ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ 25 տոկոսանոց մաքսատուրք է սահմանելու այն երկրների հետ առեւտրի նկատմամբ, որոնք առեւտրային գործարքներ կիրականացնեն Իրանի հետ: Հայաստանն Իրանի հետ հարեւան եւ բարեկամ երկիր է, եւ մեր երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը տարեցտարի ավելանում է: 2025 թվականին Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր առեւտրի ծավալների աճով, հայտարարում, որ խնդիր են դրել՝ առեւտրի ծավալները սկզբում հասցնել 1 միլիարդ դոլարի, իսկ հետագայում՝ 3 միլիարդի: Հիմա էլ այդ ծավալը փոքր չէ` 2024 թվականին այն կազմել է 748 միլիոն դոլար, 2025 թվականի առաջին կիսամյակում եղել է 346 միլիոն, ամբողջ տարվա տվյալները դեռ ամփոփված չեն: ԱՄՆ-ի հետ ապրանքաշրջանառությունը գրեթե եռակի պակաս է. 2024 թվականի տվյալներով, այն մոտ 282 միլիոն դոլար է եղել:
Հայաստանը պետք է ընտրություն կատարի Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ. արդյո՞ք ԱՄՆ նախագահի կողմից սահմանվող լրացուցիչ մաքստուրքը պատճառ է, որ Հայաստանը դադարեցնի առեւտուրն Իրանի հետ: Դժվար թե, որովհետեւ մաքսատուրքը սահմանվում է Հայաստանից ԱՄՆ արտահանվող պարանքների վրա, իսկ այդ արտահանումը շատ չնչին է` տարեկան 100 միլիոն դոլարից մի քիչ ավելի, հիմնականում՝ վերամշակող արդյունաբերության արտադրանք` սննդամթերք: Դրա գնորդն էլ ԱՄՆ-ում ապրող հայաստանցիներն են, ովքեր ստիպված կլինեն 25 տոկոս ավել վճարել հայաստանյան ծագում ունեցող մթերք գնելու համար:
Բայց հարցը առեւտուրը չէ, այլ՝ Հայաստան-Իրան, Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները, եւ ընտրությունն էլ կատարվելու է ոչ ամենեւին ատեւտրային նպատակահարմարությունից ելնելով: Հիմա այս երկու երկրներից որն է մեզ բարեկամ, ով՝ թշնամի. բազմավեկտորությունը, կոմպլեմենտարիզմը, փոխլրացումը, «եւ-եւ»-ն այլեւս չի անցնում, մեզ ստիպում են ընտրություն կատարել, մեզ ասելու են, որ պետք է ընտրել բարեկամության եւ թշնամության միջեւ, ավելի ճիշտ՝ մեր փոխարեն ընտրություն են կատարելու, այնպես, ինչպես կատարել են շատ ուրիշների փոխարեն: ԱՄՆ-ն Իրանին համարում է թշնամի երկիր, եւ այդ տրամաբանությամբ՝ այն երկրները, որոնք առեւտուր են անում իր թշնամի երկրի հետ, համարվում են եթե ոչ թշնամի, ապա առնվազն թշնամուն սատարող-աջակցող երկրներ, մանավանդ որ Հայաստան-Իրան ապրանքաշրջանառության մեջ գերիշխում է ներմուծումը, Հայաստանն իրանական ապրանքներ է ներմուծում, փոխարենը վճարելով ամերիկյան դոլարով, ինչի կարիքն Իրանը չափազանց շատ ունի: ԱՄՆ-ն հավելյալ մաքսատուրք է սահմանում Իրանի հետ առեւտուր անող երկրների նկատմամբ՝ դրանք դիտարկելով որպես ոչ բարեկամ երկրներ: ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ թշնամանքը գնալով մեծանալու է, իսկ դա նշանակում է, որ մեծանալու է ճնշումն այն երկրների նկատմամբ, որոնք օգնելու են Իրանին՝ թուլացնելու շրջափակումը, շնչելու թթվածին են տալու:
Իսկ գուցե Հայաստանը տեխնիկապես ի վիճակի չլինի՝ ինքը որոշելու՝ արդյոք իր համար կարեւորը Իրա՞նն է, թե՞ Միացյալ Նահանգները, ինքն Իրանի՞ հետ է ուզում առեւտուր անել, թե՞ ԱՄՆ-ի: Հայաստանի գործող իշխանությունն արդեն թղթով Իրանի հետ իր ցամաքային սահմանը զիջել է ԱՄՆ-ին, այսպես կոչված՝ Թրամփի ուղուն: Թրամփի ուղի կոչվածը Հայաստան-Իրան ամբողջ սահմանագիծն է, իսկ քանի որ ուղու անունը Թրամփի է, ոչ թե Թրամփի եւ Փաշինյանի, նշանակում է, որ հենց Թրամփը` ԱՄՆ-ն է որոշելու, թե այնտեղով ինչ է անցնելու` իրանական ապրանքներ՝ դեպի Հայաստան, Վրաստան եւ Ռուսաստա՞ն, թե՞ Կենտրոնական Ասիայից ապրանքներ դեպի Թուրքիա եւ Եվրոպա: Կարող են ասել, որ ԱՄՆ-ն այդ ուղու միակ սեփականատերը չէ, որ այդ ուղին կառավարելու է հայ-ամերիկյան համատեղ ընկերությունը, եւ Հայաստանի կարծիքը եւս պետք է հաշվի առնվի: Բաժնետիրական ընկերություններում, երբ որեւէ հարցի շուրջ բաժնետերերի շահերի միջեւ հակասություն է առաջանում, միշտ հաղթում է նա, ով ուժեղ է: Հայաստան-ԱՄՆ հարաբերակցության մեջ ուժեղին որոշելը կարծես թե դժվար չէ: Այնպես որ, եթե ԱՄՆ-ն որոշի, որ իրանական ապրանքները չեն կարող հատել Թրամփի ուղին, ուրեմն չեն հատի: Նույնիսկ տրամաբանական էլ չի լինի, որ ԱՄՆ թշնամի Իրանի ապրանքներն անցնեն-հատեն Թրամփի ուղին:
Մի բան էլ. կարող են ասել, որ այս երկընտրանքը ժամանակավոր է, կարճաժամկետ, քանի որ հիմա Իրանում գործընթացներ են գնում, այնտեղ գունավոր հեղաշրջում է կազմակերպվել, եւ այնտեղ իշխանության եկող գունավորները շատ արագ լեզու կգտնեն մեր տեղական գունավորների հետ, քանի որ բոլոր գունավորները ենթարկվում եւ հրահանգավորվում են միեւնույն կենտրոնից: Եթե ամերիկացիները վստահ լինեին, որ Իրանում գունավոր հեղաշրջումը հաղթում է, ԱՄՆ նախագահը չէր հայտարարի՝ Իրանի հետ առեւտուր անող երկրների նկատմամբ 25 տոկոսանոց մաքսատուրք սահմանելու մասին: Եթե հայտարարում է, ուրեմն արդեն այն համոզմանն են, որ գունավոր հեղաշրջումը տապալվել է, իրենց կողմից հրահանգավորվող ուժերը պարտվել են կամ մոտ են պարտությանը: