Քաղաքականություն

«Հաստատված խաղաղություն» կոչվածի իրական բնույթը

«Հաստատված խաղաղություն» կոչվածի իրական բնույթը

Ինչպես երեւում է, Հայաստանի «մեծարգո վարչապետ» Փաշինյանը փորձում է ՀՀ երբեմնի քաղաքացիներին մոռացնել տալ թշնամական երկրի բռնապետի բնավորության առանցքային գիծը, որն արտահայտված է «Խեղճանամ՝ ոտքերը կընկնեմ, ուժեղանամ՝ վիզը կկտրեմ» առածում, ինչը, բնականաբար, չի կարող կյանքում չունենալ դաժան դրսեւորում: Դրա հետ միասին, 44-օրյա պատերազմում խայտառակ պարտությունից հետո մեզ անսասան կերպով առաջնորդում է հավաքական գուրգենմարգարյանների (2004-ին Հունգարիայում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական դասընթացի ժամանակ ադրբեջանցու կողմից կացնահարված հայ սպան) վերածվելու ուղիով: Այդ ուղու անվանումը «Հաստատված խաղաղություն» դնելով՝ մարդկանց մեջ վախ է սերմանում իր կարգախոսի այլընտրանքի՝ «ոչ խաղաղության» նկատմամբ: Հանուն իշխանության պահպանման նման քաղաքականություն վարելը հարվածի տակ է դնում ոչ միայն հայոց պետականությունը, այլեւ՝ հենց իշխանությունը, ինչը, ոնց գցում-բռնում եմ, չի գիտակցվում ո՛չ նրա եւ ո՛չ էլ վերջինիս մերձակա շրջապատի կողմից:   

Վերը նշված ասացվածքը, իր ուղղակի իմաստից բացի, ունի նաեւ լրացուցիչ՝ ուժեղի նկատմամբ քծնող (շողոքորթ, ստորաքարշ եւ այլն) լինելու իմաստը: Դա էլ դրսեւորվեց ԱՄՆ 47-րդ նախագահ Թրամփի թեկնածությունը Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրելու վերաբերյալ «Ալ Արաբիա» հեռուստաալիքին՝ բռնապետի տված հարցազրույցում: Թրամփը, նրա ասելով, «հրաշք է գործել Աֆրիկայում, Ասիայում եւ Հարավային Կովկասում: Եվ սա նրա բնավորությունն է, սա նրա բնույթն է։ … Նա խաղաղություն է ուզում։ Նա այնքան առատաձեռն էր, որ բոլորին նվերներ էր տալիս… Նա իսկապես մեծ հարգանքի արժանի մարդ է»: Ես, օրինակ, տեսանյութերից մեկում տեսել եմ Թրամփի կողմից Սպիտակ տան 4 տեխնիկական աշխատակիցներին նվեր բաժանելու պատկերը. նվերը «MAGA» գրությամբ գլխարկ էր ու ինչ-որ կրծքանշան:   

Իրականում, եթե ունենար դրա հնարավորությունը, թշնամական երկրի բռնապետը նոկաուտի կենթարկեր Թրամփին, որովհետեւ վերջինս իր քթի տակից փախցրեց այդքան բաղձալի ավարը՝ «Զանգեզուրի միջանցքը», որի համար ինքն այդքան էներգիա էր ներդրել ու իր «ավագ եղբայր»՝ Թուրքիայի նախագահ Էրդողանին էլ համոզել էր, որ միջանցքն իրենց գրպանում է: Ու հանկարծ, չգիտես ինչպես, հայտնվում է ԱՄՆ նախագահն ու ջուրը գցում տարիների իր ջանքերը: Ի դեպ, եթե դա բավական խնդալու էր, ապա նույնը չեմ կարող ասել ՀՀ ՏԿԵ նախարար Խուդաթյան Դավթի հետեւյալ խոսքի առումով. «ՀՀ տարածքում կարող են գործել եւ իրականացվել միայն այնպիսի ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք առաջարկված, ընդունված կամ հաստատված են ՀՀ կառավարության կողմից։ Այդպիսիք են, օրինակ, «Հյուսիս-Հարավ», «Խաղաղության խաչմերուկ», TRIPP ծրագրերը։ Նշված չափանիշին չհամապատասխանող որեւէ անվանումով ենթակառուցվածք ՀՀ տարածքում չի գործելու»։ Դա հնչել է որպես արձագանք թուրքական այն պնդմանը, թե «Զանգեզուրի միջանցք»-ը կամրապնդի Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսական համագործակցությունը։ Սա խնդալու բան կլիներ, եթե չլիներ այդքան լացելու. Խուդաթյանը հերքում է ոչ թե երեւույթն ինքնին, այլ դրա անվանման հանգամանքը, այն անվանման, ինչը համապատասխանում է իրականությանը: Հիշենք նախկինում Նիկոլի ասածը՝ հաղորդակցությունների ապաշրջափակման անունն Ադրբեջանում կդնեն միջանցք:
Ինչ վերաբերում է Դոնալդ Թրամփի՝ մեծ հարգանքի արժանի մարդ լինելուն, ապա դա ես արձանագրել եմ դեռեւս 2024-ի ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավի սկզբում: Երբ վերջինս աներկբայորեն հայտարարեց, որ բնականորեն առկա է ընդամենը երկու սեռ՝ տղամարդ ու կին: Որ ինքը վերջ է դնելու ԱՄՆ-ում լայնորեն տարածված ներառականության ծայրահեղ աննորմալ դրվածքին: Հենց միայն դա բավարար է, որպեսզի Թրամփի անունը ոսկե տառերով գրվի ԱՄՆ պատմության մեջ: Որովհետեւ դեմոկրատների կողմից, հանուն իշխանության պահպանման, ներառականության քարոզն ու այն պետական քաղաքականության հիմնասյուն դարձնելն ի վերջո հանգեցնելու էին բարքերի անկման ու արեւմտյան քաղաքակրթության ամբողջական այլասերման: Ճիշտ այնպես, ինչպես դա տեղի ունեցավ Հռոմեական կայսրության հետ, ինչն էլ դարձավ Հին Հռոմի կործանման պատճառը:

ՀԳ. TRIPP-ը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» ծրագրի անգլերեն անվանման հապավումն է:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image