիկ եթե ինչ-որ մի բան որոշում են, վաղը, մյուս օրը շահերի բախումը տեղի է ունենալու իրենց գյուղերում: Ու էնպես չէ, որ ՔՊ-ական ինչ-որ մեկն ինչ որ ուզի, սղղացնի գնա: Շատ հաճախ եղել են դեպքեր, որ 1 ավագանու դիրքորոշումից կախված` հարցն օրակարգից դուրս է մնացել, կամ բոլորը դեմ են եղել` անկախ ֆրակցիայից, կապ չունի, թե ով է բերել»,- ասաց ավագանու անդամ Ռուբեն Սաֆարյանը:
Տարեվերջին աշխատավարձի 100 %-ի չափով պարգեւավճար ստացած Ծաղկաձորի ՔՊ-ական համայնքապետ Նարեկ Հարությունյանը պատասխանել է մեր գրավոր հարցմանը: Հարցրել էինք. «2025 թվականին համայնքի ղեկավարի եւ ավագանու կողմից քանի՞ համաձայնություն է տրվել՝ բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիրի կառուցման աշխատանքներ իրականացնելու համար»: Համայնքապետը պատասխանել է. «2025 թվականի ընթացքում բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիրի կառուցման աշխատանքներ իրականացնելու համար տրվել է 1 նախնական համաձայնություն՝ ավագանու կողմից, սակայն կառուցապատողը դեռ չի ստացել շինթույլտվություն»։
Հաջորդ հարցը. «2025 թ. սեպտեմբերի 9-ին ավագանու նիստում ավագանին իր համաձայնությունը չտվեց «ՏԱՆԱԱՏ» ՍՊԸ-ին` Ծաղկաձոր համայնքի Անտառային 1, թաղամաս 11 հասցեում բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիրի կառուցման աշխատանքներ իրականացնելու համար: Նոյեմբերի 18-ին նույն հարցը դրվեց ավագանու նիստում, եւ ավագանին կողմ քվեարկեց: 2025 թ. հոկտեմբերի 14-ին ավագանին նախնական համաձայնություն չտվեց «ՓԱԲԼԻՔ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ի Ծաղկաձոր համայնքի Սարալանջի 46 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման աշխատանքներ իրականացնելուն։ Դեկտեմբերի 17-ի նիստում կրկին դրվեց այս հարցը, եւ 3 ձեռնապահ, 1 դեմ քվեարկությամբ հարցն անցավ օրակարգ: Ավագանու նիստերից առաջ համայնքապետարանի կողմից հանրային լսումներ կազմակերպվո՞ւմ են, բնակիչները տեղյա՞կ են, թե ինչպես են սնկի պես, մեկը մյուսի հետեւից հյուրանոցներ կառուցվում: Եթե տվյալ բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիրների հետ կապված հանրային լսում է եղել, խնդրում ենք ներկայացնել»:
Պատասխան. «2025 թ. սեպտեմբերի 9-ին ավագանին չի տվել համաձայնություն «ՏԱՆԱԱՏ» ՍՊԸ-ին՝ համարելով, որ կառուցապատման ծավալները շատ մեծ են, իսկ 2025 թ. նոյեմբերի 18-ին ավագանին տվեց իր նախնական համաձայնությունը, քանի որ «ՏԱՆԱԱՏ» ՍՊԸ-ն ներկայացրել էր նոր նախագծի տարբերակ` կառուցապատման ծավալը 50%-ով կրճատված։ 2025 թ. հոկտեմբերի 14-ին ավագանին չի տվել համաձայնություն «ՓԱԲԼԻՔ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ին, քանի որ ավագանու որոշ անդամներ ծանոթ չէին կառուցապատման նախագծին, սակայն մինչեւ դեկտեմբերի 17-ի ավագանու նիստը ուսումնասիրել են եւ ուսումնասիրման արդյունքում տվել են նախնական համաձայնություն։ Նշեմ նաեւ, որ կառուցապատողը դեռ չի ստացել շինթույլտվություն։ Նշված երկու ընկերությունների կողմից ներկայացված ծրագրերի վերաբերյալ ՇՄԱԳ շրջանակներում տեղի է ունեցել հանրային քննարկում»։
Հարց․ «Բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիրների կառուցապատման հետ կապված՝ հաճախ հարցեր են առաջանում, որ տվյալ հյուրանոցի տնօրենը պարտավորվում է կտրած ծառի դիմաց ծառեր տնկել: Ո՞ւմ կողմից է վերահսկվում, թե քանի ծառ է կտրվել, եւ քանիսը՝ տնկվել: Ներկայացրեք, խնդրեմ, թվեր, թե 2024-2025թթ. քանի հատ ծառ է հատվել Ծաղկաձոր համայնքում եւ քանի հատ ծառ է տնկվել (նշել նաեւ ծառատեսակը)»:
Պատասխան. «Ծաղկաձորի համայնքապետարանն օրենքի ուժով չունի իրավասություն՝ արգելելու սեփականատերերին՝ կատարել ծառահատում իրենց իսկ սեփականություն հանդիսացող տարածքում, սակայն սեփականատերերի նախաձեռնությամբ եւ մեր առաջարկությամբ կազմում ենք պարտավորագիր, որպեսզի հատված ծառերի փոխարեն տնկվի եւ 5 տարի ժամկետով խնամվի 5 անգամ ավել ծառ՝ պայմանով, որ կկնքվի պայմանագիր համապատասխան լիցենզավորված կառույցի կամ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ, իսկ վերահսկողություն կկատարի համայնքապետարանը։ Նշեմ նաեւ, որ ունեցել ենք նախադեպ, երբ սեփականատերն իր տարածքում հատել է մոտ 90 հատ ծառ, սակայն իրենց նախաձեռնությամբ՝ համայնքապետարանի հետ համաձայնեցնելով, 2023 թ. ապրիլի 29-ին Ծաղկաձոր քաղաքում տնկվել է 1400 հատ (1200 տեսակի սոճի, 100 տեսակի տուա, 100 հատ եղեւնի՝ սովորական եւ արծաթափայլ) ծառ։ Ավելացնեմ նաեւ, որ համայնքապետարանն իր իսկ նախաձեռնությամբ՝ գրությամբ դիմել է ՀՀ ԱԺ եւ կառավարություն՝ ավելացնելու օրենքի կետ, որպեսզի համայնքն ունենա իրավասություն՝ օրենքի ուժով սահմանափակելու կամ արգելելու ծառահատումը»։