Քաղաքականություն

Գյումրու ՔՊ-ական քաղաքապետի թեկնածուները 5-ից շատ են․ ինչ է ասել տիկտոկերը վարչապետին

Գյումրու ՔՊ-ական քաղաքապետի թեկնածուները 5-ից շատ են․ ինչ է ասել տիկտոկերը վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի փրայմերիզ ասվածը մեկնարկել է․ Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնին հավակնելու նպատակով ինքնաառաջադրումը երեկ ավարտվել է։Թեև թեկնածուների վերջնական ցանկն այսօր կհրապարակվի, բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից կարելի է կռահել, որ հայտարարված 5 թեկնածուներից բացի այլ առաջադրվածներ կան։

Հիշեցնենք, որ առաջադրված 5 թեկնածուներն են  ԱԺ ՔՊ-ական պատգամավորներներ Կարեն Սարուխանյանը, Դավիթ Առուշանյանը, Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը՝ նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, Գյումրու ՔՊ-ական ավագանու անդամ Շավարշ Արամյանը եւ ՔՊ-ի մոլի  համակիր, դերասան-երգիչ  Արտյոմ Թումանյանը  Ուշագրավ է, որ վարչապետի հրապարակած երեկվա տեսանյութից երևում է, որ ՔՊ-ական քաղաքապետի թեկնածուի համար առաջադրվել է նաև Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի ղեկավար Սարիկ Մինասյանը, որը նախկինում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ԱԺ պատգամավոր էր։

Ի դեպ, ըստ տեղեկությունների, ինքնաառաջադրվել է նաև Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանի օգնական, ՔՊ-ական Լևոն Անանյանը։ Իսկ ահա տիկտոկեր Դավիթ Քալաշյանը, որի անունը ևս շրջանառվում էր քաղաքապետի թեկնածուների շարքում,  արդեն հանդես է եկել համացանցում ուղիղ եթերով՝ ասելով, որ երեկվա նիստին վարչապետի ներկայությամբ հայտարարել է, թե Գյումրի ՔՊ-ի թիմը 90 տոկոս  դավաճանական է։«Վարչապետի մոտ կարողացա հիմնավորել, թե ինչու եմ այդպես ասում, բայց քանի որ փակ նիստ էր, շատ բան չեմ կարող ասել։Վարչապետի մոտ էլ հարց հնչեց, թե ում վարկանիշն է ավելի բարձր, ես ասացի, որ այսքան ժամանակ Վարդան Ղուկասյանից շատ բան էս քաղաքի համար արած ոչ մեկ չկա»,-ասաց նա՝ նշելով, որ շատերին դուր չեկավ իր ասածը, բայց քանի որ ինքն էությամբ ուրացող անձնավորություն չէ, ուստի բարձրաձայնել է մտածածը։

Հիշեցնենք, որ Գյումրիում ՔՊ-ական քաղաքապետի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին։ 

«Մենք կխնդրենք, որ ՔՊ-ի անդամների, համակիրների, համախոհների շրջանակից առաջադրվեն կամ ինքնառաջադրվեն թեկնածուներ, որոնց քաղաքական որոշակի չափանիշներով կգրանցենք, ոմանց գրանցումը հնարավոր է՝ մերժենք, որից հետո մենք Գյումրիի բնակիչների շրջանում, իհարկե, ոչ բոլորի շրջանում, որոշակի սկզբունքով, ինչ-որ առումով՝ նաև պատահականության սկզբունքով, կիրականացնենք քվեարկություն։
Քվեարկության արդյունքներով հաղթած թեկնածուին կնշանակեմ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար, որը, մեծ հավանականությամբ, կլինի նաև մեր թեկնածուն՝ Գյումրիի ավագանու առաջիկա ընտրություններում»,- օրեր առաջ հայտարարեց վարչապետը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» լրջորեն պատրաստվում է Գյումրիում համոզիչ ներկայացման։ Մեր աղբյուրները տեղեկացրեցին, որ Փաշինյանը հանձնարարել է քվեատուփեր  պատրաստել, որոնք ձեռքներին՝ կշրջեն բակերով, թաղից-թաղ, կթակեն բնակիչների դռները, կկանգնեցնեն անցորդ գյումրեցիներին եւ կառաջարկեն ընտրել իրենց նախընտրած այն  թեկնածուին, որոնք առաջադրվել են ՔՊ-ի կողմից։ Իսկ թափանցիկությունն ապահովվելու է ուղիղ եթերը, որի ընթացքում Փաշինյանն արկղերից հերթով հանելու է եւ ընթերցելու թեկնածուների անուն-ազգանունները։ Կհաշվեն, թե ով որքան ձայն է հավաքել։ Ժողովրդի ընտրությանը կգումարվի նաև ՔՊ վարչության անդամների քվեարկությունը, որից հետո կհայտարարվի Գյումրու քաղաքապետի՝ ՔՊ-ական ժամանակավոր պաշտոնակատարի անունը։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image