ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Չախոյան Տարոնը որոշել է իր համակիրներին հիշեցնել, որ «նոյեմբերի 9-ը, ըստ դաշնակների, կապիտուլյացիա էր, բայց առաջարկում են վերադառնալ նոյեմբերի 9-ի փաստաթղթին։ Նոյեմբերի 9-ը, ըստ դաշնակների, հայ ժողովրդի ամենաողբերգական օրերից մեկն էր, բայց առաջարկում են վերադառնալ նոյեմբերի 9-ին։ Սա 130-ամյա դաշնակցության ողջ թշվառությունն է»:
Չնայած դաշնակցական չեմ, բայց չեմ կարող չպատասխանել այդ երիտասարդին, ով, ինչպես երևում է, չի փայլում վերլուծական կարողությամբ: Նախ արձանագրեմ, որ դաշնակցականներին դաշնակ անվանել են բոլշևիկները (կոմունիստները) և մեր ժողովրդի թշնամիները:
Իհարկե, նման անձինք կամ խմբեր եղել են և կան մեզանում, բայց դրանք հատկապես վերջին տարիներին այն խմբերից են, որ հանուն իշխանության ձեռքբերման կամ պահպանման՝ լուրջ խնդիր ունեն հայրենասիրության հետ: Անցնենք առաջ: 2020 թվականի նոյեմբերի 10-ին դրա նախորդ գիշերը ստորագրված եռակողմ հայտարարությունը նման էր անամպ երկնքում պայթած որոտին: Քանի որ, հիշենք, գործող իշխանությունը մեզ 44 օր կերակրում էր «հաղթում ենք» կարգախոսով, իսկ այդ օրը կապիտուլյացիոն ակտ կնքեց թշնամու հետ:
Դա, իսկապես, հայ ժողովրդի նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկն էր: Քանի որ այդ օրը, նախ, զրոյացվեց քառորդ դար առաջ մեր ժողովրդի տարած՝ նորագույն պատմության մեծագույն հաղթանակը: Երկրորդ, Արցախյան հաղթական պատերազմի շնորհիվ ցեղասպանվածի բարդույթը հաղթահարած մեր ժողովուրդը հայտնվեց այնպիսի աննորմալ վիճակում, որ մարդ չէր ցանկանա, որ նման իրավիճակում հայտնվեր նույնիսկ իր թշնամին:
Ինչը նորովի ակտիվացրեց վերը նշված բարդույթը՝ էլ ավելի ծանր հոգեվիճակով: Երրորդ, այդ խայտառակ պարտությունը տեղի ունեցավ երբեմնի «դուխով», իսկ պատերազմի օրերին՝ «չշշկռվելիք գերագույնի» հրամանատարությամբ:
Եթե գտնվի որևէ մեկը, ով դա չհամարի հայ ժողովրդի ամենաողբերգական օրերից մեկը, ապա առնվազն պետք է ստուգել տալ վերջինիս գենոտիպը: Կամ էլ իշխանափոխությունից հետո դատական կարգով բացահայտել վերջինիս շահագրգռվածության հիմքերը:
Իսկ հիմա այն բանի մասին, թե ինչու է դաշնակցությունն առաջարկում վերադառնալ նոյեմբերի 9-ի փաստաթղթին։ Ճիշտ ասած, այդ հարցին կարող է պատասխանել նույնիսկ ավագ դպրոցի, միջին կարողություններով օժտված յուրաքանչյուր աշակերտ:
Բայց քանի որ դա ներկայացվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի կողմից՝ պատասխանեմ նաև այդ հարցին:
Ինչպես արդեն ասել եմ իմ նախորդ հոդվածներից մեկում, նոյեմբերի 9-ի ակտն ամբողջական կապիտուլյացիա չէր: Ինչը պայմանավորված էր ՌԴ նախագահ Պուտինի ջանքերով. այդ հանգամանքն, ի դեպ, պուտինատյացները կա՛մ չեն գիտակցում և կա՛մ թքած ունեն դրա վրա: Հատկապես որ, Արցախն արդեն հանձնված է «մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը» եվրոպական խորհրդի ոգով:
Ինչևէ, փաստաթղթի ստորագրումից հետո պարզ դարձավ, որ վերը նշված «գերագույնը» չի բավարարվել արձանագրված զիջումներով և բանավոր պայմանավորվածությամբ թշնամուն խոստացել է ավելին:
Ինչը ժամանակին հայ ժողովրդին «ագորա» խոստացած անձի կողմից կատարվել է նույն այդ ժողովրդի թիկունքում:
Տարածքային բազմաթիվ զիջումներից հետո հերթը հասավ «Զանգեզուրի միջանցքին»: Լաչինի միջանցքի բալանավորման նպատակով փաստաթղթում ներառված այդ հարցն այնքան ժամանակ տորպեդահարվեց «մեծարգո վարչապետի» կողմից, որ վերջնարդյունքում Արցախը հայաթափվեց: Դրա նպատակը միջանցքի նկատմամբ ռուսական վերահսկողության բացառումն էր: Այդ հանգամանքը հաստատվեց վաշինգտոնյան՝ «երկկողմ գումարած» (ԱՄՆ նախագահի ընթերակա լինելու հանգամանքով) հռչակագրի ստորագրմամբ: Դրանից հետևություն՝ այն, ինչը ռուսական վերահսկողության առումով մատուցվում էր որպես միջանցքի նկատմամբ ինքնիշխանության կորուստ, ամերիկյանի դեպքում դրա ամրապնդումն է:
Ինչևէ, դաշնակցությունն այսօր առաջարկում է վերադառնալ նոյեմբերի 9-ի փաստաթղթին, քանի որ այսօրվա իրողությունների տեսակետից դա չարյաց փոքրագույնն էր: Այնպես որ, այդ երևույթը բացահայտում է ոչ թե 130-ամյա կուսակցության, այլ «մեծարգո վարչապետ» հորջորջվող անձի յոթնամյա կառավարման ողջ թշվառությունը:
Ու քանի գնա, իրավիճակն ավելի է ծանրանալու, ու այսօրվա վիճակն է արդեն ընկալվելու որպես չարյաց փոքրագույն: Եթե, իհարկե, վարչապետի պաշտոնը շարունակի զբաղեցնել պարտության խորհրդանիշ ու պարտությամբ հպարտացող անձը: Ով մի ժամանակ հայտարարում էր, որ մենք մեզ պարտված չենք ճանաչելու՝ ինչ էլ պատահի: Իսկ այնուհետև գիտակցեց, որ ինքը ոչ միայն իրեն պարտված է ճանաչում, այլև հպարտանում է իր պարտությամբ: